«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Սյունիք. ինչ են արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մարտ ամսին Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկեր կազմելու նպատակով։ Պատգամավորներին ուղեկցել է պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։ Այս մասին հայտնում է «Հայաստան դաշինք»–ի ֆեյսբուքյան էջից։

«Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի և համայնքային պաշտոնյաների հետ պատգամավորներն այցելել են Ներքին Հանդ եւ Շիկահող համայնքներ, հանդիպել բնակիչների հետ։ Վերջիններս ներկայացրել են տիրող իրավիճակը, իրենց մտահոգությունները։ Հատկապես Ներքին Հանդում բնակիչները մտահոգություն են հայտնել 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին թշնամու առաջխաղացումների առիթով, որը լուրջ անվտանգային սպառնալիք է դարձել բնակավայրի, ինչպես նաեւ՝ հայ դիրքապահների համար։

Տեղում կատարված դիտարկումներից անգամ պարզ է դարձել, որ հակառակ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ազգային ժողովում արված հայտարարությունների, վերջին ամիսներին Ներքին Հանդում թշնամու առաջխաղացում է եղել, սակայն հնարավոր էր այն արգելակել ու թույլ չտալ հավելյալ սպառնալիքներ ստեղծել անվտանգային համակարգի համար:
Պատգամավորները, ափսոսանք հայտնեցին, որ, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, տեղում իրավիճակը քննարկելու համար այդպես էլ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները չէին մասնակցել այցին եւ տեղում ներկայացրել իրենց հիմնավորումները։

Հարցը մնում է բաց, ու արձանագրելի է, որ Ներքին Հանդի հատվածում եւս 2022 թվականի գարնանը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածք թշնամու առաջխաղացում, որն այդպես էլ չի կասեցվել։

Այցից հետո առավել քան պարզ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ մոռացության տրվեն իրենց անգործության հետեւանքով խայտառակ զիջումներն ու նահանջները եւ կարեւոր է նման այցերով, հարցապնդումներով բարձրաձայնել իրավիճակն ու թույլ չտալ կեղծիքով քողարկել մեր երկրին սպառնացող վտանգները»,–նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս