ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով. «Երեկ՝ հուլիսի 10-ին, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը եւ մեր պաշտպանյալի ապօրինի կալանքի ժամկետն ապօրինաբար երկարացրեց եւս 15 օրով։ Մենք նաեւ ասել էինք, որ դա արվում է զուտ այն բանի համար, որպեսզի քննիչն ու դատախազը հասցնեն գործն ուղարկել դատարան Չալաբյանի կալանքի պայմաններում։ Հակառակ դեպքում, եթե Չալաբյանը հուլիսի 12-ին հայտնվեր ազատության մեջ, ապա գործը դատարան ուղարկելու դեպքում դատարանը կալանքի հարց չէր քննարկելու։ Այդ նույն թաքնված նպատակից ելնելով՝ երեկ քննիչը, կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ ծանուցման կարգն ու ժամկտները, ուղարկել է ծանուցում առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնելու է վարույթային գործողություն՝ գործի նյութերի ծանոթացում։

 

Նշենք, որ միայն այս գործողությունից հետո կարող է քննիչը մեղադրական եզրակացությունն ուղարկել հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Եթե քննիչը պահպաներ օրենքով նախատեսված ծանուցման առնվազն 2-օրյա ժամկետը, ապա վարույթն իրականացնող մարմինը, միեւնույնն է, չէր հասցնելու գործն ուղարկել դատարան, քանի որ չէր կարողանալու ապահովել կալանքի ժամկետի ավարտից ամենաուշը 15 օր առաջ գործը դատարան ուղարկելու պայմանը։ Բոլոր լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների եւ անձանց, միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս աղաղակող ամենաթողության եւ անօրինականության փաստի շուրջ։ Կից ներկայացնում ենք քննիչին եւ Երեւան քաղաքի դատախազին ուղղված մեր գրության լուսապատճենը՝ իրավական եւ փաստական բոլոր հիմնավորումներով»։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որեւէ արժանահավատ ապացույցի եւ քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։  «Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որեւէ իրական հանցակազմ, եւ որի միակ իրական նպատակն ինձ եւ ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որեւէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որեւէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որեւէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը:

Ավետիք Չալաբյանի ազատության համար ամիսներ շարունակ պայքարում են լայն հասարակության տարբեր խմբեր` ակցիաներով, ստորագրահավաքներով եւ օրենքով սահմանված բոլոր միջոցներով կոչ անելով ազատել Ավետիք Չալաբյանին:

Ն. Հ.

 

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2022թ. 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում 97 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավոր֊ման պարտադիր պահանջների խախտման դեպքեր: Կայացվել է 97 որոշում՝ ընդհանուր շուրջ 58.5 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ վարչական 4 ակտով նախատեսվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ եւ օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս, ok.ru սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող, զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաեւ զորամասի հրամանատարական կազմի անհատական եւ ծառայողական տվյալները, լուսանկարել եւ ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը, վաշտի անվանականչի մատյանը, մարտական դիրքի կրակային քարտը, զինվորական գրքույկը՝ այդկերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության, որոնց դիմաց որպես վարձատրություն բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ:

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է եւ տվել խոստովանական ցուցմունք, որից հետո հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա դատախազի որոշմամբ վերջինիս ներկայացվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Այս տարվա մարտի 14-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցին ավտովթարի ենթարկվելուց հետո ոստիկաններին վիրավորելու համար։ ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարեց Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմա Իսկանդարյանին։ Ըստ միջնորդության՝ դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի խախտում, մասնավորապես՝ դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսեւորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել՝ «ոչխար ես, որովհետեւ ցավեցնում ես»։ Դատավոր Իսկանդարյանն ինքը չի ընդունում, որ ավտովթարի ժամանակ եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ կազմվել է արձանագրություն։ Ի դեպ, նշված դեպքի առնչությամբ Վարչական դատարանում եւս առկա է վարույթ, մասնավորապես՝ ոստիկանությունը դիմել է դատարան Իսկանդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով։ Այժմ գործը գտնվում է դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթում։ Ոստիկանությունը դիմել էր նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որտեղ հարուցվել էր կարգապահական վարույթը, ապա՝ կարճվել, իսկ ԱՆ նախարարությունում հարուցված վարույթի շրջանակներում միջնորդությունն արդեն քննության առարկա է դարձել ԲԴԽ-ում։

Եվ, ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սիմա Իսկանդարյանը դիմել է դատարան՝ դատի տալով Դատական դեպարտամենտին. լիազորությունները դադարեցրած դատավորը պահանջում է որոշակի գործողություններ կատարել, այն է՝ հայցվորին տրամադրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչը:

Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը որոշել է ՀՀ դատական դեպարտամենտին արգելել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչի հետ կատարել որեւէ գործողություն, մասնավորապես՝ այն ոչնչացնելու, վնասելու կամ այլ եղանակով խոտանելու գործողություններ:

Ք. Մ.




Լրահոս