ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երեւան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, շարժման ղեկավարների կազմակերպմամբ եւ ուղղորդմամբ, Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաեւ այլ առարկաներով հարվածներ հասցրել վերջիններիս. արդյունքում ոստիկանական շղթան ճեղքելու փորձերը հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգությունների վերածվելու եւ դրա հետեւանքով չորս տասնյակից ավել ոստիկանության աշխատակիցներին ծանրության տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր համապատասխան քրեական գործը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 17 անձանց առաջադրվել են մեղադրանքներ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից երեքի՝ Գ. Կարապետյանի, Ռ. Աբրահամյանի եւ Ա. Խաչատրյանի մասով նախաքննությունը 2022 թվականի հուլիսի 14-ին ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2022 թվականի հունիսի 7-ին որոշում է կայացվել քաղաքացի Գ. Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին) որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու՝  անհնազանդության եւ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրացնելու վերաբերյալ՝ երթը համակարգողների հրապարակային կոչերից հետո ոստիկանության աշխատակիցներին սադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու միտումով, պատնեշ կազմած ոստիկանների սաղավարտներին ձեռքերով հարվածելու,  ոստիկանության աշխատակիցների կանխարգելիչ գործողություններին բացահայտ հակադրվելու, վերջիններիս օրինական պահանջներին չենթարկվելով՝  իր ձեռքում գտնվող քարը եւ շիշը ոստիկանների ուղղությամբ նետելու համար:

Քննությունից թաքնվելու հիմքով մեղադրյալ Գ. Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը: 2022 թվականի հուլիսի 29-ին Գ. Սարգսյանը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Մեղադրյալ Գ. Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու համար միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննությունը շարունակվում է:Ս

 

 

 

ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա. Կուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Կ. Աբրահամյանի դեմքի եւ գլխի շրջանում, այնուհետեւ երկու ձեռքով ձգել է վերջինիս պարանոցում եղած թելե վզնոցը, այդկերպ վեջինիս մոտ առաջացրել է մեխանիկական շնչահեղձություն, ով մեկ օր անց հիվանդանոցում մահացել է:

 

2021թ. օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը՝ կեսգիշերն անց` ժամը 02-ի սահմաններում, Ա. Կուրեղյանն այցելել է շուրջ վեց ամիս իր հետ մտերիմ եւ ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող Արմավիր քաղաքի բնակչուհի, 1962թ. ծնված Կ. Աբրահամյանի բնակարան, որտեղ 2000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Սակայն սեռական հարաբերության վերջին պահին կոպիտ ներհրում կատարելու արդյունքում ցավ է պատճառել Կ. Աբրահամյանին, ով ցավից մայր է հայհոյել իրեն: Այդ ժամանակ Ա. Կուրեղյանը զայրույթից, դիտավորությամբ, բռունցքների մի քանի հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանում, այնուհետեւ երկու ձեռքով բռնել ու ձգել է Կ. Աբրահամյանի պարանոցին եղած սեւ գույնի թելե վզնոցը, որի վրա անցկացված է եղել նրա տան մուտքի դռան բանալին՝ այդկերպ շնչահեղձության հասցնելով նրան, եւ երբ ձգվելու արդյունքում թելը կտրվել է, այդ ժամանակ նոր միայն Ա. Կուրեղյանը թողել եւ հեռացել է նրա բնակարանից:

Հաջորդ օրը` 11.08.2021թ. ժամը 16:30-ի սահմաններում, հարեւանների օգնությամբ Կ. Աբրահամյանն անգիտակից վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք եւ գիտակցության չգալով` 12.08.2021թ. ժամը 10:30-ին մահացել է: Դիահերձման նախնական ուսումնասիրության տվյալների համաձայն` վերջինիս մահվան պատճառը հանդիսացել է մեխանիկական շնչահեղձությունը:

Այսինքն, Ա. Կուրեղյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է 18.04.2003թ ընդունված եւ 01.08.2003 ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 05.05.2021թ ընդունված եւ 01.07.2022թ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին): Գործը մտել է դատարան:

Ք.Մ.

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության եւ լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ վարույթներից չորսով 2022 թվականի հուլիս ամսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր, եւ կալանքի տակ գտնվող չորս անձանց մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացություններով հանձնվել են դատարան։

Հարուցված եւ դատարան հանձնված քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների եւ այլնի վերաբերյալ՝ ընդհուպ մինչեւ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, որոնք  ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ եւ այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։

Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է, եւ նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբեր տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի եւ արդյունքների մասին։

 

 

 




Լրահոս