ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մինչեւ օգոստոսի վերջ նախաքննության ավարտ կհայտարարի Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը նոր մեղադրանքներ է առաջադրել Անդրանիկ Փիլոյանին, ասել է թե՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է եւ ծանրացվել է:
Այս տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել անձամբ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը հայտնեց, թե այս պահին որեւէ բան չի կարող ասել մինչեւ չխոսի Անդրանիկ Փիլոյանի հետ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:
Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:
Քնար Մանուկյան