Բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար մեղադրվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
Դատարանը հուլիսի 7-ին որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել։ Աղվան Հովսեփյանի հանդեպ ընտրված խափանման միջոցը կալանքն է, սակայն նրա պաշտպանական թիմը գտնում է, որ Հովսեփյանի առողջական վիճակը համատեղելի չէ այդ խափանման միջոցի հետ։ Ավելի վաղ դատարանն այս հիմքով Հովսեփյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժել էր։ Այժմ էլ դատաբժշկական փորձաքննությանն առաջադրվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ Ա. Հովսեփյանն ինչ հիվանդություններ է ունեցել եւ ունի, նրա առողջական վիճակը 2021-ի սեպտեմբերի 8-ից մինչեւ օրս բացասական դինամիկա ունեցել է, թե ոչ, եւ եթե այո, ապա նա ինչպիսի բուժօգնություն ստանալու կարիք ունի, ինչ ծավալով, ինչ պայմաններում ու ինչպիսի բուժհաստատություններում։ Փորձաքննությունը պետք է պատասխանի նաեւ, թե Աղվան Հովսեփյանի ունեցած հիվանդությունները քրեակատարողական հիմնարկների պայմաններում խոչընդոտո՞ւմ են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի եւ պատժի կիրառմանը, արդյոք ճի՞շտ է նրան տրված ախտորոշումը, նրա հիվանդությունները պատճառահետեւանքային կապի մե՞ջ են նրա տարած վիրահատության հետ, վիրահատությունից հետո սկսված բարդություններն արդյոք անցողի՞կ են։ Հուլիսի 18-ին նշանակված նիստը չի կայացել, քանի որ Ա. Հովսեփյանի առողջական վիճակը լավ չէր, պետք էր դեղորայք ստանալ։
Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասում է. «Ինչպես հայտնի է, Ա. Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի ծանր ձեւը, որը զուգորդվում է պոլինեւրոպատիայով։ Ինչո՞ւ եմ մանրամասնում հիվանդության այս տեսակը. որովհետեւ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եւ, առհասարակ, նման միջնորդություն հարուցելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ տվյալ հիվանդությունը կա կառավարության համապատասխան որոշման մեջ, որում նախատեսված են կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունները։ Մեր միջնորդությունը բավարարվեց, համապատասխան փորձաքննությունը նշանակված է։ Բոլոր նյութերը եւ փորձաքննություն նշանակելու մասին որոշումն արդեն ուղարկվել են դատաբժշկական գիտագործնական կենտրոն։ Հանձնաժողովի ձեւավորումից եւ փորձագետների ճանաչումից հետո գործընթացը կմեկնարկի»։ Թե ինչ ժամկետների մասին է խոսքն այս դեպքում, Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ փորձաքննության իրականացման ժամկետ: Էրիկ Ալեքսանյանը ասում է. «Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանի դեպքից հետո մեր դատարանները կլինեն ավելի զգոն եւ անձի խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակում իսկապես կգնահատեն բոլոր հանգամանքները եւ կկարեւորեն անձի ազատության հիմնարար իրավունքը։ Այն պարզապես թղթի վրա գրված իրավունք չէ, դրա հանդեպ իրական հարգանք պետք է ցուցաբերվի, որպեսզի պետությունը հետագայում չունենա նման հետեւանքներ»։
Պաշտպանը նաեւ ընդգծում է՝ ՀՀ սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը մշտապես արձանագրել են, որ կալանքը ծայրահեղ միջոց է եւ կիրառվում է միայն այն դեպքերում, երբ ավելի մեղմ տեսակի խափանման միջոցներն ի զորու չեն լինում ապահովել անհրաժեշտ երաշխիքները. «Տեսնենք, թե օրենսդրական այս նոր փոփոխություններից հետո, մի շարք բացասական նախադեպերից հետո դատարանները նշյալ սուրբ կանոնին կհետեւե՞ն, թե՞ ոչ»։
Ք.Մ.
ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեում քննարկում է, թե որ բաժինը քննի վերջինիս մահվան փաստի առթիվ հարուցված քրեական վարույթը: Մասնավորապես, քննարկվում է քրեական վարույթ քննել Արմավիրի մարզում, թե այն տեղափոխել Երեւան եւ քննությունը շարունակել Երեւանում:
Հիշեցնենք, որ, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը դիմել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին եւ կոնկրետ փաստաթղթեր պահանջել վերջինիս առողջական խնդիրների եւ խցում գտնվելու պայմանների մասով:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը կհարցաքննի քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողերին՝ հասկանալու համար, թե Արմեն Գրիգորյանի ճնշումը քրեակատարողական հիմնարկում չափել են, առողջական վիճակը ստուգել են եւ նոր ուղարկել դատարան: Ըստ էության, իրավապահ համակարգը կփորձի այս քննության ընթացքում հասկանալ, թե բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու ոերւէ հանգամանք կա, թե ոչ, սակայն հիմնական հարցը կմնա օդից կախված:
Այսինքն՝ իրավապահների համար քննության առարկա չի դառնա ամենակարեւոր հարցը՝ արդյոք Արմեն Գրիգորյանի կալանավորումը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15-ին դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Արեշի 15-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել եւ բաժին են բերել 35-ամյա Ռուստամ Մ.-ին, որը մայիսի 30-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-21071» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 24-ին դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել: 51-ամյա վարորդ Գարիկ Հակոբյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
ՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված վարութային եւ քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Գայ գյուղում 30-ամյա տղամարդու սպանության դեպքը: Վերջինիս՝ դանակահարված վիճակում հիվանդանոց ընդունվելու եւ մահվան մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 24-ին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է տուժածի հայրը՝ ծնված 1957թ.: Վերջինս նույն օրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթ նախաձեռնող մարմնին: Վարույթի շրջանակներում ձերբակալվածի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին, հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել նմուշառումներ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաեւ դեպքի պահին տուժողի եւ վերջինիս հոր հագին եղած հագուստները: Նախաքննությունը շարունակվում է: