ԽԱՐԴԱՎԱՆՔԱԳԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում առանցքային դերակատարություն ստանձնեցին այնպիսի անձինք, որոնք իրենց կենսագրությամբ, կրթական աստիճանով, պահվածքով ու ընդհանրապես մարդկային տեսակով չափազանց հեռու են քաղաքական գործչի կերպարից: Ընդ որում, քանի որ այդ անձինք անհավանական վերելքի են հասել ոչ թե իրենց ինտելեկտուալ առավելությունների, այլ կիսաքրեական հարաբերություններում եւ իրենց իսկ բառապաշարով ասած` «մուտիլովկաներում» (խարդավանքներում) դրսեւորած վարպետության շնորհիվ, նրանցից ոմանց թվացել է, թե հենց այդպիսին էլ պետք է լինի քաղաքական գործիչը: Եւ, օրինակ, ներկայիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անգամ իրեն թույլ է տվել բնութագրել հայ քաղաքական գործչի կերպարը` նշելով, որ քաղաքական գործիչ դառնալու համար խելք պետք չէ ունենալ: Իհարկե, պարոն Աբրահամյանն այդպես էլ մինչ օրս չի պարզաբանել, թե համաձայն իր բնութագրման` ինքն, ի վերջո, քաղաքական գործի՞չ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում փաստն այն է, որ նույն Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրորեն երկրորդ պաշտոնը, հետեւաբար, եթե նա ասում է, ուրեմն մի բան գիտի:Ընդ որում, վերջին առնվազն երկու տարիների ընթացքում պարոն Աբրահամյանի` ինտրիգներ եւ խարդավանքներ հյուսելու վարպետությունը բավական լուրջ ազդեցություն է ունենում ինչպես վերջինիս խնամու` Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության, այնպես էլ Հովիկ Աբրահամյանի սեփական` Հանրապետական կուսակցության կյանքում: Օգտվելով երկուստեք իր ունեցած մտերմիկ կապերից` Հովիկ Աբրահամյանն իրեն վերապահել է ՀՀԿ-ԲՀԿ միջնորդի դերը` փորձելով այդ գործընթացից առավելագույն շահ ստանալ: Սերժ Սարգսյանի հետ շփումներում ԱԺ նախագահը չի զլանում շեֆին փոխանցել Ծառուկյանի կողմից ամենանեղ` խնամիական միջավայրում ասված խոսքերն այն մասին, որ ԲՀԿ-ն ուժեղ է, որ ԲՀԿ-ն չի կոտրվի եւ այլն` հընթացս նաեւ ավելացնելով իրեն ձեռնտու շեշտադրումներ` արդյունքում այնպես անելով, որ Սերժ Սարգսյանը նեղսրտի: Քաղաքական գործիչ դառնալու համար խելքի փոխարեն այլ հատկանիշները կարեւորող ԱԺ նախագահը փորձում է կրակի վրա հնարավորինս շատ յուղ լցնել եւ հասնել այն բանին, որ նույն Սերժ Սարգսյանը հենց իրեն հանձնարարի որպես միջնորդ իր ասածները փոխանցել Ծառուկյանին կամ գնալ Ծառուկյանի մոտ` ինչ-որ հարցեր պարզաբանելու, նրան համոզելու, հասկացնելու եւ այլն: Մի խոսքով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երկու խաղ խաղալով, փորձում է քաղաքական դաշտում իր կարեւորությունը ընդգծել: Բայց ինչպես ասում են` կատվի խաղը մինչեւ մարագի ռուռն է: Պետք է մտածել նաեւ դռնից ներս մտնելու մասին:




Լրահոս