ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սերը թակարդում». հայտնի դեմքերը նոր հեռուստասերիալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ շուտով՝ օգոստոսի 2-ից հեռուստաէկրաններին կհայտնվի նոր հեռուստասերիալ՝ «Սերը թակարդում»: Նոր հեռուստանովելի ռեժիսորը Վարշամ Սաֆրազյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Անուշ Պետրոսյանը:

ArmLur.am-ին հեռուստասերիալի առաջին մանրամասները վստահել է նովելի սցենարի հեղինակ Անուշ Պետրոսյանը:

«Այս հեռուստանովելը տարբերվում է իմ բոլոր աշխատանքներից հենց միայն ոճային առումով: Այստեղ հերոսները երկուսն են՝ Դավիթը, ում կերպարը մարմնավորում է Դավիթ Աֆրիկյանը և Արամը, ում կերպարը մարմնավորում է Ավո Ադամյանը: Սերիալը պատմում է երկու ընկերների հավատարմության ու նվիրվածության մասին, ովքեր մեկը մյուսին օգնելով հասել են մեծ բարձունքների, սակայն ինչպես կյանքում, մեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, այնպես էլ սերիալում հերոսներից ամեն մեկն ունի իր առանձին պատմությունը: Այս սերիալը տարբերվում է նրանով, որ մեկ սերիալի մեջ մի քանի պատմություն է միահյուսված, որոնք առանձին-առանձին մեկ այլ սերիալի պատմություն են: Դա հատուկ եմ արել, որ հեռուստադիտողը չձանձրանա, հետաքրքրությամբ նայի յուրաքանչյուր դրվագ: Իսկ նովելում դեպքերը զարգանում են շատ արագ ու անսպասելի:»,-նշում է Անուշը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հեռուստասերիալում կերպարները շատ են, այնքան շատ, որ մեկ սերիալում խաղում են մոտ 26 դերասան, եւ կարելի է ասել, ներգրավված են երկու հեռուստասերիալի անձնակազմ:

«Վստահ եմ, որ հեռուստադիտողը չի հասցնի ձանձրանալ ու շունչները պահած կսպասեն հեռուստասերիալի դեպքերի զարգացմանը: Սերիալն ունի հատուկ մեսիջ՝ անել ու ասել այն, ինչ սիրտդ զգում է այդ պահին, հետո կարող է խոսքերդ ուշացած լինել ու շատ ափսոսաս չասված բառերի ու չարած քայլիդ համար»,-ընդգծում է նա:

Իսկ ինչ վերաբերում է դերասանական կազմին Անուշը ընդգծում է, որ խաղում են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Արմեն Մարությանը, Թեհմինե Խաչատրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Խաչատրյանը, Ավո Ադամյանը, Դավիթ Աֆրիկյանը, Մարինկա Խաչատրյանը, Ալինա Ավետիսյանը, Մարզպետ Խաչատրյանը եւ այլ սիրված ու ճանաչված դերասաններ:

Անուշ Պետրոսյանի փոխանցմամբ՝ «Սերը թակարդում» նոր հեռուստասերիալում ներգրավվել են նաեւ նոր դեմքեր, որոնց հեռուստադիտողն առաջին անգամ կտեսնի հեռուստասերիալում եւ շատ կսիրի:

«Չեմ ուզում ոչ մի փակագիծ բացել, բայց կարող եմ միանշանակ խոստանալ, որ այս հեռուստասերիալը լարված է պահելու բոլորին: Այն տարիքային բոլոր խմբերին է հետաքրքիր, յուրաքանչյուրը կգտնի իրեն հուզող ու հարազատ թեմա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս