ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆԱԿ Է ԹՈՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին կառավարությունը միայնակ է թողել. Քարվաճառի հանձնումից մոտ 1,5 տարի է անցել, իսկ քաղաքացիների ահազանգերին լուծում չկա: Դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ առանց փամփուշտի Քարվաճառի հանձնումից շատ չանցած՝ նախանշվեցին Վարդենիս-Քարվաճառ հատվածում գտնվող օբյեկտների (հյուրանոցներ, հյուրատներ, սննդի կետեր, բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ եւ այլն) առաջիկա ֆինանսական լրջագույն խնդիրները։ Նախկինում Վարդենիս-Քարվաճառ գործող ցամաքային կապի պայմաններում նշված օբյեկտներն ուղղակիորեն կրում էին այս ռազմավարական  երթուղու դրական ներգործությունը. Հայաստանը ցամաքային այս ճանապարհով կապվում էր Արցախին, ուստի զարգանում էր բիզնեսը, մարդկանց կենսամակարդակն էր բարելավվում՝ դրանից բխող բոլոր արդյունքներով։

 

Քարվաճառը հանձնվեց, եւ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, առ այսօր Արցախը շարունակում է մնալ շրջափակված, քանզի Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը փակ է, եւ տեղի մեր քաղաքացիներն իրենց կամքից անկախ ծանրագույն ֆինանսական խնդիրների առաջ են հայտնվել։

Դեռ 2020թ. նոյեմբերին հրատապ նամակ ուղարկեցի ՀՀ վարչապետին՝ առաջարկելով քննարկել նշված խմբի մեր հայրենակիցներին որեւէ տարբերակով օժանդակելու հարցը։ Մարդիկ չէին կարողանում վարկերի ամսական գումարները մարել, ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները հոգալ։

Կառավարությունը մոտ 100 օր լռեց։ Վերջապես 2021թ. գարնանը ստացա պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաձայն որի՝ նախնական գնահատականով ուսումնասիրության արդյունքների հիման վրա Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունը կրճատվել է 80 տոկոսով։ Միաժամանակ նախարարությունից հայտնեցին, որ աջակցության գործիքակազմի ձեւավորման վերաբերյալ առաջարկ հնարավոր կլինի ներկայացնել միայն ամբողջ ծավալով ուսումնասիրության եւ գնահատման արդյունքում։

Թերեւս կարելի է ենթադրել, որ նախարարությունը ավելի քան 1 տարի է՝ քննարկում է այս հարցը, քանի որ կրկին ստանում եմ ահազանգեր մեր շահագրգիռ քաղաքացիներից, որ Քարվաճառը հանձնեցին, լրջագույն ֆինանսական խնդիրներ առաջացրին իրենց համար եւ միաժամանակ իրենց միայնակ թողեցին այդ ծանր վիճակում։

Տեսնելով, որ քաղաքացիների բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն իրականացվում՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ՝ 2021թ. մայիսին, համապատասխան հարց ուղղեցի ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանին՝ շեշտադրելով, որ այդ օբյեկտների մի մասը վարկային միջոցներով է ձեռք բերվել, եւ մարդիկ այս վիճակում երկար մնալ չեն կարող։ Ն. Փաշինյանը հայտնեց, որ սկսել են ծրագիր, որը վերաբերում է Սեւանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը, եւ, իր հիշելով, այդ աշխատանքը 2021-ին կավարտվի։ Միաժամանակ Ն. Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն այդտեղ, եւ շրջանառությունները ոչ միայն կվերականգնվեն, այլեւ կավելանան։

Քաղաքացիները Ն. Փաշինյանի համոզմունքը լսեցին, եւ չնայած թերահավատ էին, ընդունեցին ի գիտություն, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, դրանք մնացին զուտ համոզմունքներ։ Իրականության մեջ մեր այս հայրենակիցները բավականին ծանր վիճակում են արդեն շուրջ 1,5 տարի։

Ի տարբերության ՀՀ կառավարության՝ բանկերը մեր քաղաքացիների կողքին կանգնեցին եւ շատ դեպքերում բավարարեցին նրանց աջակցելու իմ մի շարք խնդրանքները։ Եղան որոշ ժամանակավոր լուծումներ, բայց պետք է ընդունել, որ մասնավոր սեկտորը միայնակ ի վիճակի չէ մշտապես իր վրա կրել Քարվաճառի հանձնման հետեւանքով առաջացած այս ծանր բեռը։

Պետական մակարդակով գործուն քայլերի անհրաժեշտություն կա։ Հերթական գրությունն եմ պատրաստում ՀՀ վարչապետին։ Հիշե՛ք, Վարդենիսը թուրքից 2-3 կմ հեռավորության վրա է հայտնվել, պետք է օժանդակել այդ ծանր վիճակում բիզնես իրականացնող մեր հայրենակիցներին։ Հետեւողական եմ լինելու»։

Ն. Հ.

 

 

 

 

ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում: Արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի եւ կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները եւ բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն եղել մաքուր եւ նորոգ, չի եղել խոնավ մաքրման եւ ախտահանման հնարավորություն, բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ կրակոցներ են հնչել Երեւանում. ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում, եւ ըստ ահազանգողի՝ հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։ Պարզվել է, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը՝ ժամը 06։30-ի սահմաններում, Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։ Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարել, եւ ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով իրենց կողմից հայտնաբերված Էդգար Մ-ին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հրացանը հայտնաբերվել է։

 

 

 

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԿՕԳՏՎԵՆ

Շուրջ 600 թիկունքային կօգտվի ամենամսյա պարգեւավճար ստանալու իրավունքից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վետերանը կստանա ամենամսյա պարգեւավճար՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ չափով: Վետերաններն ունեն նաեւ ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկության իրավունք: Նշենք, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 96 է: Ըստ նախնական հաշվարկների, թիկունքայիններին ամենամսյա պարգեւավճար տրամադրելու համար կպահանջվի 21,6 մլն դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 600 անձի ամսական կտրվի 3000 դրամ: Պարգեւավճարի չափը նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ։ Ի դեպ, վետերանների համար նախատեսված ամենամսյա պարգեւավճար ստանալու եւ ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկության իրավունքը տարածվում է նաեւ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում աշխատելու համար «1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» նախկին ԽՍՀՄ մեդալով պարգեւատրված անձանց վրա նշված մեդալի վկայականի կամ այդ մեդալով պարգեւատրված լինելը հավաստող արխիվային փաստաթղթի առկայության դեպքում:

 

 

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԸ ԿԱԽՎԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Մարտունիում 14 տարեկան անչափահաս երեխան ինքնասպան է եղել: Վերջինս ինքնասպան է եղել՝ անասնագոմում հակի թելով առաստաղից կախվելով: Դժբախտաբար պետք է նշենք, որ վերջին շրջանում ինքնասպանությունների դեպքերը շատացել են, այդ թվում՝ անչափահասների շրջանում:

 

 




Լրահոս