ԱՎԱՐՏՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

 

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Լիժույծյունի «Հող էիր, հող դարձար» ֆիլմը, Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։

Մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկարի»: Թերի Ջորջի հայտնի աշխատանքներից  են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։

«Պետեր վան Բյուրենի անվան տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արեւը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։

FIPRESCI մրցանակը տրվեց Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը» կինոնկարին:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը, Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի եւ Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը, հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»։

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» (լավագույն հայկական կարճամետրաժ) կինոնկարը:

Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։ Մրցանակը հանձնեց 2019 թվականին «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր եզդի իրավապաշտպան, գրող եւ ակտիվիստ Միրզա Դինային:

Մրցանակաբաշխության ավարտին բեմ բարձրացավ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի ժյուրիի անդամներին, հյուրերին, հանդիսատեսին:

Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։ Ըստ սցենարի՝ երբ Արցախի Հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարյանն ապաստան է գտնում եւ սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է արցախյան 44-օրյա պատերազմի մի ամբողջական եւ բազմաշերտ պատմագրություն։

Նշենք, որ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնն անցկացվեց հուլիսի 10-17-ը: Փառատոնին ցուցադրվեց շուրջ հարյուր ֆիլմ: Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել մի շարք պատվավոր հյուրեր, որոնցից էին իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին եւ այլք։

 

 

«ԻՄ ՏԱՆ ՍՅՈՒՆՆ ԷԻՐ». Լ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Այսօր հայտնի երգչուհի, 90-ականների հայկական էստրադայի «սեքս խորհրդանիշ» Լիլիթ Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի ծննդյան տարեդարձն է: Օրվա առթիվ երգչուհին խորհրդավոր եւ հուզիչ գրառում է արել:

 

«Կարե՛նս, իմ թա՛նկ եղբայր, իմ համեստ, մաքուր, սիրուն, անթերի, իմ կյա՛նք, ծնունդդ շնորհավո՛ր։ Դու իմ տան սյունն էիր, իմ ամեն ինչն էիր, առանց քեզ շատ դժվար է, ու գնալով այդ ցավը դառնում է անտանելի։ Ես, մաման քեզ շատ ենք կարոտել։ Մեր պահապան հրեշտակ, ծնունդդ շնորհավո՛ր»,-գրել է Լիլիթ Կարապետյանը:

Նշենք, որ ավելի վաղ, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով նրա համար շատ ծանր եւ հուզիչ թեմայի, եղբոր մասին պատմել էր.

«Եղբայրս շատ լավ երգեր էր գրում, միայն մեկն առանձնացնել չեմ կարող: Առաջինը երեւի «Կարապի սերն» էր, «Սիրո քամին» (շատերն են ասել, որ այս երգի տակ սիրահարվել են ու ընտանիք կազմել), «Երկու քույրը» չնայած իմը չէր, բայց եղբորս վերամշակումից հետո իմը դարձավ ու շատ սիրվեց: Սիրված ու մինչ օրս պահանջված է նաեւ «Տանգո» երգը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅԼ ԹԻՄ

Ճապոնիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարիերան կշարունակի իսպանական «Ռեալ Սոսիեդադում»։ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից Արքայական ակումբը կստանա 6,5 միլիոն եվրո, սակայն նրա հաջորդ վաճառքից կստանա գումարի 50 տոկոսը։ Առաջիկայում Կուբոն բուժզննում կանցնի նոր ակումբում եւ կկնքի պայմանագիր։ Կուբոն 2019-ի ամռանը ազատ գործակալի կարգավիճակում էր անվճար միացել «Ռեալին»։ Դրանից հետո նա վարձակալությամբ խաղացել է իսպանական «Մալյորկայում» եւ «Խետաֆեում»։ Transfermarkt-ը Կուբոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։

 

 

ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ ԹԻՄՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի տեղափոխությունն իտալական «Նապոլիից» իր ղեկավարած թիմ։ «Կուլիբալին մեր թիմին կբերի փորձ, որակ, հրաշալի պաշտպանություն, աճ, այն ամենը, ինչ մենք փնտրում ենք պաշտպանության գծի համար։ Սա եւս մեկ հրաշալի ձեռքբերում է մեր թիմի համար։ Հույս ունեմ, որ նա շատ արագ կհարմարվի թիմին եւ կցուցադրի իր բարձր կարգը։ Կուլիբալին արդեն սկսել է մարզումներն ընդհանուր խմբում։ Բոլորս երջանիկ ենք։ Նա Մենդիին ճանաչում է Սենեգալի հավաքականից, Ժորժինյոյի հետ խաղացել է «Նապոլիում»։ Կարծում եմ՝ նա շատ արագ կհարմարվի եւ կզգա, որ պահանջված խաղացող է։ Մենք ունենք շատ լավ կոլեկտիվ, եւ բոլորը երջանիկ են, որ Կուլիբալին միացել է թիմին»։ 31-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։ Անցած մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

 

 

ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻՆ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխությունը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կատալոնական ակումբ։ «Լեւանդովսկին մի քանի անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»։ Նա երաշխավորում է շատ գոլեր, իսկ ամեն մեծագույն թիմի պետք է այդպիսի հարձակվող։ Լեւանդովսկու, Անսու Ֆատիի եւ Օբամեյանգի հետ մենք ունենք շատ գոլերի երաշխիք։ Մրցաշրջանները գնալով դառնում են ավելի երկար եւ բարդ, հանդիպումների քանակը մեծանում է, իսկ Լեւանդովսկու կինը սննդաբան է։ Դա հրաշալի է։ Լեւանդովսկուն ձեռք բերելու համար մենք մրցակցում էինք ՊՍԺ-ի եւ «Չելսիի» նման ակումբների հետ։ Ռոբերտը ցանկացավ կարիերան շարունակել մեր ակումբում։ Նա ստիպված էր ենթարկվել լուրջ ճնշման»։ Լեւանդովսկին Մայամիում միացել է «Բարսելոնային» եւ արդեն բուժզննում է անցել։ Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր։

 




Լրահոս