Թագուհի Թովմասյանը ելույթ է ունեցել «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․ «Հուլիսի 21-ին մասնակցել և ելույթով հանդես եմ եկել «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը, խնդրի կանխարգելմանն ուղղված պետական ծրագրերը, ընտանեկան բռնության դեմ պայքարի, դեպքերի արագ արձագանքման և արդյունավետ կանխարգելման մեխանիզմների բարելավման հնարավոր ուղիները:

Այս առումով կարևորել եմ ԱԺ-ՔՀԿ համագործակցությունը, որի վառ ապացույցն է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության առաջարկով, իմ ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից մշակված օրենքի նախագիծը, որով` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու միջոցով դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն պետք է տրամադրվի նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց՝ ամուսնալուծության, ինչպես նաև երեխայի բնակության հարցի վերաբերյալ հայցերով, որի արդյունքում նշված անձինք կազատվեն պետական տուրքի վճարումից»։




Լրահոս