Հայաստանը սեպտեմբերից նոր գլխավոր դատախազ կունենա. Աննա Վարդապետյանը վեց տարով կստանձնի գլխավոր դատախազի պաշտոնը։ Նա փոխարինելու է Արթուր Դավթյանին, որն այս պաշտոնին էր ընտրվել ՀՀԿ-ի իշխանության ժամանակ։ Իսկ ի՞նչ ունեցվածքով է հեռանում Արթուր Դավթյանը: ArmLur.am-ը ուսումնասիրել է նրա եւ նրա ընտանիքի անդամների տարեկան հայտարարագրերը:
2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ դատախազն ունի 8 մլն դրամի չափով դրամական միջոց, իսկ ստացած եկամուտը աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 13 մլն 530 հազար դրամ: Իհարկե, նրա աշխատավարձը տարեցտարի ավելացել է:
2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Դավթյանն ունի 2 առանձնատուն, որոնից մեկը գտնվում է Աջափնյակում, մյուսը՝ Շիրակի Հոռոմ համայնքում: Բացի այս, եւս երեք հողամաս ունի Հոռոմում: Նշենք, որ գլխավոր դատախազն Աջափնյակում առանձնատուն գնել է 2017 թվականի հունիսին: Բանկային հաշվին տարեվերջին առկա գումարի չափը կազմել է 5 մլն 812 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 5 մլն 800 հազար դրամ: 2019 թվականին որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը. նա ամսական ստացել է 1 մլն 335 հազար դրամ աշխատավարձ: Երեւանի պետական համալսարանից նա ստացել է 43 հազար դրամ: Բացի այս, Արթուր Դավթյանը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 630 հազար դրամի չափով գումար, որը ձեւակերպվել է որպես «այլ եկամուտ»:
2020 թվականին գլխավոր դատախազի բանկային հաշվին առկա գումարն ավելացել է՝ 5 մլն 812 հազար դրամից դառնալով 7 մլն 641 հազար դրամ: Այդ տարի նա ունեցել է կանխիկ գումար՝ 5.1 մլն դրամի չափով: 2020 թվականին ամսական ստացել է 1 մլն 390 հազար դրամ աշխատավարձ: ՊԵԿ-ից եւս գումար է ստացել՝ 2 մլն 597 հազար դրամի չափով, իսկ ԵՊՀ-ից՝ 118 հազար դրամ:
Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ դատախազի բանկային ավանդը կազմել է 8 մլն 720 հազար դրամ: Ի դեպ, բանկային հաշվի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում բավականին ավելացել են՝ 7 մլն 641 հազար դրամից դառնալով 18 մլն 57 հազար դրամ, կանխիկ գումար եւս դատախազն ունեցել է՝ 5.5 մլն դրամ: ՀՀ գլխավոր դատախազի նախորդ տարվա եկամուտը կազմլ է 21 մլն 157 հազար դրամ, միայն 18 մլն 128 հազար դրամ գումար կազմել է տարեկան աշխատավարձը. ամսական ստացել է 1 մլն 510 հազար դրամ աշխատավարձ:
Տեղեկացնենք, որ դատախազի ունեցած վարկը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 530 հազար դրամ: Ի դեպ, գլխավոր դատախազը ծախսերի հայտարարագիր է ներկայացրել նաեւ, որտեղ նշված է, որ վարկ է մարել՝ 3 մլն 293 հազար դրամի չափով:
Դատախազի կինը՝ Անի Դավթյանը, 5 հողամասի համատեղ սեփականատեր է: Դրանք գտնվում են Շիրակի մարզի Հոռոմ համայնքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 157 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ: Աշխատավարձ ստացել է ՀՀ առեւտրային բանկերից մեկից, որը ամսական կազմել է 120 հազար դրամ: Դատախազի կինը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:
Դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը, ունի 3 ավտոմեքենա՝ GAZ, ZiL եւ 2014 թվականի արտադրության Lexus, որը նա գնել է 2019 թվականին: Բացի այս, նախորդ տարի Սարգիս Դավթյանը 2.5 մլն դրամով վաճառել է Hyundai մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 7 մլն 749 հազար դրամ: Նկատենք, որ բանկային հաշվին առկա գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 2 մլն 797 հազար դրամից դառնալով 7 մլն 749 հազար դրամ: Նրա ունեցած կանխիկ գումարը եւս ավելացել է՝ 3.5 մլն դրամից դարձել է 4 մլն 900 հազար դրամ: Սարգիս Դավթյանը «ԱյբիԷմթի Լոգիստիկ» ընկերությունից ամսական ստացել 431 հազար դրամ աշխատավարձ: Եւս 2 մլն դրամի չափով եկամուտ է նա հայտարարագրել, որի ծագման աղբյուրը նշված է՝ «շուկա»: Նա 46 հազար 700 դրամ կենսաթոշակ է ստացել:
Դատախազի մոր՝ Սմելլա Դավթյանի ունեցած ավանդը բանկում կազմել է 9770 դոլար, իսկ բանկային հաշին առկա մնացորդը կազմել է 415 հազար դրամ: Նա ամսական ստացել է 32 հազար 500 դրամի չափով կենսաթոշակ:
Ս.Հ.
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱԺ-ՈՒՄ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում ու ժեստերի լեզվով թարգմանությունը (սուրդո թարգմանությունը) պարտադիր դարձնել ԱԺ նիստերի հեռարձակման համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը խորհրդարանի պաշտոնական կայքում ու ինտերնետային ալիքում հեռարձակվող ուղիղ եթերի մասին է, որ պետք է ուղեկցվի սուրդո թարգմանությամբ: Դրույթը, սակայն, ըստ առաջարկվող փոփոխության, պարտադիր չէ. սուրդո թարգմանությունը եթերին զուգահեռ կա՛մ կարող է ուղեկցվել, կա՛մ ոչ: Առաջարկվող փոփոխության երրրորդ կետը, սակայն, սահմանում է, որ նիստերի տեսագրությունը հաջորդ օրը պետք է ցուցադրվի հեռուստատեսությամբ, ըստ երեւույթին՝ Հանրային հեռուստաընկերությամբ: «Կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերում նշված նիստերի տեսագրություններն, Աշխատակարգով սահմանված կարգով, հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում են հեռուստատեսությամբ»,- ասված է նախագծի նախնական տարբերակի մեջ: Նշենք, որ նախագիծը խորհրդարանի օրակարգում դեռեւս չընդգրկված հարցերի մեջ է, հետեւաբար մինչեւ ԱԺ հաջորդ նստաշրջան՝ սեպտեմբեր, կարող է փոփոխություններ կրել:
ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը Պաշտպանության նախարարությունից պահանջել է 44-օրյա պատերազմին առնչվող կարեւոր փաստաթղթեր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարությունն ավելի քան տասը հազար էջանոց փաստաթուղթ է ուղարկել քննիչ հանձնաժողով, որ սկսել է ուսումնասիրել: Ի դեպ, հանձնաժողովը պաշտոնյաներին Աժ կհրավիրի սեպտեմբերից, իսկ մինչ այդ օրենքում փոփոխություններ են նախաձեռնել իրականացնել: Մասնավորապես, այն պաշտոնյաները, որոնք չեն ներկայանա քննիչ հանձնաժողով, քրեական կամ վարչական պատասխանատվության կենթարկվեն:
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակում տեղադրված գրությունից տեղեկանում ենք, որ գործով անցնում են Դանիելյանի կինը՝ Զարիկ Գեւորգյանը, ու դուստրը՝ Արաքս Դանիելյանը։ Հուլիսի 15-ին նրանք կանչվել են դատախազություն ուսումնասիրության վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով։ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետն էր 2002-2018 թվականներին:
ԴԵՆԴՐՈՊԱՐԿԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
Իջեւանի գինու, կոնյակի գործարանը 2020 թվականին, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ), գինու գործարանի դիմաց՝ Աղստեւ գետի տարածքում, կատարել է շինաշխատանքներ, նեղացրել է գետի հունը, կառուցել է բետոնյա երկար պատ։
Այդ ժամանակ Իջեւանի դենդրոպարկի տնօրեն աշխատած Մեխակ Սայադյանը շուրջ մեկ տարի Շրջակա միջավայրի նախարարությանը եւ այդ նախարարության կազմի մեջ գործող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի իրար փոխած տնօրեններին, Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տնօրինությանը ահազանգել է, որ այդ շինարարությունը մեծ վնասներ է բերելու դենդրոպարկին։ Այդ ահազանգերից հետո՝ 2021 թվականի ամռանը, Իջեւան են ժամանել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները, որոնք նկարել, արձանագրել են Իջեւանի գինու գործարանի կատարած շինարարության հետեւանքով Իջեւանի դենդրոպարկի եւ Աղստեւ գետի կրած վնասները՝ գետի ավերված հունը (700-800 մետր երկարությամբ), գործարանի սարքած կառույցները, շինարարության հետեւանքով գետափին վերացած ժայռը (1870 խմ ծավալով), դենդրոպարկից կորսված-քշված հողը (մի քանի հազար խմ ծավալով), դենդրոպարկի չորացած ծառերը, ավերված ջրառը։ Այդ խախտումների համար Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջեւանի գինու, կոնյակի գործարանին տուգանել է 216 հազար դրամի եւ 350 հազար դրամի չափով։
Մեխակ Սայադյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժնում իր հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործի քննության ընթացքի եւ արդյունքների մասին ինքը տեղյակ չէ։ Նա ասաց, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կատարած շինարարության հետեւանքով Իջեւանի դենդրոպարկի ջրառն ավերված է, այն գետի հունից բարձրացել է մոտ 2,5 մետր, Իջեւանի դեդրոպարկը շուրջ մեկ տարի Աղստեւ գետից ոռոգման ջուր չի ստանում։ Նոր ջրառ կառուցելու համար հարկավոր է Աղստեւի աջ, դենդրոպարկին հարող ափին մոտ 100 մետր երկարությամբ բետոնյա պատ կառուցել եւ դրա հետ բետոնյա մասից նոր ջրառ սարքել, սակայն ո՞ր կազմակերպությունն է հոգալու այդ մեծ ծախսերը։ Գետի հունի նեղացման հետեւանքով վարարած Աղստեւը վերջին երկու տարիներին դենդրոպարկի տարածքից քշել-տարել է կես հեկտար տարածք, մոտ 15 հազար խմ հող։ Մ. Սայադյանը Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կատարած ապօրինությունների վերաբերյալ դիմել է դատախազություն, վարչապետի աշխատակազմ, ՄԻՊ-ին եւ այլն, սակայն անարդյունք։ Իջեւանի այցեքարտ, «մարգարիտ» դենդրոպարկը ծագումով Իջեւան քաղաքից Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մնալով առանց ոռոգման ջրի, չորանում է, դենդրոպարկի հազվագյուտ, արժեքավոր ծառատեսակները ոչնչանալու վտանգի տակ են։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ