ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուպեր տեսակի բենզինի գինը Հայաստանում սրընթաց աճում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 520 դրամով, իսկ Պրեմիումը՝ 540 դրամով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում սուպեր տեսակի բենզինի գինն է սրընթաց աճում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 850 դրամով։

Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ, հունիսի 27-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.47 դոլար կամ 604 դրամ:

Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ:

Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 185 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 300 դրամ, Ռուսաստանում՝ 395 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է 341 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով:

Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը ավելի քան 21 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը մեծ քանակությամբ բենզին է ներկրել: Սակայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն օրեր առաջ հայտարարեց, որ Իրանը վերջին շրջանում դիզվառելիք եւ բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, իսկ դիզվառելիքի եւ բենզինի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանի Դաշնությունից։ Հարցին, թե ինչու է Հայաստանում դոլարի փոխարժեքը նվազում, բայց բենզինի գները շարունակում բարձր մնալ, Գեւորգյանն արձագանքել է՝ նշելով, որ դիզվառելիքի գների վրա ազդում է ոչ միայն դոլարի փոխարժեքը. «Դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է»:

Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունները մշտապես արդարանում են, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը տեւական ժամանակ է, ինչ նվազում է, բայց բենզինի բարձր գինը դեռ շարունակում է պահպանվել:

Օրինակ՝ այսօրվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 401 դրամ է, վաճառքինը՝ 410-411 դրամ: Հիմա էլ՝ դիզվառելիքի բորսայական արժեքն է բարձր: Չի բացառվում, որ երբ այն նվազի, մեզ մոտ՝ Հայաստանում, բենզինը դարձյալ չի էժանանա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս