Հազարավոր մարդիկ են տարհանվել Եվրոպայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հազարավոր մարդիկ տարհանվել են Եվրոպայում շարունակվող անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հուլիսի 17-ին հայտնել է Sky News-ը՝ նշելով, որ ուժեղ քամիները և շոգը խոչընդոտում են Ֆրանսիայում սոճու անտառներում, ինչպես նաև Պորտուգալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Հունգարիայում և Խորվաթիայում հրդեհները մարելու աշխատանքներին։

«Քանի դեռ ջերմոցային գազերի արտանետումները չեն հասցվել զրոյական մակարդակի, ջերմային ալիքները ավելի ուժեղ կլինեն, իսկ հրդեհներ տեղի կունենան ավելի հաճախ և ավելի երկար կտևեն», – պարզաբանել է Սորբոնի համալսարանի Պիեր-Սիմոն-Լապլասի ինստիտուտի ներկայացուցիչ Ռոբերտ Ուորդը:

Ֆրանսիայի Ժիրոնդ իշրջանի մոտ 3000 հրշեջներ այժմ ջրատար ինքնաթիռներով պայքարում են Ֆրանսիայի հարավում գտնվող անտառային հրդեհի դեմ՝ փորձելով հնարավորինս շատ տներ փրկել: Հրդեհն ընդգրկել է ավելի քան 10 հազար հեկտար։ Ավելի քան 14 հազար մարդ ստիպված է եղել փախչել բռնկված հրդեհի պատճառով։ Միաժամանակ Ֆրանսիայի հարավային հատվածում օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և շուտով կհասնի 41 աստիճանի։

Պորտուգալիայում ավելի քան 1000 հրշեջներ, քաղաքացիների հետ միասին, փորձում են թույլ չտալ, որ կրակը հասնի բնակելի շենքեր։

Իսպանիայի փրկարար ծառայությունները փորձում են տեղայնացնել մի քանի հրդեհներ, որոնք ընդգրկել են մոտ 7400 հեկտար հողատարածք։ Անդալուզիայի հարավում անհրաժեշտ է եղել մոտ 3 հազար մարդու տարհանել։ Հրշեջները փորձել են վերահսկել նաև Լաս Հուրդես արևմտյան կենտրոնական շրջանում կայծակի հետևանքով առաջացած հրդեհը։ Հաղորդվում է, որ մի քանի օրվա ընթացքում ամբողջ երկրում շոգի հետևանքով ավելի քան 230 մարդ է մահացել:

Հյուսիսային Իտալիան բախվում է վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտին, քանի որ Թուրինի մոտակայքում գտնվող Պո գետը չորացել է: Հանրապետության շատ շրջաններում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի։ Սպասվում է, որ այս ջերմաստիճանը կպահպանվի առնվազն ևս մեկ շաբաթ։

Նշվում է, որ մոտ ապագայում շոգը կարող է հասնել Մեծ Բրիտանիա։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 18-ին ջերմաստիճանը կհասնի մինչև 38,7-ի, ինչը մոտ կլինի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդին։ Մարդիկ արդեն զգուշացվել են հնարավորինս զգույշ լինել։

Աղբյուր՝ shantnews.am




Լրահոս