ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը տեղեկացնում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը եւ տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։

 

Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ՝ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։

Սակայն 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9917: Դիմումատուների մեծ քանակ են կազմում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք ամռան ընթացքում գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ իրենց ժամկետանց անձնագրերը փոխանակելու համար։

Ավելացել է նաեւ՝ երկար ժամանակով Հայաստանում բնակվելու եւ աշխատելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրացիների թիվը, որոնք ՀՀ-ում իրենց բնակությունն օրինականացնելու, հաշվառվելու, ինչպես նաեւ հանրային ծառայությունների համարանիշ ստանալու նպատակով դիմում են անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպելու համար։

Մեծացել են ՀՀ քաղաքացիություն եւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու նպատակով օտարերկյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական մարմիններ դիմողների քանակը, ինչով պայմանավորված՝ դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում կատարվում է քաղաքացիների էլեկտրոնային հերթագրում։ Դիմելիության մեծ աճով պայմանավորված՝ նշված մարմիններում արդեն առաջիկա 2-3 ամիսների համար սպառվել է հերթագրվելու հնարավորությունը, ուստի, ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալու, այնպես էլ անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անձինք գերադասում են ժամանել ՀՀ՝ տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով։

Վերը թվարկված, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններ, օրինակ՝ երեխաներին դպրոց ընդունելու համար հաշվառումների իրականացում, հաշվառման եւ հանրային ծառայությունների համարանիշի ստանալու տեղեկանքների տրամադրում եւ այլ հանգամանքներ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում եւ տարածքային անձնագրային ծառայություններում առաջացրել են մեծ հերթեր»։

 

 

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՁԱԽՈՂԵԼ Է

Երեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի հարցում դարձյալ ձախողել է: Քաղաքացիները չեն դադարում բողոքել տրանսպորտի վատ աշխատանքից: Դժգոհող քաղաքացիների խոսքով՝ Երեւանում գործող երթուղիների մի մասը սկսել է նաեւ ոչ աշխատանքային օրերին չաշխատել: Նշենք, որ քաղաքացիները, մասնավորապես, դժգոհում են 10, 13 համարի ավտոբուսների, 77 համարի միկրոավտոբուսի աշխատանքից: Քաղաքացիների պնդմամբ՝ նշված համարների տրանսպորտային միջոցներին իրենք չափազանց երկար են սպասում կանգառներում: Օրինակ՝ երեկ Սահամանադրության օրն էր, ոչ աշխատանքային, իսկ երեւանյան կանգառները բազմամարդ էին, հասարակական տրանսպորտը վատ է աշխատել:

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ երկու օր է, ինչ կանգառում մեկուկես ժամ սպասել են 13 համարի ավտոբուսին, իսկ երբ մոտեցել է ավտոբուսը, վարորդը ուշացումը պատճառաբանել է, որ մեքենաները սարքին չեն: Ապա արդարացել է՝ նշելով, որ բողոք է ներկայացրել ղեկավարներին, սակայն նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել եւ վարորդները ստիպված իրենց միջոցներով են սարքում, որ կարողանան վարեն: Բացի այս, քաղաքաքիները ArmLur.am-ին դժգոհել են նաեւ, որ դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան գնացող ցանկացած համարի միկրոավտոբուսի եւ ավտոբուսի ստիպված են լինում 30 րոպե սպասել, իսկ երբ մոտենում են ուղեւորներով լցված, անգամ կանգնելու տեղ չի լինում: Մյուս կողմից, Երեւանի հասարակական տրանսպորտով երթեւեկելը առողջության եւ կյանքի համար վտանգավոր է. անհարմարավետ, կեղտոտ, կոտրված նստարաններ: Այսօր հասարակական տրանսպորտի ոլորտում նման խայտառակ իրավիճակ ունենք, բայց չնայած սրան՝ ոլորտը ոչ մի պետական մարմնի կողմից չի վերահսկվում:

Բոլորը զբաղված են Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով: Այստեղ տեղին է հիշեցնել, թե նախկինում ինչ խոստումներ էին տալիս ներկայիս իշխանությունները: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրանից 3 տարի առաջ հենց ավտոբուսի մեջ անդրադառնալով քաղաքացիների բողոքներին՝ խոստացավ, որ հարցն արագ կկարգավորվի: Սակայն, այս խոստումներից հետո, ունենք այն, ինչ ունենք: Իրավիճակը չեն փրկել նաեւ մի քանի մետրանոց նոր ավտոբուսները: Հիմա կգան հաջորդները՝ իրենց նախընտրական յուղոտ խոստումներով, բայց ընտրվելուց հետո արագ կմոռանան դրանց մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ՝ ԱԺ-ՈՒՄ

Արձակուրդային շրջանը սկսված է: Գաղտնիք չէ, որ հուլիս եւ օգոստոս ամիսներն ավանդաբար համարվում է արձակուրդային ժամանակահատված, երբ կառավարության անդամները հերթով արձակուրդ են գնում, իսկ Ազգային ժողովն առհասարակ, գրեթե մեկուկես ամիս չի աշխատում: Եվ ահա, առաջին արձակուրդ մեկնողը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրում ասվում է՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տեւողությամբ՝ 2022 թվականի հուլիսի 11-22-ը ներառյալ: Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»:

 

 

 

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ

Տավուշի մարզի բնակիչները տեսել են, որ անցած շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ավտոշարասյունը մեծ արագությամբ սլացել է դեպի Տավուշի մարզ՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւան։ Իջեւան քաղաքի բնակիչները պատմեցին, որ հուլիսի 3-ին Ն. Փաշինյանը մի քանի տասնյակ ծառայողական ավտոմեքենաների, բազում թիկնապահների ուղեկցությամբ այցելել է Իջեւան քաղաքի նախկին հանրախանութի, այժմ՝ կարի արտադրամասի թաղամաս, այցելել Ռուսաստանում ինֆարկտից մահացած իր դասընկեր Կարեն Գրիգորյանի տուն: Հուլիսի 4-ին վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ տեղադրեց, որտեղ Ն. Փաշինյանը  եղջերուներին կերակրում է Դիլիջանի ազգային  պարկի կովկասյան ազնվացեղ եղջերուների  բազմացման կենտրոնում,որը  գտնվում է Պարզ լիճ  տանող ճանապարհին։ Ականատեսները «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին պատմել են, որ հուլիսի 4-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 11:40-ից մինչեւ ժամը 12:10 րոպեի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դստեր՝ Արփիի հետ, եղել է  Դիլիջանի Պարզ լճում։ Նա թիավարել է փչովի նավակներից մեկը, որի մեջ եղել են Աննա Հակոբյանը եւ Արփին։ Աշխատանքային այդ օրը քիչ այցելուներ են եղել Պարզ լճում, հիմնականում՝ արտասահմանցիներ։ Նիկոլ Փաշինյանի թիկնապահները ներկա գտնվողներին արգելել են լուսանկարել, սակայն ներկաները լուսանկարել են վարչապետի ծառայողական ավտոմեքենան։

Փաստացի, պատերազմի մեջ գտնվող Հայաստանն անվտանգության, տնտեսական վիճակի եւ այլնի  հետ կապված բազում չլուծված հարցեր ունի, իսկ վարչապետը գերադասում է 4 օր, այդ թվում՝ աշխատանքային օրը, հանգստանալ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ։ «Ավիացիոն համալսարանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ եւ համապատասխան ֆակուլտետներ սահմանապահ զորքերի ուսուցման համար։ «Այն մարդիկ, որոնք կդիմեն ՌՈւ եւ կընտրեն մասնագիտացումը սահմանապահ զորքերի, հետագայում՝ ավարտելուց հետո, նրանց վրա տարածվելու են օրենքի նույն դրույթները։ Այսինքն՝ լրացուցիչ հոդված ավելացնելու կարիք չկա, քանի որ խնդիրը կարգավորվում է արդեն իսկ մեր նախաձեռնած փոփոխությունների շրջանակներում»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

 




Լրահոս