ՀԱՏՈՒԿ ԿԱՊԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքով, հարազատները եւ պաշտպանական կողմը պնդում են, որ մի շարք ապացույցներ «Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել, եւ այդ հանգամանքը իրենց կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Իսկ ինչ կարեւոր ապացույցների չտրամադրման կամ ոչնչացման մասին է խոսքը:

 

Մասնավորապես, վթարի ժամանակ, անվտանգության աշխատակիցները հատուկ կապի միջոցներով՝ ռացիաներով, միմյանց հետ կապ են հաստատում՝ նշելով, թե օրինակ «մարդ գցեցինք տակը», «ինչ է ասում Ճանապարհային ոստիկանության տեսուչը», «ինչ անել»: Արդյունքում՝ սկսվում է խոսակցություն, թե ինչ անել, կանգնել թե շարունակել, ինչ է հրահանգում վարչապետը»: Ասել է թե՝ վթարի ժամանակ այս եւ այլ օրինակ խոսակցություններ են եղել հատուկ կապի միջոցով՝ ինչպես վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի, այնպես էլ՝ ՃՈ տեսուչի միջեւ, որոնք Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել, կամ, ինչպես պաշտպանական կողմն է պնդում, այս ամենը ընկալվում է որպես ոչնչացում:

Դատելով իրավիճակից՝ հատուկ կապի ժամանակ այնպիսի խոսակցություններ են եղել, որոնք իրավապահ համակարգը նախընտրել է չտալ քննիչին կամ ոչնչացնել` հետագայում այլ խնդիրներից զերծ մնալու համար: Եթե հատուկ կապի ժամանակ լիներ այնպիսի խոսակցություն, որից չէին կաշկանդվի իրավապահ մարմինները, մեղադրյալը եւ ՀՀ վարչապետը, ապա մի բան փաստ է՝ այն կհրապարակեին հասարակության զայրույթը մեղմելու, վարչապետի ավտոշարասյան մեղքը թեթեւացնելու համար:

Հիշեցնեք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվեց Սոնա Մնացականյանը, եւ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ: Ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։

«Այդ ապացույցները էական նշանակություն ունեն՝ հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաեւ էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ այդ մասով իր առարկություններն ու եզրակացությունը դատախազը, արդեն, կալանքի վերաբերյալ նիստին ներկայացրել է դատարան։

Ապացույցներ ոչնչացնելու տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները՝ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում. «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ որեւէ ապացույց այս գործով չի ոչնչացվել։

Ու մինչ կողմերը պայքարում են հանուն արդարության, ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին: Նրանք կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպե՞ս է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ, եւ այլ կոնկրետ հարցադրումներ: Իրավիճակը մտահոգում է նաեւ Սոնա Մնացականյանի հարազատներին, որոնք իրենց հերթին եւս կոնկրետ քայլերի են գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին` Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագին եւ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին: Ի վերջո՝ ինչ կպատասխանի ՀՀ Ազգային ժողովը Գերմանիայի Բունդեսթագին. հետեւենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

Տեսչական մարմինը Երասխահունից դեպի Արեւիկ համայնք տանող ճանապարհին ավազի ապօրինի արդյունահանման դեպք է հայտնաբերել:

 

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում՝ Արմավիրի մարզի Երասխահունից դեպի Արեւիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Այս մասին հայտնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից: Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

 

 

ՔՐԳՈՐԾԻ ԱՎԱՐՏ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման կողմից Երեւան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում կազմակերպված հավաքի մասնակիցը 2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցներին ներկայացված օրինական պահանջներին, փորձել էր ճեղքել նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «Կենդանի պատը»: Ավելին՝ հիշյալ մասնակիցը, շարունակելով իր հակաօրինական վարքագիծը, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյել էր նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանին, հնչեցրել էր սադրիչ արտահայտություններ, իջեցրել էր նրա ձեռքի վահանը եւ ուժգին հարվածել սաղավարտին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտել է, եւ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ԿԱՇԱՌՔԻ ԿԱՆԽՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հիմնավորվել է՝ վարորդական վկայականներ ձեռք բերելու համար փորձել է արվել ընդհանուր 270.000 ՀՀ դրամ կաշառք տալ ոստիկանության պաշտոնատար անձին, սակայն, հանգամանքների բերումով, հանցագործություններն ավարտին չեն հասել:

Առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու՝ վարորդական վկայական ձեռք բերելու համար 2022 թվականի փետրվարին  փոխանցել է 150.000 ՀՀ դրամ՝ ոստիկանության պաշտոնատար անձին, որպես կաշառք։ Նմանատիպ հեշտ պայմաններով վարորդական վկայական ձեռք բերելու նպատակով 2022 թվականի մարտին 120.000 ՀՀ դրամ է փոխանցել ոստիկանության պաշտոնատար անձին, որպես կաշառք, սակայն այդ գումարները փոխանցվել են այն անձի հաշվեհամարին, ով առաջարկել է նման հանցանք կատարել: Այսպիսով՝ խաբեությամբ հափշտակելով ընդհանուր 270.000 ՀՀ դրամ, ինչի պատճառով անկախ հանգամանքներով հանցագործությունները ավարտին չեն հասցվել:

Վերը նշված հանցավոր արարքների համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հաստատվել է հսկողություն իրականացնող դատախազի կողմից եւ ուղարկվել դատարան:

 




Լրահոս