ԴԱՎԹՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին, ում խորհրդարանի մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էր առաջադրել: ArmLur.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի գործող դատախազի՝ Արթուր Դավթյանի աշխատանքը, ԱԺ ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ինքս բավարար եմ գնահատում, թեեւ ընդհանուր աշխատանքից դժգոհություններ կան ու կշարունակեն դեռ լինել»:

 

-Հասարակությունը հերթական անգամ մեղադրում է իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարում է, թե Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ:

-Այն, ինչ որ արդեն ասվել է վարչապետի կողմից, դրանից ավել ես մեկնաբանել չեմ կարող:  Ինչ հայտարարվել է, դա է:

-Գլխավոր դատախազի թեկնածուի հարցն է քննարկվում Ազգային Ժողովում, մինչդեռ այս հարցը կարող էր սեպտեմբեր  ամսին քննարկվել: Հրատապություն կա՞  մինչեւ սեպտեմբեր դատախազ ընտրելու:

-Հապշտապություն չկա, բայց քանի որ արդեն գլխավոր դատախազի թկենածուն պարզ էր, նպատակահարմար գտանք, որ հիմա պետք է ընտրության գործընթացը սկսենք: Որեւէ հապշտապություն չկա, մենք ունենք արդեն թեկնածու, հետեւաբար երկարացնելու իմաստ չկա: Ինչ տարբերություն՝ հիմա ենք սկսել ընտրության գործընթացը, թե սեպտեմբեր ամսին:

-Մտավախություն կա՞ր, որ մինչեւ սեպտեմբեր ինչ-որ բան կարող է փոխվել:

-Որեւէ մտավախություն չկար: Նորից եմ ասում՝ տարբերություն չկա՝ հիմա ենք սկսել ընտրելու գործընթացը, թե սեպտեմբերին:

-Արթուր Դավթայնը կարող էր երկրորդ անգամ էլ առաջադրվել, օրենքը թույլ էր տալիս դա, բայց, փաստորեն, իշխանությունը հակված էր Աննա Վարդապետյանի թեկնածությանը: Ինչո՞ւ չցանկացան Արթուր Դավթյանի հետ համագործակցել:

-Ես չեմ կարող ասել, որովհետեւ իրավական դաշտն այնպիսի դաշտ է, որ նեղ մասնագիտական է: Ես հիմա չեմ կարող պատճառներ բերել, թե  ինչու Աննա Վարդապետյանը եւ ոչ թե Արթուր Դավթյանը:

-Կողքից հայացք նետելով՝ այս տարիներին Արթուր Դավթյանի աշխատանքից գո՞հ եք:

-Բնականաբար դժգոհություններ կան, եւ բնական է, որ միանգամից Աննա Վարդապետյանի ընտրվելուց հետո չեն դադարի լինել դժգոհություններ: Բնականաբար, կշարունակվեն դժգոհություններ լինել, բայց, ընդհանուր առմամբ, Արթուր Դավթյանի աշխատանքը ես ինքս  բավարար եմ համարում:

-Նիկոլ Փաշինյանի մտերիմ անձն է համարվում, դրա՞ համար առաջադրվեց հենց նրա թեկնածությունը:

-Աննա Վարդապետյանը ե՛ւ խմբակցության հանդիպման ժամանակ, ե՛ւ հանձնաժողովում քննարկման ժամանակ ի ցույց դրեց իր մասնագիտական կարողությունները հանրության առջեւ: Այդ թիմում՝ նեղ մասնագետների մոտ, ցույց է տվել իր մասնագիտական կարողությունները: Հավատարմությունը մի կողմ դնենք. այս պաշտոնում պետք է նշանակվի վստահելի անձ:

-Ո՞ւմ համար վստահելի, իշխանությա՞ն համար:

-Ոչ, հանրության կողմից վստահելի անձ, իսկ Աննա Վարդապետյանն այդպիսին է:

-Պարո՛ն Հակոբյան, խորհրդարանը շուտով կավարտի այս նստաշրջանի աշխատանքները եւ կմեկնի հանգստի: Այս մեկ տարվա մեջ բավականին բուռն գործողություններ՝ հաճելի եւ տհաճ, եղել են խորհրդարանում: Այդ կիզակենտրոնում նաեւ Դուք եք հայտնվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք խորհրդարանի աշխատանքը:

-Այո՛, բավականին ծանրաբեռնված է եղել: Արդյունքների մասին կմեկնաբանի մեր հանրությունը եկող ընտրությունների ժամանակ:

-Ըստ Ձեզ՝ ընդհանուր առմամբ արդյունավե՞տ էր:

-Մեծ հաշվով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս մեկ տարվա ընթացքում աշխատել է՝  ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ

Երեկ խորհրդարանում քննարկվում էր գլխավոր դատախազի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է:

 

Ըստ հայտարարագրի՝ 2019 թվականին Վարդապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ունի մեկ բնակարան: Նա այն նվեր ստացել է 2014 թվականին: Բանկային հաշվին առկա մնացորդները կազմել են 322 հազար դրամ, 15 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը. օրինակ՝ Արդարադատության նախարարությունից նա ստացել է ընդհանուր 9 մլն 782 հազար դրամի չափով աշխատավարձ, երբ փոխնախարար էր: Երեւանի պետական համալսարանից ստացել է 1 մլն 124 հազար դրամ, իսկ Եվրոպայի խորհրդից՝ 1500 եվրո: Առեւտրային բանկերից մեկից նա մոտ 1 մլն 550 հազար դրամի չափով փոխառություն, վարկ է վերցրել: Իշխող խմբակցության թեկնածուի 2020 թվականի տարեկան հայտարարագրի տվյալներով՝ դրամական միջոցները կազմել են 660 հազար դրամ եւ 15 եվրո, իսկ կանխիկ գումարը՝ 1.5 մլն դրամ: Նշված տարում Աննա Վարդապետյանը 4 վայրից աշխատավարձ է ստացել. ՀՀ վարչապետի աշխատակազմից նա ստացել է ընդհանուր 8 մլն 855 հազար դրամ աշխատավարձ, Երեւանի պետական համալսարանից՝ 976 հազար դրամ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից՝ 4 հազար 215 դրամ, իսկ «Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամից՝ 164 հազար դրամ: Բացի այս, նա 59 հազար դրամի չափով նվեր է ստացել, իսկ 750 հազար դրամ էլ որպես փոխառություն՝ բանկերից մեկից: Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ Վարդապետյանի բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է ավելի քան 210 հազար դրամ եւ 15 եվրո: Նրա կանխիկ դրամն է ավելացել՝ տարեսկզբին 1 մլն 500 հազար դրամից դառնալով 4 մլն 500 հազար դրամ: Նախորդ տարի ամսական ստացել է 871 հազար դրամ աշխատավարձ, իսկ ԵՊՀ-ից՝ 624 հազար դրամ: Բանկերից մեկից ստացել է 3 մլն դրամի չափով փոխառություն, վարկ: Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 1 մլն 216 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նաեւ 2021 թվականի ծախսերի հայտարարագիրը, որտեղ նշված է, որ 3 մլն դրամ ծախսել է բնակարանի վերանորոգման համար: Վարդապետյանի ամուսինը՝ Մամիկոն Գեւորգյանը, 3 բնակարան ունի, երեքն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում: Նշենք, որ դրանք ձեռք է բերել 2007, 2011 եւ 2013 թվականներին: Վարդապետյանի ամուսինն ունի մեկ ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության Mercedes, որը գնել է 2014 թվականին: Բանկային հաշվին առկա մնացորդը 2021 թվականին կազմել է 12 հազար դրամ, 2514 դոլար եւ 2773 եվրո, կանխիկ գումարը՝ 4 մլն 500 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Վարդապետյանի ամուսինն աշխատավարձ ստացել է փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ Արմենիա» ընկերությունից՝ ընդհանուր 3 մլն 553 հազար դրամ: Նրա ստացած փոխառությունը կազմել է 51 հազար դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդապետյանի ամուսինը 2017 թվականին բնակարան է վաճառել 15 մլն 360 հազար դրամով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳԻՆԸ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ

Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 520 դրամով, իսկ Պրեմիումը՝ 540 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում Սուպեր տեսակի բենզինի գինն է սրընթաց աճում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 850 դրամով։ Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ, հունիսի 27-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.47 դոլար կամ 604 դրամ:

Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 185 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 300 դրամ, Ռուսաստանում՝ 395 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է 341 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով: Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը ավելի քան 21 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը մեծ քանակությամբ բենզին է ներկրել: Սակայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն օրեր առաջ հայտարարեց, որ Իրանը վերջին շրջանում դիզվառելիք եւ բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, իսկ դիզվառելիքի եւ բենզինի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանի Դաշնությունից։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունները մշտապես արդարանում են, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը տեւական ժամանակ է, ինչ նվազում է, բայց բենզինի բարձր գինը դեռ շարունակում է պահպանվել: Օրինակ՝ այսօրվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 401 դրամ է, վաճառքինը՝ 410-411 դրամ: Հիմա էլ դիզվառելիքի բորսայական արժեքն է բարձր: Չի բացառվում, որ երբ այն նվազի, մեզ մոտ՝ Հայաստանում, բենզինը դարձյալ չի էժանանա:

 

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է

Նախօրեին ձերբակալվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը, օպերգծով տեղակալ Մհեր Բուդաղյանը, քրեականի պետ Խաչատուր Ավագյանը: Քննիչները միջնորդություն են ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝  դատարանը մերժել է կոմիտեի միջնորդությունը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝  մի  կալանավոր հաղորդում է տվել հանցագործության մասին եւ հայտնել, թե ոստիկանապետն ու մյուս պաշտոնյաները ստիպել են գողության դեպքը վերցնել իր վրա, թե, իբր, ինքն է արել, ինչի արդյունքում իրեն կալանավորել են, մինչդեռ նա չի արել այդ հանցագործությունը:

 




Լրահոս