Ադրբեջանն Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակում է լայնամասշտաբ ճանապարհների, թունելների ու կամուրջների կառուցումը: 44-օրյա պատերազմից ի վեր պաշտոնական Բաքուն մտահոգվում է ոչ միայն իր կողմից օկուպացված բնակավայրերի վերականգման ու վերազինման, այլ նաև դրանք մեկը մյուսին կապելու ճանապարհային հանգույցների մասին:
«Sputnik Արմենիան» է ներկայացրել, թե ավելի քան մեկուկես տարվա ընթացքում ինչպիսի ճանապարհաշինարարություն է իրականացրել Ադրբեջանը: Լրատվամիջոցը, օգտվելով արբանյակային լուսանկարներից, ադրբեջանական ու թուրքական մամուլի հրապարակումներից և այլ բաց աղբյուրներից, ուսումնասիրել է իրականացվող աշխատանքներն ու պարզել՝ այս պահին նախատեսվում և իրականացվում է առնվազն 35 թունելի, 10 ավտոճանապարհի ու 2 երկաթուղու կառուցում։ Վերանորոգվում են նաև նախկինում առկա ճանապարհները:
Իսկ ArmLur.am-ն ավելի վաղ էր հայտնել, որ Բաքուն ադբեջանական Գյանջան Քարվաճառին կապելու համար մոտ 12 կմ-անոց թունել է կառուցում, որ շահագործման կհանձնվի 2025-ին. ճիշտ այն ժամանակ, երբ լրանում է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության ժամկետը։
Սևակ Վարդումյան