Հուլիսի 11-ին երգչուհի Լիդուշիկը նշել է ծննդյան 23-րդ ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ հատուկ տարեդարձին չի պատրաստվել եւ մեծ խնջույք չի կազմակերպել:
«Ճիշտն ասած, արդեն գիտակցում ես, որ 23 տարեկան ես, արդեն բավականին մեծ եւ հասուն մարդ ես, նույնիսկ մի պահ իմ նորածին ժամանակվա ալբոմն էի նայում, որը մայրիկիս սրբորեն պահել էր եւ գրառել իմ առաջին քայլերը, եւ երբ սկսեցի թերթել, կարդալ, մի պահ նույնիսկ շատ հուզվեցի եւ հասկացա, որ արդեն մեծ եմ»,-նշեց երգչուհին:
Լիդուշիկի խոսքով՝ քանի որ տարեդարձը մեծ եւ շքեղ չի նշել, արտասավոր որեւէ անակնկալ տեղի չի ունեցել. «Պարզապես ընտանիքով հավաքվել ենք եւ ինձ հարազատ մտերիմ ընկերուհիներով նստել մի տեղ եւ հաճելի ժամանակ անցկացրել: Արտասավոր որեւէ բան չի եղել, պարզապես որոշեցի այս անգամ ավելի փակ, շատ նեղ ընտանեկան միջավայրում նշել: Անկեղծ ասած, ես այնքան էլ ճոխ տարեդարձ սիրող մարդ չեմ եւ գրեթե իմ բոլոր տարեդարձները նշել եմ ազգիս հետ համերգի կամ շնորհանդեսի տեսքով: Այս անգամ էլ, ինչպես վերջին մի քանի ծնունդներս, որոշեցի նշել ամենահարազատներիս հետ եւ, կարեւորը, հաճելի մթնոլորտում: Ես սիրում եմ փակ, հաճելի եւ գեղեցիկ միջավայր, համենայնդեպս, առայժմ այդպես եմ որոշել»,-ասաց նա:
Լիդուշիկի միակ երազանքը խաղաղ երկրնքի տակ ապրելն է. «Եվ ամենակարեւորը՝ բոլոր երազանքները դարձնել նպատակներ եւ փորձել իրականացնել դրանք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին մեզ հետ զրույցում ասել էր. ««Առաջնային պլաններս կապված են ծննդյանս օրվա հետ, երեւի ընտանիքիս հետ երկրից դուրս կգնանք նշելու, ինչպես անցյալ տարի, բայց դեռեւս հստակ վայր չենք որոշել, քանի որ ստուդիայի հետ կապված անավարտ գործեր կան, երեխաների մեծամասնությունը նույնիսկ հրաժարվում է արձակուրդ գնալ: Այնպես որ, դեռ աշխատանքային ընթացքի մեջ եմ եւ հանգստի մասին կսկսեմ մտածել երեւի արդեն հուլիսի կեսերից: Իսկ տարեդարձիս առթիվ չգիտեմ, թե ընտանիքիս հետ ուր կգանք: Անցյալ տարի Եգիպտոսում ենք եղել, շատ լավ անցավ, այս տարի դեռ չգիտեմ. եթե այլ տեղ չընտրենք, ինչպես ասում են, Եգիպտոսը կա ու կա»,- ասաց երգչուհին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԲԱՑՎԻ ՆՈՐ ԿԻՆՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Երեւանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց՝ Yerevan International New Cinema School-ը։ Այն նպատակ ունի պատրաստել ռեժիսորների եւ սցենարիստների, որոնք կունենան այն հմտություններն ու գիտելիքները, որոնք պահանջում է ժամանակակից կինոն, եւ զգայուն կլինեն ժամանակակից նյութի նկատմամբ, որից կստեղծեն կենդանի կինո։
Դպրոցի ստեղծման գաղափարն առաջացել է Մոսկվայի նոր կինոյի դպրոցի, Yerevan Biennale Art Foundation-ի եւ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում:
Ավետիսյանը նշեց, որ «Ոսկե ծիրան»-ի՝ ճանաչում ունեցող հյուրերին եւս ներգրավելու են դպրոցի աշխատանքներում:
Թե երբ Երեւանում կբացվի կինոդպրոցը, դեռ հստակեցված չէ:
Գենադի Կոստրովը, որը Մոսկվայի նոր կինոյի դպրոցի ռեկտորն է, ասաց՝ ՌԴ մայրաքաղաքում դպրոցը հաջողությամբ գործում է 11 տարի, Սանկտ Պետերբուրգում՝ վեց տարի: «Դպրոցում տարբեր արվեստանոցներ են գործում, որոշ արվեստանոցներ մրցակցում են միմյանց հետ: Տարիների ընթացքում բազմաթիվ շրջանավարտներ ենք ունեցել: Մեր դպրոցներում սովորել են աշակերտներ հետխորհրդային մի շարք երկրներից: Մեզ հաջողվում է ապահովել միջավայր, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք ընդգծում են ստեղծագործողի անհատականությունը: Մեր վարպետները շատ են ու տարբեր, նրանցից են Օլեգ Դորմանը, Անատոլի Վասիլեւը, Ֆրեդ Քելեմանը, Արթուր Արիստակեսյանը եւ այլք»,-մանրամասնեց Կոստրովը:
Մոսկվայի նոր կինոյի դպրոցի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Դմիտրի Մամուլիան անդրադարձավ դպրոցի մեթոդաբանությանն ու շեշտեց՝ սովորաբար կինոդպրոցներում փորձում են սովորեցնել, թե ինչպես կառուցել դասական սցենարը, ինչպես նկարահանել, մոնտաժել եւ այլն:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԶՈՒՄ
Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ։ Իգոր Պիկուշչակը «Նոա»-ին միացել է 2022-ի մարտին, նրա օրոք թիմը անցկացրել է 7 հանդիպում Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրանում՝ տանելով 2 հաղթանակ, կրելով 2 պարտություն եւ 3 խաղ ավարտելով ոչ-ոքի։ Ակումբը շնորհակալություն է հայտնել 39-ամյա մասնագետին սեղմ ժամկետում կատարած ծավալուն աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԲԱՍԿԵՏԲՈԼՈՒՄ
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում. այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 76-97 հաշվով պարտվեց Անդորրայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը անդորրացի Գերնի Վինաս Սուարեսն էր՝ վաստակած 28 միավորով: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Մոլդովայի հետ:
ԿԱՐԻԵՐԱՅԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ
Անգլիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ռահիմ Ստերլինգը հայտարարել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։ «Ես եկա Մանչեսթեր 20 տարեկանում։ Հիմա հեռանում եմ տղամարդ դարձած»,- գրել է սոցիալական ցանցերում Ստերլինգը՝ հրաժեշտ տալով «Մանչեսթեր Սիթիին» եւ ակումբի երկրպագուներին։ Ստերլինգը կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», որը նրա տրանսֆերի համար կվճարի 47,5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ստերլինգը 2015-ին «Լիվերպուլից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, գյումրեցի գերծանրքաշային (+109) Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը։ Մրցակարգի համաձայն՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ամեն երկիր հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ-մարզուհի ներկայացնել: Սպասվում է, որ Հայաստանը գերծանրքաշային կարգում կներկայացնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը, որը նախկինում հանդես էր գալիս 109 կգ քաշային կարգում, սակայն այդ քաշային կարգն այլեւս օլիմպիական չէ։ Հայաստանի հավաքականը հուլիսի 25-ից Աբովյանում կսկսի ուսումնամարզական հավաք՝ սկսելով պատրաստվել տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։