ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 66

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախքան Հայաստանն աշխարհին կներկայանար ու կզարմացներ Դիլիջանի միջազգային դպրոցով, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2013-ի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովի ամբիոնից ի լուր աշխարհի օրվա իշխանությանը՝ Հանրապետականին, հռետորական հարց էր տալիս. «Ինչո՞ւ է իշխանությունն ափալ-թափալ շահել Ռուբեն Վարդանյանի սիրտը: Դպրոցի համար օրենքի նման նախագիծ ընդունելով՝ փաստացի կանաչ լույս եք վառում «գցողների» համար։ Իսկ այդ օրինագծի շրջանակներում գործարարին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններն ու ունեցած ելույթները գոնե ինձ ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առնչություն ունի վերջերս ծագած ու բոլորիդ լավ հայտնի օվշորային սկանդալի հետ»։ 2018-ին, սակայն, արդեն վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանն ուրախ էր, որ «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոցի նման դպրոց կա»: Իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսի 26-ին, հայտարարում էր. «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո եւ համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի եւ շրջապատող տարածքների տարբերությունը: Բայց հիմա հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»։ Փաշինյանի՝ այս անգամ միջազգային կրթական ծրագրի ու դիլիջանյան դպրոցի մասին արած հակասական հերթական հայտարարությունը, փաստորեն, սուտ է եղել:

 

 

 

Օգոստոսի 5-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն օգոստոսի 5-ին հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի ցուցակը, որը կազմել է ինքը. Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գեւորգ Գեւորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթեւոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան Գալստանյան՝ թվարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հավելեց՝ նմանատիպ այլ ցուցակներ եւս կան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին եւ Համբարձում Մաթեւոսյանին՝ փորձելով պարզել, թե ինչ են մտածում հրապարակված ցուցակի շուրջ։ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը նշեց, թե մեկնաբանության անհրաժեշտություն չեն տեսնում։ Իսկ, ահա, Մհեր Գրիգորյանի աշխատակազմից խոստացան պատասխանել, սակայն մինչեւ օրվա ավարտ այդպես էլ պատասխան չեղավ։ Հավելենք, որ այս ցուցակում ընդգրկված իշխանական կառավարության մաս կազմող անունները շատերի զարմանքն էր առաջացրել։ Լրագրողներն ասուլիսի ժամանակ հետաքրքրվել էին՝ ինչպես կարելի է հասկանալ այն, որ հրապարակված ցուցակում ընդգրկված են անուններ, որոնք այսօր ներկայացնում են իշխանությունը, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու համար: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Սա արտակարգ մեթոդաբանություն է՝ լուծում տալու այսօրվա ահավոր վտանգավոր վիճակին»:

 

 

 

Արցախի Հանրապետության 3 բնակավայրերի՝ Աղավնո, Բերձոր եւ Սուս համայնքների բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ազատեն իրենց հայրենի բնակարանները։ Հիմնավորումն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որը կնքվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, երբ արցախաադրբեջանական սահմանին տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, արդեն պարզ էր, որ այս տարածքները եւս պիտի հանձնվեն։ Այսինքն՝ այս տարածքները լքելու մասին հայտնի է դարձել դեռ մոտ երկու տարի առաջ, սակայն այս ընթացքում Աղավնոյում կատարվել են մեծ թվով ներդրումներ, դպրոց, մանկապարտեզ է վերակառուցվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը մոտ 300 հազար ԱՄՆ դոլար ներդրման մասին է ոչ պետական միջոցներից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ այս ընթացքում գյուղում տարբեր ներդրումներ են արվել, սակայն կոնկրետ գումարի չափ այդպես էլ չնշեց։ «Պատերազմից հետո պետական մակարդակով չեն արել, ասել են՝ հանձնելու ենք։ Անգամ Հայկ Մարությանը եկավ, ներկայացրեցի՝ ինչ է պետք, բայց գնաց ու գնաց: Դպրոց, մանկապարտեզ կամ այլ հարցերի դեպքում օգնել են ընկերները, ամերիկահայերը, պետական աջակցություն չի եղել»,- մանրամասնեց դաշնակցական գյուղապետը։ Ստացվում է՝ իմանալով անգամ, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել, մինչդեռ դրա փոխարեն այդ միջոցները կարելի էր ուղղել Արցախում այլ քաղաքների բարեկարգման վրա՝ զուր չխաղալով մարդկանց հույզերի հետ:

 

 

 

«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը այս տարի էլի բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունն օգոստոսի 8-ին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ առաջարկել է ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ-ի համար։ Թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, այս պահին հայտնի չէ, ուսումնասիրում է առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ջրի վերջնական սակագինը հայտնի կլինի մինչեւ այս տարվա նոյեմբերի 15-ը: Եթե այն փոփոխվի, ապա թանկացած ջրի համար բնակիչները կսկսեն վճարել 2023 թվականի հունվարի 1-ից: Իսկ ո՞րն է հիմնավորումը, որ մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանն իր բարձր աշխատավարձ ստացող նախկին համակուրսեցիների հետ ներկայացրել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ նրանք գրել են, թե այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում սղաճ ունեն։ Այսինքն՝ ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը, որ սկսվում է մոտ 3 մլն դրամից, պետք է պահպանվի, տնօրենն ու նրա կուրսեցիները պետք է խելահեղ պարգեւավճարներ իրենք իրենց գրեն ու ստանան, բայց ընկերության սղաճը պիտի բնակիչը լրացնի: Հիշեցնենք՝ ջրի սակագինը ՀՀ-ում բարձրացել էր այս տարվա հունվարի 1-ին՝ դառնալով 200,47 դրամ՝ գործող 180 դրամի փոխարեն: Հիմա ընկերությունն առաջարկում է այն բարձրացնել 9 դրամով: Ջրի սակագնի բարձրացման այս լուրը խիստ զայրացրել է մեր քաղաքացիներին։ Հայտնի է, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, եւ հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից: Այս մասին են խոսում նաեւ ՀՀ հանրային ծառայություններ ստացված դիմում-բողոքները: Այսպես, տարեսկզբից մինչ հուլիս (հուլիս ամիսը ներառյալ) «Վեոլիա ջուր»  ընկերության հետ կապված սպառողներից ստացվել է 240 գրավոր դիմում-բողոք, 423՝ բանավոր: Նշենք, որ միայն ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված գրավոր դիմում-բողոքները 54-ն են, իսկ 153-ը՝ բանավոր:




Լրահոս