Արտաքին գործերի նախարարության գլխավորի քարտուղարի պաշտոնի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որում էլ ամրագրված է այս դրույթը, առաջին ընթերցմամբ ընդունվեց արտահերթ նիստում. նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր:
Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է ՝ հիմք ընդունելով ԱԳՆ-ի բնականոն աշխատանքն ապահովելու հնարավորությունը, արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովումը:
Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության տեսակետը՝ նշելով, որ ԱԳՆ-ն ողջունում է պատգամավորական այդ նախաձեռնությունը: Սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դժգոհեց, որ նախագիծը չի քննարկվել իրենց հանձնաժողովում:
Ն.Հ.