Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ատգամավոր Դավիթ Դանիելյանը, խորհրդարանական աշխատանքից զատ, պարզվում է, նաեւ «հարցեր լուծելով» է զբաղված։
Նա վերջերս, ի դեպ, հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նախ՝ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության Կապանի խորհուրդն էր ցանկանում ըստ իր ճաշակի, շրջապատի ձեւավորել ու նախագահել այն, ապա Կապանի բժշկական կենտրոնն իր վերահսկողության տակ առավ` հասնելով նրան, որ իր մտերիմը ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց։ Ազդեցությունը տարածելու անսանձ ցանկության ունեցող նկարիչ պատգամավորը, պարզվում է, նկարչի վրձնահարվածով ու իշխանականի վարպետությամբ իրենով է արել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Ըստ ArmLur.am-ի ունեցած տեղեկությունների` հենց նրա անմիջական ջանքերով ՊՈԱԿ-ի պաշտոնակատար է նշանակվել իր բանակային ընկերը` Արմեն Հովհաննիսյանը, ապա եղբորը` Հայկ Դանիելյանին է տեղավորել նույն ՊՈԱԿ -ում` որպես փոխտնօրեն։ Այդքանը քիչ է՝ Հովհաննիսյանի ձեռամբ, բայց իր ակտիվ ներգործությամբ երկուստեք կադրային ջարդ են սկսել ընդդիմության հանրահավաքների մասնակցած աշխատակիցների նկատմամբ։ Նախկին փոխտնօրենը, օրինակ, ում պաշտոն այժմ Դանիելյանի եղբայրն է զբաղեցնում, աշխատանքից ազատվել է ընդդիմության ցույցերի ժամանակ ծառայողական ավտոմեքենայով երեւալու ու ցույցին մասնակցելու համար։ Նույն պատճառաբանությամբ աշխատանքից ազատվել են նաեւ ՊՈԱԿ-ի հաշվապահական բաժնի աշխատակիցները։
Պատգամավոր Դավիթ Դանիլեյանը, որ վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականն է, ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, խորհուրդներ տալու փոխարեն՝ կադրային ջարդ է իրականացրել նաեւ նույն ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղում։
Ազատված պաշտոններում, խաղի կանոնների համաձայն, բանակային ընկերները սեփական շրջապատի մարդկանց են տեղավորում։ Մեր աղբյուրը հատնեց, որ ոչ միայն ՔՊ-ական Դանիելյանն է այստեղ իր իր եղբորն աշխատանքի տեղավորել, այլ նաեւ Արմեն Հովհաննիսյանը. վերջինիս քույրն ու քրոջ ամուսինը նույնպես նույն ՊՈԱԿ-ի աշխատակիցներ են։
Օրենսդիր մարմնից աննկատ կերպով դեպի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կուլիսներում հայտնված Դանիելյանին մեր հարցերը, բնականաբար, վրդովեցին, բայց նրան հորդորեցինք կառուցողականության դաշտ վերադառնալ ու պատասխանել, թե ինչպես է ստացվել, որ նախկին իշխանություններին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով առաջնորդվելու մեջ մեղադրող «հեղափոխական» իշխանությունն այժմ նույն ձեռագրով է աշխատում։
«Եղբայրս նախքան ՊՈԱԿ-ի փոխտնօրեն նշանակվելը ճանապարհ է անցել, նոր հայտվել ադտեղ։ Նա այդ նույն ՊՈԱԿ-ի անվտանգությունն ապահովող աշխատողներից է եղել, ապա հասել է մինչեւ մարզային ծառայության պետի տեղակալ, ապա՝ խորհրդական, եւ հետո նոր նշանակվել է ՊՈԱԿ-ի փոխտնօրեն: Ինչ վերաբերում է Արմեն Հովհաննիսյանին, ապա ես նրա փոխարեն չեմ կարող պատասխանել։ Միայն կարող եմ նշել, որ, իմ տեղեկություններով, նրա քույրն ու փեսան ավելի վաղ (մոտ 9 տարի արդեն) են աշխատում այդ ՊՈԱԿ-ում, քան Հովհաննիսյանը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա։
Մեր դիտարկմանը, թե, այնուամենայիվ, այս ամենն իշխանությունը սեփական հարմարավետությանը ծառայեցնելու պարզ օրինակ է, ու ՊՈԱԿ-ի աշխատակիցները, փաստորեն, ընդդիմադիր հայացքների համար են առանց աշխատանքի մնացել, Դանիելյանն ընդհանրական պատասխան տվեց. «Հայաստանում այսօր քաղաքական ենթատեքստից բխող ազատումներ չեն լինում. բոլորն էլ իրենց սեփական դիմումի համաձայն են հեռանում»։
Իր պատասխաններով, փաստորեն, Դանիելյանը հաստատեց, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրենով է արել, ինքն է որոշում՝ ով նշանակվի, ով ազատվի։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել: Աշխեն Ղարսլյանը, Նարինե Ավագյանը նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ: Սուրեն Խաչատրյանը, Տիգրան Դավթյանը, Արամ Գրիգորյանը, Մերի Մոսինյանը նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորներ: Աննա Դիլբարյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022»
Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է դեկտեմբերին Երեւանում: Եվրոպական հեռարձակողների միությունը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մանկական Եվրատեսիլ»-ը Երեւանը հյուրընկալում է երկրորդ անգամ:
ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ
Վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 1434 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 426799-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Փաստացի այս պահին բուժվում է 1666 պացիենտ, ավելացել է 522-ով:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 մարդ. մահացածների թիվը 8635 է:
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մանի Մանոջին պատկանող (Արարատի մարզ, ք. Մասիս), իսկ Երեւանի կենտրոնի տեսուչները՝ «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երեւան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտներում:
Մասիս քաղաքում գտնվող սննդի օբյեկտում չեն ապահովվել խաչաձեւ աղտոտումից պաշտպանության կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ կանխելու համար, չի եղել հանդերձարան աշխատակիցների համար, իսկ անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննությունների:
Երեւանում գործող կազմակերպությունում արտադրական, առեւտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր եւ նորոգ վիճակում, չեն ունեցել խոնավ մաքրման եւ ախտահանման հնարավորություն, պատերը եւ առաստաղն ունեն վերանորոգման կարիք:
Հանրային սննդի նշված օբյեկտների գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումները վերացնելու ժամկետներ:
ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Սպիտակ քաղաքում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 36 տարեկան կնոջը շտապ տեղափոխել են Սպիտակի հիվանդանոց ժամվելի սպիրտի թունավորմամբ: Իրավապահներին կինը հայտնել է, որ սառը ջուր խմելու նպատակով սառնարանից շփոթմամբ ջրի փոխարեն հանել է ժավելի սպիրտ եւ խմել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:
ԱՊՕՐԻՆԻ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու եւ թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2022թ. հուլիսի 29-ին ստացվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողի զեկուցագիրը՝ Մեղրի քաղաքում մի խումբ անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաք շարժվելու վերաբերյալ:
Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 04:30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով, հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդից պահանջել են դադարեցնել ավտոմեքենայի ընթացքը: Վերջինս, չենթարկվելով իրավապահների կողմից ներկայացված պահանջին, փախուստի դիմելու նպատակով շարունակել է մեքենայի ընթացքը եւ բախվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ Ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետեւ՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, ինչից հետո «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղեւորները ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին: Հիշյալ երեք անձինք ձերբակալվել են:
«ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 500գ Ափիոն եւ 455գ Հաշիշ տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: