ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի ժամանակ «ռացիա»-ով արված խոսակցություններն անհետացել են. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքով հարազատները եւ պաշտպանական կողմը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել եւ այդ հանգամանքն իրենց կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Իսկ ինչ կարեւոր ապացույցների չտրամադրման կամ ոչնչացման մասին է խոսքը:

Մասնավորապես վթարի ժամանակ անվտանգությունը հատուկ կապ միջոցներով՝ ռացիաներով, միմիյանց հետ կապ են հաստատում՝ նշելով, թե օրինակ «մարդ գցեցինք տակը», «ինչ է ասում ճանապարհային ոստիկանության տեսուչը», «ինչ անել»: Արդյունքում սկսվում է խոսակցություն, թե ինչ անել՝ կանգնել, թե շարունակել, ինչ է հրահանգում վարչապետը, ինչ անել: Ասել է, թե վթարի ժամանակ այս եւ այլ օրինակ խոսակցություններ են եղել հատուկ կապի միջոցով, ինչպես վարչապետի ավտոշարասյան ղեկավարի կազմի, այնպես էլ ՃՈ տեսուչի միջեւ, որն ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել կամ ինչպես պաշտպանական կողմն է պնդում՝ այս ամենը ընկալվում է որպես ոչնչացում:

Դատելով իրավիճակից՝ հատուկ կապի ժամանակ այնպիսի խոսակցություններ են եղել, որն իրավապահ համակարգը նախընտրել է չտալ քննիչին կամ ոչնչացնել` հետագայում այլ խնդիրներից զերծ մնալու համար: Եթե հատուկ կապի ժամանակ լիներ այնպիսի խոսակցություն, որից չէին կաշկանդվի իրավապահ մարմինները, մեղադրյալը եւ ՀՀ վարչապետը, ապա փաստ է մեկ բան, որ այն կհրապարակեին հասարակության զայրույթը մեղմելու,  վարչապետի ավտոշարասյան մեղքը թեթեւացնելու համար:

Հիշեցնեք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվեց Սոնա Մնացականյանը եւ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ: Ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։

«Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաև էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ այդ մասով իր առարկություններն ու եզրակացությունը դատախազն արդեն կալանքի վերաբերյալ նիստին ներկայացրել է դատարանին։

Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում. «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ որևէ ապացույց այս գործով չի ոչնչացվել։

Ու մինչ կողմերը պայքարում են հանուն արդարության, ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին: նրանք կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ եւ այլ կոնկրետ հարցադրումներ:

Իրավիճակը մտահոգում է նաեւ Սոնա Մնացականյանին հարազատներին, որոնք իրենց հերթին եւս կոնկրետ քայլերի են գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին` Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագին եւ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին:

Ի վերջո ինչ կպատասխանի ՀՀ Ազգային ժողովը Գերմանիայի Բունդեսթագին, հետևենք զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս