Հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 13:54-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կարող են լինել նոր ցնցումներ, սակայն անհանգստանալու և խուճապի մատնվելու հիմքեր չկան:
Հիշեցնենք՝ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ին, ՀՀ տարածքում գրանցվել էր առաջին երկրաշարժը, որի ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ:
Այս ցնցումից քիչ հետո՝ ժամը 09:10-ին, գրանցվել էր 5 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ, որից մեկ ժամ անց՝ ժամը 10:14-ին, գրանցվել էր երրորդ երկրաշարժը, որի էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3-4 բալ: