ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողները Երևանում բնակարան կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված, ավարտած և 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման իրավունքով պատրաստի ծառայողական բնակարանների հատկացում: Ի դեպ, հատկացման կարգն ու պայմանները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:
Պատրաստի բնակարանների ձեռքբերման գործընթացն իրականացվելու է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից, ինչից հետո դրանք ՀՀ կառավարության որոշմամբ հետ վերցնելով կոմիտեից կամրացվեն պաշտպանության նախարարությանը:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ զինծառայողին ծառայողական բնակարան հատկացվելու է Երևանում, հատկացվող բնակարանները պետք է լինեն 75-ից մինչև 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, վերանորոգված և կահավորված վիճակում: Նշենք, որ ծառայողական բնակարանների հատկացումն ապահովելու համար անցկացվելու է վիճակահանություն, արկղում դրվելու են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշվելու է մեկ բնակարանի հասցեն, հարկը և համարը: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

Բացի այս, պարզվում է, որ այս որոշման նախագծի ընդունումը ռազմաուսումնական հաստատությունների առնվազն քառամյա կրթական ծրագրի շրջանակներում սկսած 2026 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի տարեկան չափը կարող է կազմել մոտ 12,5 մլրդ դրամ:

Ս.Հ.




Լրահոս