ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 44

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միանշանակ է, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը եւ դառնան նախարարություններ: Իհարկե, սրա համար որոշակի օրենսդրական ու սահմանադրական դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելի են»,- 2018-ի մայիսի 1-ին հայտարարում էր դեռ այն ժամանակ վարչապետի թեկնածու, Ազգային ժողովի  ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունից հետո, սակայն, մեկ տարի անց, երբ հնարավորություն կար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ եւ բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ, դրանք թողնվեցին վարչապետի ենթակայության տակ, ու այն ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Այո, մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ: Նպատակահարմար չենք համարում՝ հաշվի առնելով թե՛ մեր, թե՛ այլ երկրների փորձը»: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքերը որոշ ժամանակ անց նաեւ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ հայտարարելով, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո. «Բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է: Ոստիկանության դեպքում ի՞նչ է նշանակում նախարարություն. նշանակում է՝ դրա ղեկավարը պետք է լինի քաղաքական դեմք, ու դրանից բխում է, որ այդ կառույցը կուսակցականացվելու է»:

2018-ի իշխանափոխությունից 4 տարի անց, սակայն, չնայած իշխանավորների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության մասին արած տարաբնույթ  հայտարարություններին, ոչինչ էլ չի փոխվել, ու ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը նախարարություն չեն դարձել: Ստացվում է՝ ուժայինները նախարարությունների վերածելու մասին հայտարարությամբ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

 

 

ԵՄ-ն ուշադիր հետեւում է առանցքային դատական ինստիտուտների գործունեությանը, ինչպիսին է Բարձրագույն դատական խորհուրդը, եւ պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին աջակցել Հայաստանի իշխանություններին բարեփոխումներից բխող մարտահրավերներին դիմակայելիս:  Այս մասին ասվում է՝ Հայաստանում ԵՄ դեսպանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթի ուղարկած հարցին ի պատասխան: Օրաթերթը դիմել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիին եւ խնդրել իր տեսակետը ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության մասին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե որքանով է այն համապատասխանում անկախ դատական համակարգ ունենալու մասին հայտարարություններին: ԵՄ հայաստանյան պատվիրակությունից ստացված պատասխան նամակում մասնավորապես ասվում է. «ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանում արդարադատության բարեփոխումներին, ինչին իշխանությունները շարունակական հանձնառություն են ցուցաբերել: ԵՄ-ի հիմնական արժեքներից մեկի՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ներառում է անկախ, հաշվետու եւ արդյունավետ դատական համակարգ»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան  կողմից վթարի ենթարկված ու  մահացած  Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են  միջազգային կառույցներին` Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագին եւ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Զոհված կնոջ հարազատները մտահոգություն են հայտնել Սոնայի մահվան քրեական գործով իրավապահների գործողություններից: Պարզվում է՝  գործով մեղադրյալը մինչ օրս կալանավորված չէ: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։ «Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաեւ էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փաստաբանը:  Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում։ «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ վստահեցնելով, որ որեւէ ապացույց այս գործով չի ոչնչացվել։

 

 

 

Դեռ մայիսի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի,  Սարգիս Խանդանյանի կողմից շրջանառության մեջ էր դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով մասնավորապես ասվում էր, որ պետական հաստատություններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե նրանք խախտեն կառույցի սահմանած կանոնները, սակայն կանոնները չկային սահմանված: Այս կանոնակարգումը բուռն դժգոհությունների տեղիք տվեց, քանի որ կարող էր դառնալ իշխանությունների համար մահակ, եւ իրենց համար ոչ սիրելի լրագրողներին զրկեին ԱԺ-ի հավատարմագրումից: Այս առիթով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեծ քննարկում էր կազմակերպել եւ պահանջներ հնչեցրել լրագրողների անունից: Նաեւ միջազգային հարթակներում էր բարձրաձայնել խնդիրը՝ անընդունելի եւ ոչ իրավաչափ համարելով այդ խստացումը: Պարզվում է՝ իշխանությունները նահանջել են ու փոխել իրենց իսկ բերած խստացումները: Այժմ փոփոխված հոդվածը հետեւյալ տեսքն ունի. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»: Հավելենք, որ այս օրենքն արդեն ընդունվել է միայն իշխանական պատգամավորներով աշխատող ԱԺ-ում:

 




Լրահոս