Հայաստանի Կառավարությունը շարունակում է աչքի ընկնել ոչ պրոֆեսիոնալ եւ անկազմակերպ աշխատանքով: Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարարությունը դիմել է իրավապահներին, որ արգելվի Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները:
Ինչից է սկսվել պատմությունը.
Ամենեւին չքննարկելով, թե որքանով է ճիշտ կամ սխալ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հենց այդ լեռան վրա, ուշադրություն հրավիրենք կոնկրետ փաստերի վրա:
Երկար ժամանակ խոսվում էր, որ Քրիստոսի արձանը տեղադրվելու է, հուլիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության նիստում հավանություն տվեց Քրիստոսի արձանի տեղադրման ծրագրին՝ ասելով, որ ՀՀ-ում զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի:
Այս նիստին մասնակցում էր նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ որեւէ առարկություն, առաջարկություն չներկայացրեց, որեւէ խոսք չասաց: Կառավարության նիստից հետո՝ հուլիսի 9-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՄԱԿ-ի զբոսաշրջության գործակալության ղեկավարը եւ այլ հյուրեր խմբվեցին Գագիկ Ծառուկյանի շուրջ և բաձրացան Հատիս լեռան գագաթը՝ դիտարկելու արձանի տեղադրման տարածքը:
Այս իրադարձություններից 10 օր հետո՝ հուլիսի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հայտարարեց, թե ԿԳՄՍ նախարարությունը դիմել է իրավապահներին՝ Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար:
Ինչ է ստացվում. արձան տեղադրելու ծրագիրը հավանության արժանացել է, իրավական մասը կարգավորվել է, բոլոր կողմերը սկսել են աշխատել այդ ուղղությամբ եւ հանկարծ ԿԳՄՍ նախարարությունը շինաշխատանքների դադարեցման մասով դիմում է ներկայացրել: Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի՝ արձանի տեղադրման գաղափարը ողջունելու օրը Կառավարության նիստին մասնակցում էր նախարար Դումանյանը եւ լռել է ու հետո լրագրողների հետ զրույցում ասել, թե ինքը մամուլից է տեղեկացել սարի վրա տեղադրվելիք արձանի մասին:
Ինչ է սա նշանակում
Կամ Դումանյանը քնած է եղել նիստի ժամանակ, կամ չի տարբերակել ինչ ծրագրի մասին է խոսում, կամ չի համարձակվել վարչապետին հակադարձել կամ ամեն դեպքում իրավիճակը առավել մտագոհիչ է, քանի որ պետական կառավարման օղակները աշխատում են անտեղյակության մեջ եւ միջգերատեսչական կապը չի աշխատում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.