ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօր Կենտրոնի դատարանում պետք է տեղի ունենար ՀՀ նախկին գլխավոր դեսպան Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Բայց վերջինս չէր եկել դատարան՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ:
Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ հայտնեց նրա առողջականի մասով:
Հարցազրույցը Էրիկ Ալեքսանյանի հետ կհրապարակենք քիչ անց:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ:
Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից:
Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր: