ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարեցվել են։
Իսկ ի՞նչ պատմությունների մեջ հայտնվեց դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը:
Վերջինիս՝ դատարանի նախագահ նշանակվելուց հետո ԱԱԾ-ն մտավ Վերաքննիչ դատարան եւ առգրավեց մակագրման սարքը: Տեւական ժամանակ դատական համակարգը հայտնվեց անցանկալի կարգավիճակում, եւ քաղաքական իշխանությունները աղմկահարույց գործերը մակագրեցին իրենց սիրելի դատավորներին: Վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների նկատմամբ հարուցվեցին կարգապահական վարույթներ եւ նման այլ դեպքեր:
Ավելին՝ հիշեցնենք, թե ինչ պատմության մեջ էր հայտնվել տարիներ առաջ դատավոր Սահակյանը: Տարիներ առաջ քրեական գործերից մեկով «պրոմըխ» տված դատարանի նախագահը վերադարձավ իր աթոռին: Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել էր հուլիսի 4-ին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում դատավորները ցանկանում էին տեսնել հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող եւ անաչառ դատավոր Մխիթար Պապոյանին, մինչդեռ դա ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէր, քանի որ համակարգում հեղինակություն վայելող դատավոր Մխիթար Պապոյանը որեւէ կերպ չէր համաձայնի գործարքի գնալ Ջհանգիրյանի հետ, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չէր կայացնի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում էին նաեւ դատավոր Սեւակ Համբարձումյանի եւ Տիգրան Սահակյանի թեկնածությունները, որոնք բավականին մոտ հարաբերություններ ունեն ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Ինչեւէ, արդյունքում Տիգրան Սահակյանը ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ստացվում է՝ ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհագիրյանը համակարգը ամրապնդել էր իրեն ենթարկվող դատավորներով հետագայում դատական համակարգից ցանկալի արդյունք ստանալու համար: Իսկ հիմա եւս մեկ ուշագրավ հանգամանքի մասին. Տիգրան Սահակյանը 2008 թվականից մինչեւ 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը, սակայն աղմկալի պատմության արդյունքում նրա հետ գործարքի գնացին ու հանեցին նախագահի պաշտոնից: Այսպիսով, 2016 թվականին մամուլը ողողվեց երկու դատավորների շուրջ առաջացած սկանդալային պատմությամբ: Մասնավորապես, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնն իջեցրել էին՝ նրան տալով սովորական դատավորի կարգավիճակ, իսկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը, ինչպես հիմա, անհետացել էր: Պատճառը, ինչպես մամուլն էր գրել, մի քրեական գործով «պրոմըխն» էր: Ըստ տեղեկությունների՝ ինչ-որ գործով Ս. Ուզունյանն ու Տ. Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումը գրի, գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում դատավորի կարգավիճակով։ Թե որ գործով եւ ինչ վրիպում էին թույլ տվել, հայտնի չդարձավ, սակայն որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է՝ այդ «վրիպումի» մասով արտահոսքը կազմակերպել է ու ղեկավարներին հայտնել է դատավորներից մեկը: Եվ, ահա, Սամվել Ուզունյանին ՀՔԾ-ն կաշառքի գործով երկու տարի է՝ փնտրում է, իսկ տարիներ առաջ «պրոմըխ» տված Սահակյանի համար արշալույսները խաղաղ էին, ու նա վերադարձել էր նախագահի պաշտոնին։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից պարզվել է, որ մի խումբ անձինք շահադիտական նպատակով երկու եւ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20000-26000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ եւ Շենգենյան համաձայնության երկրներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում եւ արտերկրում գտնվող իրավասու մարմիններին:
Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաեւ տուրիստական գործակալությունում կատարված խուզարկություններով հայտնաբերվել եւ վերցվել են բազմաթիվ կեղծ կնիքներ, դրոշմներ, փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձեւանմուշներ, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված առանձնապես խոշոր չափերով գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, էլեկտրոնային կրիչներ: Վարույթում առկա փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե, իբր, ՀՀ-ում 2018 թվականից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների եւ նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին եւ հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել եւ հորդորել քաղաքացիներին նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին՝ խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը, եւ այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել իրենց: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր, կնիքներ պատրաստելու եւ օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Հուլիսի 14-ին ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա, ըստ նախնական տվյալների, վնասվածքը ստացել էր Արարատի մարզում։ Պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի կամրջի մոտ: Կենցաղային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջեւ վեճ էր եղել. հայտնի է դառնում նաեւ մասնակիցների շրջանակը, այդ թվում՝ տուժողին դանակահարողի ինքնությունը. Այգավան գյուղի բնակիչ էր, 32 տարեկան: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: Ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
ԿԱՇԱՌՔ՝ ՊԱՐԵԿԻՆ
Հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան եւ Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթեւեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։ Վարչական իրավախախտման փաստով արձանագրություն կազմելու ժամանակ մեքենայի 35-ամյա ուղեւորը արձանագրություն չկազմելու համար 5-հազարանոց թղթադրամը փորձել է դնել պարեկի գրպանը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 18-ին հիվանդանոցից տարբեր ժամերի ահազանգ է ստացվել ոստիկանություն երեք 52-ամյա տղամարդկանց վերաբերյալ, որոնց տեղափոխել են հիվանդանոց որովայնի եւ գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները վնասվածքները ստացել են Նոր Նորքի 4-րդ զանգվածում: Հուլիսի 17-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Թեւոսյան փողոցի արտադրամասի բակում վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածների, 27-ամյա երիտասարդի եւ այլ անձանց միջեւ։ Վիճաբանության ընթացքում էլ 27-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել 52-ամյա երեք տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: