ԲԱՆԱԿՈՒՄ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ ՀՀ զինված ուժերում երեք զինվորի մահ արձանագրվեց: Ի սկզբանե պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ զինվորներն ինքնասպան են եղել, իսկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից «Ժողովուրդ»-ի տեղեկացրին, որ այդ գործերով կան ձերբակալվածներ:
Հիշեցնենք, որ զինվորներից մեկը հոկտեմբերի 9-ին մահացած Խարբերդի բնակիչ 19-ամյա Վլադիմիր Ասատրյանն էր, որի մայրը` տիկին Անժելան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը չի հավատում որդու ինքնասպանությանը:
Երեկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացանք, որ տվյալ գործով երկու օր առաջ ձերբակալվել է կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դիրքի ավագ Վահան Եղիազարյանը` Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) հատկանիշներով: Վերջինս այն անձանցից մեկն է, ում անունը Վլադիմիրը  գրել էր իր բազուկի վրա:
Մերի Սարգսյանը նշեց, որ մեկ անձ էլ ձերբակալվել է Մատաղիսի N զորամասում մահացած Յուրիկ Ներսիսյանի գործով: Իսկ Իջեւանի զորամասերից մեկում մահացած 21-ամյա Արամ Մելքոնյանի մահվան կապակցությամբ ձերբակալվածներ դեռեւս չկան: Ի դեպ, Արամի մայրը «Ժողովուրդ»-ին ասաց, թե չի բացառում, որ տղան բանակում տիրող «ռազբորկաների» պատճառով է ինքնասպան եղել:
Այս երեք դեպքերի հետ կապված՝ «Սեւազգեստ մայրերը» ուրբաթ օրը բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահի նստավայրի մոտ: Նրանք  նշեցին,  որ իրենք շատ են ուզում իրենց կողքին տեսնել նաեւ նույն  կարգավիճակում հայտնված Մարգարիտա Խաչատրյանին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ: Տիկին Մարգարիտան ասաց, որ վերջին դեպքերի հետ կապված` իր ցավակցական ուղերձն է տարածել, եւ այդ շաբաթ ինքը տարբեր զորամասերում է եղել. «Բայց ես ոչ մի անգամ, բացի քննադատելուց, չեմ ողջունել:  Ես բոլոր զորամասերում էլ ասել եմ` ձեր ձեռք, ձեր ոտը պաչեմ, զինվոր կլինեք, թե սպա, ձեր ոտը լվամ,  ջուրը խմեմ, աղաչում եմ ձեզանից` կյանքեր մի՛ խլեք, միմյանց նկատմամբ ունեցե՛ք փոխադարձ հարգանք, եղե՛ք ներողամիտ եւ իմ կողքին սեւազգեստ մայրեր մի՛ ավելացրեք: Ես չեմ ցանկանում, որ իմ կողքին սեւազգեստ մայրերն ավելանան, վիշտ տեսած մայր եմ»:
Քանի որ հարուցված հոդվածները հիմնականում վերաբերում են նրան, որ զինվորների ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետեւանքով են  տղաներն ինքնասպան լինում, մենք տիկին Մարգարիտայից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նա զորամասեր այցելելու ընթացքում  նկատել է, որ նման խնդիր  կա: «Եթե մենք կարողանանք բանակում մտցնենք ներողամտությունը միմյանց նկատմամբ, հասնենք նրան, որ մեր զինվորները, մեր սպաները միմյանց նկատմամբ ունենան ներողամտություն, մենք զոհերի քանակ չենք ունենա, այս վերջին դեպքերում հիմնականում զինվորներն են, որ չեն ներում միմյանց: Ես այն մայրերից եմ եղել, որ 1998-2000թթ. ցույցեր եմ արել, բայց չեմ կարողացել իմ տղայի սպանությունը բացահայտել, ես արդյունքը չեմ տեսել: Եթե ես իմ տղուն կորցնելուց հետո մի 10 զինվոր էլ պետք ա կորցնեմ, 10 մայր էլ պիտի բալա կանչի… ես իմ աշխատանքով եմ պայքարում, որ իմ կողքի մամաների քանակը չավելանա, բալե՛ս, ես փորձեցի քարկոծել… պիտի մեր էրեխեքը թիրախ չդառնան»,-սրտնեղած նշեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե սեւազգեստ մայրերը բողոքի ակցիայի ժամանակ նշում էին, որ իրենք ցանկանում են իրենց կողքին տեսնել նաեւ իրեն, ինչո՞ւ ինքը չի միանում նրանց, ասաց. «Իմ համար ամենաթանկ բանը զինվորն ա, բայց երբ տիկին Մարգարիտան այդ նույն նստավայրի դիմաց շորը գցած, պառկած էր, այսօրվա ցույց անող կանայք ինձ գժի տեղ էին դրել, եւ ամեն մեկն ասում էր, որ էս կինը գժվել ա: Ես անցել եմ էդ ճանապարհը, եթե ես իմանամ` արդյունք կտա, ես կմիանամ նրանց, բայց ես գիտեմ, որ արդյունք չի տա»:
«Սեւազգեստ մայրերը» պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը` նրան համարելով թույլ մարդ, սակայն տիկին Մարգարիտան այդ կարծիքին չէ. «Ո՛չ, ես չեմ կարծում, տեղերը փոխելուց գումարը չի փոխվում: Պետք է մտածել` արդյո՞ք Սեյրանին հանելուց, Սեյրանին թույլ համարելուց, գումարելիների տեղերը փոխելուց գումարը կփոխվի»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս