Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Երեւանում: Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում, ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը երկկողմանի փակել էին։ Խցանումն անցնում էր մի քանի կիլոմետրը, իսկ տվյալ վայրում կատարվող շինարարության հետեւանքով՝ փոշին իր սեւ գործն էր անում:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եւ ո՞ր լեզվով է իրականացվում ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումն ու ուսուցումը հաստատությունում:
Կարինե Իսկանդարյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու ազատելու կարգի» 5-րդ կետի համաձայն` «Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը):
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, եւ տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնության պետական գրանցման համար:
Իրինա Իսահակյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝
1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,
3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում` մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:
Ամուսնության մասին դիմումի մեջ նշվում են հետeuյալ տեղեկությունները`
1) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ,
2) ընտանեկան դրությունը մինչեւ ամուսնանալը,
3) ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո,
4) ամուսնության պետական գրանցման ընտրված օրը,
5) ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին,
6) ամուսնության պետական գրանցման ժամկետը կրճատելու ցանկության մասին:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով: