ՀՀԿ-Ն ՀԵՏԱՁԳՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ գործադիր մարմնի` այսօր նախատեսված նիստը չի կայանա. ՀՀԿ-ն որոշել է մեկ օրով այն հետաձգել: ՀՀԿ գործադիր մարմնի նիստը տեղի կունենա ուրբաթ երեկոյան՝ 20:30-ին, որին կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Բացի այդ, ենթադրվում է, որ ուրբաթ օրը ՀՀ վերադարձած կլինեն նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն այդպես փորձում է եւս մեկ օր ժամանակ տալ ԲՀԿ-ին, որպեսզի նաեւ ինքը կարողանա կողմնորոշվել հետագա անելիքներում: Ենթադրվում է, որ վաղը կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում արդեն կքննարկվի այն փաստաթղթի նախագիծը, որը ցանկանում են ներկայացնել կոալիցիայի ստորագրմանը: Շատերը կհիշեն, որ Սերժ Սարգսյանն այդպես վարվեց նաեւ նախորդ անգամ, երբ ԲՀԿ-ին ստիպեց ստորագրել իրեն սատարող հայտարարության տակ. ՀՀԿ գործադիր մարմնում եւ խորհրդում համապատասխան հայտարարության նախագիծը հավանության արժանացնելուց հետո այն առաջարկեց կոալիցիոն գործընկերների դատին: Ընդ որում, չմոռանալով հայտարարության նախագիծը «միամտաբար» տալ նաեւ լրագրողների ձեռքը՝ հրապարակման ակնկալիքով:
Այնպես որ, նույն սցենարները կրկնվում են նաեւ հիմա: Միայն թե, չնայած ընթացող ներքին հակամարտությանը, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պաշտոնապես չեն հաստատում իրենց քննարկումների իրական բովանդակությունը: Փոխարենը երկու ուժերն անցել են միջնորդավորված պայքարի՝ լրատվամիջոցների շնորհիվ: ԲՀԿ-ամերձ շրջանակները երեկ հրապարակեցին մի սոցհարցման արդյունքներ, ըստ որի՝ «այս կուսակցություններից որի՞ օգտին կքվեարկեիք» հարցին մասնակիցների 35 տոկոսը պատասխանել է ԲՀԿ-ին, 17-ը՝ ՀՀԿ-ին, 15-ը՝ Հայ ազգային կոնգրեսին ու այդպես շարունակ: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն այդպես հակադարձեց օրերս Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի հրապարակած հարցումներին, համաձայն որոնց՝ ՀՀԿ վարկանիշը 35,4 տոկոս է, ՕԵԿ-ինը՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ 7,8  իսկ ահա ԲՀԿ-ինը՝ 1,6: Իսկ պաշտոնապես ԲՀԿ-ն շարունակում է հերքել ներկոալիցիոն հակասությունները: ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ վերջին օրերին այս մասին լրագրողների հարցերին տվել է նույն պատասխանը. «ԲՀԿ-ին որեւէ հայտարարություն ստորագրել չի առաջարկվել: Չկա նման բան»:
Հաշվի առնելով ԲՀԿ-ում իշխող տրամադրությունները ու նաեւ հրապարակած վերջին սոցհարցումները, կարելի է ենթադրել, որ այս կուսակցությունը ոչ մի դեպքում չի համաձայնի ԱԺ ընտրություններին մասնակցել կոալիցիայի հետ միասնական ցուցակով: Ավելին, ԲՀԿ-ում շարունակում են հակված մնալ հետեւյալ տարբերակին՝ ո՛չ կստորագրեն առաջարկվող հայտարարությունը, ո՛չ էլ դուրս կգան կոալիցիայից: Թող ՀՀԿ-ն իրենց հեռացնի:
Եթե ԲՀԿ-ին հաջողվի իրագործել իր մտադրությունն ու մի կողմից դուրս չգալով կոալիցիայից, չստորագրել ՀՀԿ առաջարկելիք հայտարարությունը, ապա դա կխառնի բոլորի խաղաքարտերը: Ըստ էության, դա կլինի լուրջ մարտահրավեր Սերժ Սարգսյանին, եւ չի բացառվի, որ հանգեցնի ներիշխանական պատերազմների: Բանն այն է, որ լինելով կոալիցիայի կազմում, բայց չենթարկվելով ՀՀԿ-ի թելադրանքներին, ԲՀԿ-ն կցրի Ս.Սարգսյանի իշխանության ամենակարողության մասին տարածված տեսակետը: Դա էլ իր հերթին կհանգեցնի ճաքերի ե՛ւ ՀՀԿ ներսում, ե՛ւ ընդհանրապես իշխանության մեջ՝ թուլացնելով Ս.Սարգսյանի դիրքերն ու հեղինակազրկելով նրան: Առավել եւս, որ իշխանության ներսում միշտ էլ Սերժ Սարգսյանի հանդեպ եղել է խուլ դժգոհություն առ այն, որ նա թույլ է, ունակ չի որոշումներ կայացնելու: Բնականաբար, ԲՀԿ դեմարշն անպատասխան չի մնա, ու Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի հետ կփորձեն քայլեր կատարել: ՀՀ-ում ավանդույթ կա՝ անհնազանդներին հնազանդեցնել ուժային միջոցներով՝ գործի դնել կոմպրոմատների թղթապանակները, հարկային տեռոր սկսել ԲՀԿ-ական գործարարների հանդեպ: Այսինքն՝ գործի դնել իշխանության ողջ պատժիչ մեքենան, եթե իհարկե, այն մինչ այդ անցած չլինի ԲՀԿ կողմը: Միայն թե՝ կոալիցիայից դուրս չեկած ԲՀԿ-ի հանդեպ կատարվողը չի ընդունվի հասարակության կողմից:
Իսկ եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ենթարկվելով ճնշումներին, ընդունի ՀՀԿ թելադրած խաղի կանոնները, ապա որպես ինքնուրույն գործոն գնալով կթուլացնի իր դիրքերը: Այս դեպքում ԲՀԿ-ն կնմանվի ու կհավասարվի ՕԵԿ-ին, որը մարտի 1-ից հետո զրկվել է ինքնուրույնությունից ու որպես քաղաքական գործոն՝ գրեթե չունի որեւէ դեր:
Այնպես որ, մեզ իսկապես հետաքրքիր ժամանակներ են սպասվում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս