«ԵՐԱԶ ԷԻ ՏԵՍԵԼ, ՈՐ ԱՂՋԻԿ ԵՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասանուհի Նոնա Գրիգորյանը, որը վերջերս է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նշել է 35-ամյակը: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է ծննդյան անակնկալի, 9 տարվա դադարից հետո կրկին մայրանալու եւ դստեր արձագանքի մասին:

 

«Տարեդարձս նշեցինք մեր հին եւ նոր ձեռք բերած, շատ հարազատ դարձած ընկերների հետ: Այդ օրվա ամենամեծ անակնկալն ինձ համար  մեր երկրորդ բալիկի սեռը իմանալն էր: Դրանից երկու շաբաթ առաջ երեխայի սեռը գիտեր իմ քույրը, որը նույնպես այստեղ է բնակվում, ինձ առաջարկեց նման գեղեցիկ ձեւով իմանալ երեխայիս սեռը, ինչին ես սիրով համաձայնեցի: Մեզ համար էլ էր շատ հետաքրքիր, քանզի այն համընկավ հենց իմ տարեդարձի հետ, եւ Էլվիայիս նույնպես դուր կգար»,-նշեց դերասանուհին:

Նոնան մեզ հետ զրույցում  անդրադարձավ նաեւ ինը տարվա դադարից հետո կրկին մայրանալու որոշմանը, քանի որ շատերին է դա հետաքրքիր. «Կմանրամասնեմ ինը տարվա դադարի մասին, որպեսզի տարատեսակ քննարկումներից եւ եզրակացություններից զերծ մնանք: Երբ մեր ընկերները եւ բարեկամները հարցնում էին, թե ինչու երկրորդ զավակ չենք ունենում, մենք նայում էինք իրար, ժպտում եւ ասում՝ վա՛յ, մոռացել էինք, գործով էինք ընկել, եւ իրոք այդպես էր: Մայրիկս էլ աղջկաս հարցում ինձ լիապես աջակցում էր, եւ ես շատ հանգիստ էի, արդյունքում տարիներն այնպես թռան, ինքներս էլ չհասկացանք»:

Նոնայի խոսքով՝ երկրորդ երեխայի մասին սկսել է մտածել կորոնավիրուսի, ապա պատերազմի օրերին:

«Եթե անկեղծ, երբ պատերազմը սկսվեց Հայաստանում, այդ ժամանակ առավել սթափվեցի, եւ ես ու ամուսինս միանշանակ որոշեցինք, որ մենք նույնպես պետք  է չբավարարվենք մեկ զավակով, եւ հայը պետք է լինի աշխարհում շատ: Մենք երբեք հատուկ նախապատվություն սեռի հետ կապված չենք ունեցել, քանի որ մեզ համար կարեւորը զավակն է, հայն է եւ առողջ բալիկ լինելն է: Եվ Աստված մեզ պարգեւեց  եւս մեկ աղջիկ, որի համար մենք շատ ուրախ ենք: Դա իմ աղջկա երազանքն էր, քանի որ քույրիկ ունենալու համար ամեն օր էր աղոթում: Չգիտեմ, հայկական մենթալիտետից է, թե ոչ, ովքեր ինձ տեսնում են, ասում են՝ տղա ես ունենալու: Պատերազմից հետո տղաներ են ավելի շատ ծնվում, չգիտեմ՝ ինչու,  միտքս գնաց տղայի վրա, բայց իրականում ես երազ էի  տեսել, որտեղ ինձ ասում են, որ աղջիկ եմ ունենալու, իսկ իմ երազները միշտ իրականանում են: Սկզբում որոշել էինք տղայի անուն, եւ մի օր էլ հասկացա, որ մենք աղջկա անուն չենք մտածել, ու շատ էի ուզում, որ աղջիկ լինի, քանի որ ես աշխատանքիս պատճառով շատ եմ բաց թողել դստերս մանկությունը ու հիմա ուզում եմ լրացնել այդ բացը: Իհարկե, հիմա չեմ ասի, թող գաղտնիք մնա մինչ երեխայիս լույս աշխարհը գալը»,-մեզ հետ զրույցում եզրափակեց դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՄԱԼԹԱՅՈՒՄ Է

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Բասկետբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մալթայի Տա-Քալի քաղաք՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Նշենք, որ Հայաստանն առաջնության B ենթախմբում է, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի եւ Ջիբրալթարի ընտրանիների հետ: Հավաքականի կազմում Մալթա են մեկնել 11 բասկետբոլիստներ: Քրիս Ջոնսը հավաքականին կմիանա հունիսի 29-ին:  Հաջորդիվ` հունիսի 29-ից սկսած, Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվում է Մալթայում: Հունիսի 29-ին կկայանան Ջիբրալթար-Հայաստան, հունիսի 30-ին` Հայաստան-Սան Մարինո հանդիպումները: Խմբային փուլից հետո՝ հուլիսի 1-ից սկսած, կմեկնարկեն քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչների եւ եզրափակիչի խաղերը:

 

 

 

ՊԱՐՏՎԵԼ ԵՆ

Հայաստանի թենիսի տղամարդկանց ազգային հավաքականը մասնակցել է Չեռնոգորիայում անցկացված աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դեւիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու մրցաշարին: Հայաստանի պատվիրակները պարտվել են Վրաստանի, Կիպրոսի հավաքականներին, իսկ Լյուքսեմբուրգի թիմին հաղթել են: Արդյունքում մեր թենիսիստները երրորդ խմբից նահանջել, իջել են չորրորդ խումբ: Գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը թիմում ընդգրկել էր Միքայել Ավետիսյանին, Սեդրակ Խաչատրյանին, Հենրիկ Նիկողոսյանին, Աշոտ Մկրտչյանին եւ Ռոբերտ Եդիգարյանին։

 

 

 

10-ԱԿԱՆ ԸՄԲԻՇՆԵՐ

Հայաստանը Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում ներկայացնում են «դասականների» եւ «ազատ ոճայինների» 10-ական ըմբիշներ: Երկու հայ ըմբիշներ Հռոմում կպայքարեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում պարտվեց իր մրցակցին՝ 1:3:

55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը պարտվեց ռումինացի մրցակցին: Հայ մարզիկը հանդես եկավ վնասվածքով, որն իրեն զգացնել տվեց կիսաեզրափակիչ մենամարտում: Հոմերոսը բժիշկների ուղեկցությամբ լքեց «մարտի դաշտը»։ Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Հռոմում հունիսի 27-ից հուլիսի 3-ը: Հայաստանը ներկայացնում են հունահռոմեական եւ ազատ ոճի 10-ական ըմբիշներ:

 

 

 

ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է

Երեւանի «Ալաշկերտը» շարունակում է համալրել կազմը: Կոնֆերենցիաների լիգային նախապատրաստվող «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել կոլումբիացի երկու փորձառու ֆուտբոլիստների հետ: 30-ամյա վինգեր Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն հանդես է եկել կոլումբիական Պրիմերայի մի շարք ակումբներում («Էնվիգադո», «Ինդեպենդիենտե Մեդելին», «Ատլետիկո Բուկարամանգա», «Օնսե Կալդաս», «Դեպորտիվո Պերեյրա»), ինչպես նաեւ Ուրուգվայի Պրիմերայի «Ռամբլա Ջունիորս» եւ բուլղարական «Բոտեւում»: Բուրբանոյի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայի «Ագիլասն» էր, որի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ 29-ամյա հարձակվող Բլադիմիր Դիասը հանդես է եկել Կոլումբիայի, Թաիլանդի, Գվատեմալայի եւ Սալվադորի բարձրագույն խմբերի մի շարք ակումբներում՝ հեղինակելով ավելի քան 100 գոլ: «Ալաշկերտի» նորեկ ռմբարկուի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայում հանդես եկող ՖԱՍ-ն էր, որի կազմում 9 գոլ է խփել ավարտված առաջնության 21 հանդիպումներում։

 

 

 

ՔՆՆԱԴԱՏԵԼ Է

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, հոլանդացի Ռոնալդ Կումանը քննադատել է իսպանացի Չավիի գլխավորած թիմի խաղաոճը՝ համարելով այն ոչ ժամանակակից։ «Ես կողմ եմ խաղի մեջ գերիշխելուն։ Ֆուտբոլը փոխվել է, իսկ «Բարսելոնան» ապրում է անցյալով՝ 4-3-3 դասավորություն, տիկի-տակա։ Այս ամենն անցյալում է։ Հիմա ֆուտբոլն ավելի արագ է եւ տեխնիկապես հագեցած։ Հնարավոր չէ ապրել անցյալով»,- ասել է Կուման: Կումանը «Բարսելոնան» գլխավորել է 2020թ. օգոստոսից մինչեւ 2021թ. հոկտեմբեր։ 2023թ. հունվարին նա Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի Լուի վան Գալին։

 

 




Լրահոս