ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանով Նախիջևան գնալու ճանապարհներ է առաջարկում Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովել: Այո, մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել: Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջեւան: Հենց այսօր: Հենց այսօր պատրաստ ենք ապահովել: Մենք նաեւ դեռեւս նախորդ տարվանից ունենք կետ, որտեղ կա Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության կետ եւ սահմանապահ ծառայության կետ, եւ ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջեւանի հետ: Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին՝ եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ: Եվ մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը, առաջին՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից եւ գործարկումից հետո: Ես այսօր պաշտոնապես ասում եմ՝ այսօր Ադրբեջանը հենց մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթևեկություն իրականացնել դեպի Նախիջեւան: Եթե բառացի եւ տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նախիջեւանի հետ: Ադրբեջանի ամենարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան, և մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջեւան հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում մենք կարող ենք դա ապահովել: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ իրենք գան, ասեն՝ ուզում են հատել, այդ կապը հաստատել, եւ մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի: Բայց էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է, եւ դա, բնականաբար, պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս