«ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԻ ԵՂԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ ինքն անձամբ տեղյակ չի, որ խորհրդարանն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: «ՔՊ-ում քննարկել ենք ու որոշել՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարց պետք չի բարձրացնել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

-Խորհրդարանի մեծամասնությունը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու նախագահությունը, նախաձեռնել են ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությանը մանդատներից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան. որոշումը դեռ չկա, բայց, այսպես ասած, այդ նախագիծը փակցված է պառլամենտի կայքում: Ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին: Արդա՞ր որոշում է:

-Մենք մեր խմբակցությունում քննարկել ենք այդ հարցը, եւ խմբակցությունը որոշում չի կայացրել՝ բարձրացնելու այդ խնդիրը:

-Բայց այս նախագիծն արդեն շրջանառված է:

-Ես չգիտեմ՝ ով է դրել շրջանառության մեջ: Կրկնում եմ՝ մեր խմբակցությունը քննարկել է, ու մենք որոշել ենք, որ պետք չէ այդ հարցը բարձրացնել: Որոշում ընդունեցինք՝ մեր ընդդիմադիր գործընկերներին պաշտոններից հետ կանչելու մասին, օրակարգով մտանք եւ այդ խնդիրը լուծեցինք, բայց այս հարցի հետ կապված խմբակցությունը որոշում չկայացրեց:

-Այդ դեպքում ինչպե՞ս է նախագիծը հայտնվելկայքում:

-Որտե՞ղ:

-Պառլամենտի կայքում հրապարակված է:

-Չկա նման բան: Կամ ես տեղյակ չեմ: Կամ չկա, կամ ես տեղյակ չեմ:

-Այսինքն ընդդիմությո՞ւնն է մանիպուլացնում, թե նման բան կա: Պառլամենտի կայքում փաստաթղթերը հրապարակվել են:

-Ես այդ երեւույթից տեղյակ չեմ: Ասենք, միգուցե եւ Ազգային Ժողովի նախագահությունը, որպես օրենքի պահանջ, նման նախաձեռնությամբ հանդես գա. թե ինչ լուծում կստանա ուրիշ հարց է: Համենայն դեպս ես տեղյակ չեմ:

-Այսինքն խմբակցությունը նման քաղաքական որոշում չունի՞:

-Այո, խմբակցությունը քննարկել է այդ հարցը եւ չի եկել այն եզրահանգման, որ այդ հարցը պետք է բարձրացվի:

-Ձեր գործընկերներից շատերն ասում են՝ ընդդիմադիր պատգամավորներն ինչու՞ պետք է շարունակեն խորհրդարանի աշխատանքները, եթե չեն գալիս խորհրդարան, բացակաների թիվը  մեծ է. ինչո՞ւ պետք է աշխատավարձ ստանան, եթե խորհրդարանական աշխատանքներով զբաղված չեն: Բայց հակառակ փաստն էլ կա. պնդում կա, որ մեծամասնության ներկայացուցիչներից ոչ բոլորն են պարտաճանաչ խորհրդարան գալիս եւ աշխատում: Ի՞նչ կասեք:

-Թե ովքեր են գալիս եւ պարտաճանաչ աշխատում, այդ ամենը ֆիքսվում է քվեարկությաններով, գրանցումներով եւ այլն: Երբ մենք քննարկում էինք մեր ընդդիմադիր գործընկերներին պաշտոնից հետ կանչելու հարցը, միանշանակ, ամեն ինչ պարզ էր: Մենք տեսնում էինք, որ իրենք այս աշխատանքները չէին կատարում, ինչի պատճառով մեր աշխատանքները տուժում էին: Դա մեր լիազորությունների շրջանակներում էր: Ինչ վերաբերում է մանդատներից զրկելու հարցին (ինչին ես կոնկրետ մասնակից եմ), բոլոր նրանք, ովքեր չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները, պետք է համապատասխան ընթացքին արժանանան, տվյալ դեպքում՝ մանդատներից զրկվելուն:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որը նախորդ տարվա ապրիլին է նշանակվել այս պաշտոնին, բավականին ապահովված է: ArmLur.am-ը ուսումնասիրել է նրա եւ կնոջ ներկայացրած տարեկան հայտարարագրերը: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ Մարտիրոսյանը, մինչ այս պաշտոնին նշանալկվելը, բավականին երկար ճանապարհ է անցել ուժային համակարգում, մասնավորապես՝ ոստիկանությունում:

 

Այսպես, 2018 թվականին Մարտիրոսյանը 36 հազար դոլարով Մալաթիա-Սեբաստիայում բնակարան է գնել: Այդ ժամանակահատվածում նա զբաղեցրել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետի պաշտոնը, երբ ամսական ստացել է 331 հազար դրամ աշխատավարձ: Մարտիրոսյանը 2020 թվականի սեպտեմբերին 2006 թվականի արտադրության Mercedes-Benz է գնել՝ 1.50 դրամով: Նշենք, որ այս արժեքը հայտարարագրում է նշված: Եթե հավատանք այս թվին, ապա ստացվում է, որ պաշտոնյան կոպեկներով ավտոմեքենա է գնել: Գուցե շփոթել են. դեռ հայտնի չէ, եթե ոչ, ապա կխնդրեինք կիսվել ցածր գնով ավտոմեքենա գնելու գաղտնիքով:

2020 թվականի եկամուտը նրա սեփական աշխատավարձն է, որը ստացվել է երկու վայրից՝ ոստիկանությունից եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, որն ընդհանուր 6 մլն 880 հազար դրամ: Բացի այս, նա 1 մլն 933 հազար դրամի չափով երկարամյա ծառայության կենսաթոշակ է ստացել ոստիկանությունից:

Իսկ ահա 2021 թվականին Մարտիրոսյանը մի առանձնատուն է գնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Նախորդ տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն դրամ: Օրինակ՝ 10 մլն 614 հազար դրամ ստացել է կառավարության աշխատակազմից, իսկ 1 մլն 677 հազար դրամ էլ նա ստացել է շրջակա միջավայրի նախարարությունից: Բացի այս, Մարտիրոսյանը ամսական 146 հազար դրամ կենսաթոշակ է ստացել ոստիկանությունից:

Հովհաննես Մարտիրոսյանի կինը՝ Նոննա Սահակյանը, բանկերից մեկում փոխառություն ունի, որը նախորդ տարեվերջին կազմել է 35 հազար եվրո, որն ի դեպ, տարեսկզբին կազմել է 78 հազար եվրո: Այսինքն՝ պաշտոնյայի կինը 44 հազար եվրոն վերադարձրել է: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 115 հազար դրամ, 1635 եվրո, 152 հազար ռուսական ռուբլի եւ 12 հազար 594 դոլար: Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավարի կինը անհատ ձեռնարկատեր է, եւ 2021 թվականի եկամուտը գոյացել է 4 վայրից ստացած աշխատավարձից. Նա ստացել է 7 մլն 791 հազար դրամ, 2 276 եվրո, 2 մլն 762 ռուբլի եւ 7246 դոլար: Ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԳՆԵՐԻՑ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀՀ կառավարությունը էկոնոմիկայի նախարարությանը գումար է հատկացնելու՝ ազոտական պարարտանյութի գնի սուբսիդավորման նպատակով: Բացի այս, մինչ այս էկոնամիկայի նախարարությանը, գործադիրը 1 մլրդ 962 մլն դրամ է հատկացրել 10.900 տոննա պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացնելու համար: Եւ ներկայումս անհրաժեշտ է եւս 1 մլրդ 709 մլն 253 հազար դրամ՝ 9495.85 տոննա պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացնելու համար։ Նշենք, որ ՀՀ է ներկրվել 20 հազար 400 տոննա պարարտանյութ, մատակարարվել է տնտեսվարողներին։

Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից՝ շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Մյուս կողմից, գյուղացիներն են դժգոհում կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի գնից: Մենք սելիտրայի գնի փոփոխության հետ կապված դժգոհություններ ստացել ենք Արմավիրի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերից: Գյուղացիների պատմելով՝ իրենք մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել են 12.000 դրամ, սակայն, օրեր անց իրենցից պահանջել են ավելացնել եւս 2000 դրամ:

Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 12.000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14.000 դրամ: Բայց մասնագետների համոզմամբ, Կառավարությունը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին պետք է ձեռք բերեր պարարտանյութ եւ պահեստավորեր, քանի որ այն ցածր գին է ունեցել այդ ժամանակահատվածում՝ 6000 դրամ: Իսկ հիմա թանկ գնով ձեռք է բերել, 9000 դրամը սուբսիդավորել, տպավորություն է, որ ներկրողին է աջակցում, այլ ոչ թե գյուղացուն:

 

 

 

ԴՆԹ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց առողջապահության նախարարությանը կհատկացվի 75 հազար դոլար: Նշենք, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն, ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից: Բայց դեռ կան բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտ է եւս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման եւ գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է 75,000 դոլար կամ 31 մլն 125 հազար դրամ:

 

 




Լրահոս