Երևանում հուլիսի 29-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, եգիպտականը՝ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Իհաբ Նասրը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերն արձանագրել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունների և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի և բարեկամության վրա։
«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք ոլորտներում հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակին և դրանց առավել ընդլայնման և ամրապնդման համար անհրաժեշտ քայլերին։ Կողմերը շեշտեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Անդրադարձ կատարվեց Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերին։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում՝ հայկական կողմն ընդգծեց հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ավարտին եգիպտական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները և փոխադարձ այցերը, որոնք նպաստում են բազմաոլորտ երկկողմ համագործակցության ընդլայնմանը և խորացմանը: