Վանաձորի ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը միտված Վարչական դատարանի նիստը նորից հետաձգվել է։
Հուլիսի 20-ին նշանակված էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու եւ Վանաձոր համայնքի աշխատակազմի, ներկայացրած հայցի (երրորդ անձինք՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Հայրենիք» կուսակցություն, «Ապրելու երկիր» կուսակցություն)՝ Վանաձոր համայնքի ավագանուն՝ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց եւ/կամ համայնքի ղեկավար ընտրելուց եւ/կամ Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին վարչական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման դատական նիստը։
Փաստաբան Արտակ Ոսկանյանը նշեց, որ խմբակցություններից «Ապրելու երկիր» կուսակցությանը դատարանը ուղարկել էր ծանուցումը: Դատական նիստում դատավորը հայտնեց, որ ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել՝ «չպահանջված» նշումով, հետեւաբար դատարանն արձանագրեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության ծանուցումը պատշաճ չէ, եւ այդ պայմաններում դատական գործի քննությունը չի կարող շարունակվել, եւ գործի քննությունը հետաձգվեց անորոշ ժամկետով:
Նրա խոսքով՝ եթե այդ օրը կայանար դատական նիստը, կկայանար նաեւ ավագանու նիստը:
«Եթե գործի քննությունը արագ ընթանար, կարող էր այս հարցը հանգուցալուծվել: Մեզ ասացին, որ հաջորդ դատական նիստի մասին կծանուցվենք փոստային ծառայության միջոցով»,-ասաց Արտակ Ոսկանյանը:
Հիշեցնենք նաեւ, որ ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, եւ մանդատները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
«Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
«Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը որոշել է ավագանու անդամ այլ ընդիմադիր քաղաքական ուժերի հետ ձեւավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, եւ խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին: «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը Մամիկոն Ասլանյանն է, որը հանդիսանում է նաեւ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒՄ Է
Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ կալանավորված անձ Վահագն Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից. վերոգրյալի մասին կազմվել է արձանագրություն:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապ օգնություն կանչելուց եւ Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու եւ բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:
Տեղեկացնում ենք, որ Վահագն Վերմիշյանի փաստաբանը նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, այցելել է քրեակատարողական հիմնարկ եւ պահանջել շտապ օգնություն կանչել, ինչին ի պատասխան` հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ հիմնարկում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապ օգնության բրիգադ:
Վ. Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որեւէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ. Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ, որի կարիքը չի եղել:
Նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վ. Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ: Վ.Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օբյեկտիվ զննությունից /Զ/Ճ չափում/, հրաժարվել է դուրս գալ խցից բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
Ժամը 21:30-ի սահմաններում Վ. Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, որն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում:
Ժամը 23:30-ի սահմաններում հերթապահ բուժքրոջ կողմից իրականացվել է գիշերային ստուգայց, որի ընթացքում Վ. Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի։
Ք. Մ.
ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ
Հուլիսի 26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ եւ արգելափակված քաղաքացի: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2104» եւ Opel Vectra B մակնիշների ավտոմեքենաները։
Opel Vectra B մակնիշի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, ուղեւորներ Լ. Խ.-ն, Ա. Ճ.-ն եւ Հ. Խ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Լ. Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
ՀՐԴԵՀ
Հուլիսի 26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Ուղի գյուղի Կարեն Հունանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկի տանիքում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Հունանյան փողոցում՝ թոնրատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերն ու ազբոշիֆրերը՝ մոտ 20 քմ:
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԴԵՊՔԸ
Հուլիսի 24-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 17-ամյա պատանու: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգում: Պարզվել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան խփել էր անհայտ անձը: Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգու հատվածում ջրելու հարցի շուրջ վիճաբանություն էր եղել 17-ամյա պատանու եւ վանաձորցի 25-ամյա երկվորյակ եղբայրների միջեւ, որի ընթացքում էլ նրանցից մեկը սուր-կտրող-ծակող առարկայով խփել էր պատանուն:
Հուլիսի 25-ին եղբայրները հայտնաբերվել, տեղափոխվել են բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին եւ տվել խոստովանական ցուցմունք: Մարմնական վնասվածք պատճառողը ձերբակալվել է:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) 166 տան հարեւանությամբ ավտոմեքենա է այրվել։ Կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։ Ըստ տեղեկությունների՝ Opel Astra-ն պատկանում է Երեւանի բնակիչ 23-ամյա Վահագն Մուսաելյանին։