ՆՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-ից հեռուստաէկրաններին կհայտնվի նոր հեռուստասերիալ՝ «Սերը՝ թակարդում»: Նոր հեռուստանովելի ռեժիսորը Վարշամ Սաֆրազյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Անուշ Պետրոսյանը:

 

ArmLur.am-ին հեռուստասերիալի առաջին մանրամասները վստահել է նովելի սցենարի հեղինակ Անուշ Պետրոսյանը:

«Այս հեռուստանովելը տարբերվում իմ բոլոր աշխատանքներից հենց միայն ոճային առումով: Այստեղ հերոսները երկուսն են՝ Դավիթը, ում կերպարը մարմնավորում է Դավիթ Աֆրիկյանը, եւ Արամը, ում կերպարը մարմնավորում է Ավո Ադամյանը: Սերիալը պատմում է երկու ընկերների հավատարմության ու նվիրվածության մասին, որոնք մեկը մյուսին օգնելով՝ հասել են մեծ բարձունքների, սակայն ինչպես կյանքում մեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, այնպես էլ սերիալում հերոսներից ամեն մեկն ունի իր առանձին պատմությունը: Այս սերիալը տարբերվում է նրանով, որ մեկ սերիալի մեջ մի քանի պատմություն է միահյուսված, որոնք առանձին-առանձին մեկ այլ սերիալի պատմություն են: Դա հատուկ եմ արել, որ հեռուստադիտողը չձանձրանա, հետաքրքրությամբ նայի յուրաքանչյուրը դրվագ: Իսկ նովելում դեպքերը զարգանում են շատ արագ ու անսպասելի»,-նշում է Անուշը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հեռուստասերիալում  կերպարները շատ են, այնքան շատ, որ մեկ սերիալում խաղում են մոտ 26 դերասան, եւ, կարելի է ասել, ներգրավված են երկու հեռուստասերիալի անձնակազմ:

«Վստահ եմ, որ հեռուստադիտողը չի հասցնի ձանձրանալ, ու շունչները պահած կսպասեն հեռուստասերիալի դեպքերի զարգացմանը: Սերիալն ունի հատուկ մեսիջ՝ անել ու ասել այն, ինչ սիրտդ զգում է այդ պահին, հետո կարող է խոսքերդ ուշացած լինեն, ու շատ ափսոսաս չասված բառերի ու չարած քայլիդ համար»,-ընդգծում է նա:

Իսկ ինչ մնում է դերասանական կազմին, Անուշը ընդգծում է, որ զբաղված են արդեն իսկ սիրված ու ճանաչված դերասաններ, ինչպիսիք են Արմեն Մարությանը, Թեհմինե Խաչատրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Խաչատրյանը, Ավո Ադամյանը, Դավիթ Աֆրիկյանը, Մարինկա Խաչատրյանը, Ալինա Ավետիսյանը, Մարզպետ Խաչատրյանը եւ շատ այլ սիրված ու ճանաչված դերասաններ:

Անուշ Պետրոսյանի փոխանցմամբ՝ «Սիրը՝ թակարդում» նոր հեռուսատսերիալում ներգրավվել են նաեւ նոր դեմքեր, որոնց հեռուստադիտողն առաջին անգամ կտեսնի հեռուստասերիալում եւ շատ կսիրի:

«Չեմ ուզում ոչ մի փակագիծ բացել, բայց կարող եմ միանշանակ խոստանալ, որ այս հեռուստասերիալը լարված է պահելու բոլորին: Այն տարիքային բոլոր խմբերին է հետաքրքիր, յուրաքանչյուրը կգտնի իրեն հուզող ու հարազատ թեմա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՌԵՍՏՈՐԱՆ՝ ԿԻՆՈՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքի բակի միջնամասում, որտեղ տարիներ շարունակ կինոյին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել, շինարարական աշխատանքներ են իրականացվում: Տարածքում նախատեսում են գարեջրատուն-ռեստորան  կառուցել: Կինեմատոգրաֆիստների միությունը  դա համարում է անօրինական եւ դիմել է դատարան, Երեւանի քաղաքապետարան գործընթացը կանխելու նպատակով:

 

Դեռ մայիս ամսին Վարչական դատարանը Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը կասեցնելու որոշում է կայացրել, սակայն շինարարությունը շարունակվում է. բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը: Կինեմատոգրաֆիստների միության դիմումները քաղաքապետարանի թեժ գծին արդյունք չեն տալիս:

Միության նախագահ Հարություն Խաչատրյանը ասել է, որ բազմիցս դատարանների եւ իրավաբանների օգնությամբ ապացուցել են, որ շինարարությունն ապօրինի է, սակայն լուծում դեռ չի գտնվել: Ըստ կինոգործիչների՝ այն, ինչ կատարվում է, հանցագործություն է Կինեմատոգրաֆիստների միության նման լուրջ կենտրոնի հանդեպ, որում արդեն 4-5 տարի է՝ մեծ ներդրումներ են արվում: «Բարձիթողի մնացած Կինոյի տունը դարձել է լուրջ միջազգային մշակութային կենտրոն: Մենք նամակ ենք ուղղել ՀՀ վարչապետին, որը մեր վերջին հույսն է»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

Կարեն Մեժլումյանը շեշտեց՝ երբ քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը շինարարության թույլտվությունը տալիս էր, Հարություն Խաչատրյանը 2020 թվականի հոկտեմբերի 1-ին գրությամբ տեղեկացրել էր, որ իրենց տարածքում հնարավոր է ապօրինի կառուցապատում իրականացնեն, ուստի ճիշտ կլինի իրենց մասնակից դարձնել, խորհրդակցել մինչ շինարարություն կսկսվեր: «Քաղաքապետարանը Կինոգործիչների միությանը չի դարձրել մասնակից, տվել է թույլտվություն, ինչն անձի իրավունքի շատ կոպիտ խախտում է, որովհետեւ, «Վարչական վարույթի մասին» օրենքով, եթե անձն ունի արդարացված շահագրգռվածություն, իսկ մենք դա ունենք, պետք է մասնակից դառնա»,-ընդգծեց փաստաբանը:

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ Վարչական դատարանը  հուլիսի 26-ին որոշում է կայացրել բեկանել շինարարության կասեցման վերաբերյալ որոշումը, ուստի այս պահին Կինոմիության այգում իրականացվող շինարարությունն օրինական է: Այդ մասին ծանուցվել են թե՛ Երեւանի քաղաքապետարանը, թե՛ կառուցապատողը:

Նրա խոսքով՝ դիմելու են Հակակոռուպցիոն հանձնաժողովին, բողոքարկելու են կայացված որոշումը դատական բոլոր ատյաններով. եթե չկարողանան հաղթել, դիմելու են միջազգային դատարան եւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին՝ դեսպանություններին, Եվրամիության գրասենյակին եւ այլն:

 




Լրահոս