ԱՎՏՈՎԹԱՐԻՑ 5 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 00:20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ում: Վթարի հետեւանքով հինգ մարդ տեղում մահացել է, իսկ մի քանիսը` տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼՍ 972 համարանիշի, «ՎԱԶ-2106» մակնիշի 24 ՏԼ 232 համարանիշի եւ «ԳԱԶ-24» մակնիշի 67 ԼԼ 042 համարանիշի ավտոմեքենաները:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն`  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ մի ընտանիք է եղել, որը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից մեկնել է նույն մարզի Ծովինար գյուղ` ծննդյան արարողության մասնակցելու համար:  Կեսգիշերին վերադառնալիս Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել «ՎԱԶ-2106»-ի դեմ եւ հարվածել, հետեւից էլ մեքենաներին է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի մեքենան:
«ՎԱԶ-2106» մեքենայի մեջ հիմնականում տղամարդիկ են եղել, իսկ «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի մեջ` կանայք: «ՈՒԱԶ»-ում զինվորականներ են եղել, որոնք իրենց գործի բերումով Գավառ պետք է գնային: Ականատեսների պատմելով` «ՈՒԱԶ»-ն այնպես է հարվածել «ՎԱԶ-2106»-ին, որ վերջինիս վրայով անցել է:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` Ակունք գյուղի բնակիչ 32-ամյա Մհեր Օհանյանը, եւ ուղեւորները` նույն գյուղի բնակիչներ 22-ամյա Արկադի եւ 25-ամյա Արա Թադեւոսյանները, ինչպես նաեւ  45-ամյա Կարեն Բադալյանը տեղում մահացել են:
Խոշոր վթարի հետեւանքով մահացել է նաեւ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 27-ամյա Սարգիս Պողոսյանը, իսկ ուղեւորներ 21-ամյա Սամվել Ենուկյանը, 26-ամյա Դավիթ Գասպարյանը եւ վարորդ 26-ամյա Մանվել Զարոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց, որտեղ, սակայն,  27-ամյա Սարգիս Պողոսյանը եւս մահացել է:  «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում գտնվող  Սամվել Ենուկյանի եւ Դավիթ Գասպարյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 23-ամյա Ոսկան Բադալյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ հրաժարվել շտապօգնության բժիշկների օգնությունից: Իսկ մեքենայում գտնվող կանայք որեւէ լուրջ վնասվածք չեն ստացել:
Տեղեկացնենք, որ երեկ` ժամը 10:45-ի սահմաններում, նմանատիպ խոշոր ավտովթար է տեղի ունեցել նաեւ Գյումրու Տերյան փողոցում. վթարվել է 5 ավտոմեքենա: Վթարի հիմնական պատճառը եղել է զինծառայողներ տեղափոխող «ՈՒՐԱԼ» մակնիշի մեքենան, որը չի հասցրել արգելակել եւ բախվել է ավտոտեխսպասարկման դիմաց կայանած մեքենաներին: «ՈՒՐԱԼ»-ը նախ հարվածել է «ՎԱԶ 24» մակնիշի մեքենային, որն ուժգին հարվածից մոտ տասը մետր առաջ է գլորվել, ապա բախվել է նաեւ մյուս մեքենաներին: Բարեբախտաբար, «ՈՒՐԱԼ» մակնիշի մեքենայում գտնվող զինծառայողները չեն տուժել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս