Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով միջնորդել էին՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, որովհետև վերջինիս մոտ ախտորոշված է շաքարային դիաբետի ծանր ձևը, որն իր հերթին զուգորդված է պոլինևրոպատիայով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Այսօր հերթական դատական նիստն էր, որը չկայացավ, քանի որ Աղվան Հովսեփյանը վատառողջ է: ArmLur.am-ը. զրուցեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ հասկանալու, թե ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել՝ հաշվի առնելով վերջին ցավալի դեպքը, երբ դատարանի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր: Աղվան Հովսեփյանը չի ընդունում մեղադրանքը: