ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿՈՒՄ ԴԵՌ «ԴՈՄԻԿՈՒՄ» ԵՆ ԱՊՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքն ընդգրկված չէ բնակարանային ապահովման ծրագրերի համապատասխան ցուցակում:
Օրերս Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ Մուշեղ Սուքիասյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը 1988թ. երկրաշարժից հետո զրկվել է բնակարանից եւ ինչպես շատերը, այսօր դեռ շարունակում է ապրել «դոմիկում»: «Ժողովուրդ»-ի խմբագրությանը բաց նամակ ուղարկելով` նա խնդրել էր, որ մենք մեր կողմից բարձրացնենք անօթեւաններին բնակարաններով ապահովելու խնդիրը: Իր նամակում Մ.Սուքիասյանը  նշում է, որ տասը տարի է,  ինչ համառորեն փորձում է գտնել իշխանության որեւէ օղակ, որը լուրջ մտահոգություն կունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացու միտումնավոր ոտնահարվող իրավունքների  նկատմամբ: Նաեւ տեղեկացնում է, որ նույն խնդրանքով բազմիցս դիմել է ՀՀ նախագահին, սակայն  իր դիմումները մեխանիկորեն վերահասցեագրվել են տեղական համարժեք մարմիններ եւ ապակողմնորոշող ձեւական պատասխաններով, որոնք, ի դեպ, հակասում են մեկը մյուսին, մատնվել են անտեսման: Իր նամակում Մ.Սուքիասյանը նշում է, որ ինքը մտադիր չէ որեւէ առանձին չինովնիկի ապօրինությունը պարզել եւ միտում չունի խնդիրը  քաղաքականացնել: Պարզապես  կարծում է, որ նման վերաբերմունքի արդյունքում  հանրությունը կորցնում է վստահությունը նախագահական ապարատի նկատմամբ:
Ըստ ավագանու անդամի` նույն վիճակն է տիրում նաեւ կառավարության եւ դատախազության օղակներում: Նա ցանկանում է հարց ուղղել մեր հարգարժան իշխանավորներին. «Կա արդյո՞ք որեւէ այլ ապարատ, որ ես թերացել եմ դիմել կամ կա՞ որեւէ այլ ճանապարհ առկա խնդիրներն օրինական եւ արդարացի լուծելու համար»:
Նրա խոսքերով` աղետի գոտուն վերաբերող խնդիրը եզակի չէ. Լոռու մարզպետարանը հակված է թղթաբանական խարդավանքներով վերացնել առկա աղետի հետեւանքները. «Ցանկանում եմ հատուկ նշել օմբուդսմենի գրասենյակի ծիծաղահարույց աշխատաոճը, որը ստիպում է մտածել, որ գուցե մեր ոտնահարված իրավունք պաշտպանողներին հարկավոր են իրավաուսուցողական դասընթացներ,  թե նրանք միտված են պաշտպանել ոտնահարողների իրավունքները»:
Մենք էլ փորձեցինք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից պարզել, թե ինչու են այսօր շատերը դուրս մնում բնակարաններով ապահովվելու ցուցակից` շարունակելով մնալ անօթեւանի կարգավիճակում: Սակայն մեր բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան, քանի որ Լոռու մարզպետը նշեց, որ զբաղված է եւ խնդրեց զանգահարել  ավելի ուշ: Երկար սպասելուց հետո մենք դիմեցինք մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանին, ով մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ մարզպետը չեն կարող խոսել մի հարցից, որի մասին չունեն կոնկրետ տեղեկատվություն: Նա նշեց, որ ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքն  ընդգրկված չէ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման  ծրագրերի    ցուցակում:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս