ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԳՈՐԾ ՉԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում եվրոպական չափանիշերին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցելու իշխանությունների խոստումները դեռ քննակումների մակարդակի են: 

 

Պարբերաբար մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ մարզպետներ, տարածքային կառավարման եւ ենակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի շուրջ հավաքվում են, ինչ-որ քննարկումներ անում ու վերջ. աղբավայրն այդպես էլ չի կառուցվում:

Այս թեմայի շուրջ վերջին քննարկումն իշխանություններն անցկացրել են օգոստոսի 3-ին. քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում ստեղծված «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գործառույթներին, ինչպես նաեւ իրականացվող շինարարությանն առնչվող հարցեր, կարճ ասած՝ շարունակական քննարկումներ եւ ոչ գործնական վիճակ: Այս ծրագիրը բոլոր մարզպետների ձեռքի տակով է անցել. անգամ Գնել Սանոսյանն է մարզպետի կարգավիճակում քննարկել աղբավայր կառուցելու հարցը, բայց՝ անպտուղ:

Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ դեռեւս 2016 թվականին Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել էր «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է կառուցել եվրոպական չափանիշերին համապատասխան սանիտարական աղբավայր եւ ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Ավելին՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 8,07 մլն եվրոյից հասցվեց 11 մլն-ի, որից 5,5 մլն եվրոն վարկ է՝ 15 տարի մարման ժամկետով, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վարկի տոկոսադրույքը լողացող է, արտոնյալ ժամկետը` 3 տարի: Բանկը նաեւ 1.600.000 դրամ դրամաշնորհ է հատկացրել խորհրդատվական ծառայությունների համար: Ծրագրի տեւողությունը 3 տարի էր: Ի դեպ, աղբավայրի շինարարական աշխատանքները նախատեսվում էր սկսել 2018 թվականի գարնանը: Եթե ստորագրված այս պայմանագրին նայենք, ապա մենք վաղուց պետք է աղբավայր ունենայինք, այն էլ՝ եվրոպական չափանիշերին համապատասխան:

Իսկ, ահա, նախորդ տարի Գեղարքունիքի մազպետարանից հայտարարեցին, որ այդ շինաշխատանքները պետք է ավարտին հասցնեն 2022 թվականին։ Ինչպես տեսնում ենք, շինարարական աշխատանքները ոչ միայն չեն ավարտվել, այլեւ դադարեցված են:

Այնուամենայնիվ, ArmLur.am-ը դիմեց Կոտայքի մարզպետ Արտավազդ Սահակյանին եւ հետաքրքրվեց, թե մինչեւ երբ են շարունակվելու այդ քննարկումները, եւ ինչու են ձգձգվում այդ շինաշխատանքները: «Մի փոքր խնդիրներ ի հայտ եկան՝ կավի հետ կապված. կավի պաշարները տեղում վերջացան, հիմա այլ տեղից են տեղափոխում, հետաձգվեց մի փոքր, ժամկետ տրվեց, ժամկետներ ավելացվեցին: Նոյեմբերին կավարտեն շինարարական աշխատանքները»,- տեղեկացրեց Կոտայքի մազպետը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նոյեմբերին՝ շինաշխատանքներն ավարտին հասցնելուց հետո, համայնքները բաժնետեր են դառնալու մի ընկերությունում եւ միասին համատեղ կսկսեն շահագործել այդ աղբավայրը: «Արդյունքում կոնկրետ մեր մարզում 23-24 աղբավայր կփակվի, կդառնա մեկ հավաքատեղի, Աբովյանի աղբավայրը, հիմա որ գործում է, այդտեղից աղբը կտեղափոխվի Հրազդանի տարածք, նույն գործընթացը Գեղարքունիքում պետք է լինի»,- լրացրեց մազպետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները աճել են 12.7 տոկոսով:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ կատարվել է, ընթացիկ գներով, ընդհանուր առմամբ 149 միլիարդ 030.6 միլիոն դրամի շինարարություն, ընդ որում՝ պետական բյուջեի միջոցներից կատարվել է 37 միլիարդ 446.6 միլիոն դրամի շինարարություն (աճը՝ 1.8 տոկոս), համայնքների միջոցների հաշվին՝ 5 միլիարդ 510.8 միլիոն դրամի (աճը՝ 92.6 տոկոս), մարդասիրական օգնության միջոցներով՝ 1 միլիարդ 476.5 միլիոն դրամի (աճը՝ 79.8 տոկոս), կազմակերպությունների միջոցներով՝ 69 միլիարդ 062.6 միլիոն (աճը՝ 27.2 տոկոս), բնակչության միջոցներով՝ 35 միլիարդ 534.1 միլիոն դրամի. վերջին ցուցանիշը նվազել է 5.1 տոկոսով:

Ըստ Կադաստրի կոմիտեից, համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից եւ այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2021 թվականի վերջին բնակարանային ֆոնդում հաշվառվել է 19 հազար 256 բազմաբնակարան շենք՝ 448 հազար 938 բնակարաններով, 422 հազար 217 առանձնատուն, հանրակացարանային ֆոնդի եւ ժամանակավոր բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը եղել է 264 հազար 047 քմ:

Այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ կատարվել է 96 հազար 535 գործարք, որից 37 հազար 322-ը՝ օտարում, 5 հազար 093-ը՝ վարձակալություն, 12 հազար 487-ը գրավադրում, 18 հազար 624-ը՝ ժառանգություն, 13 հազար 281-ը՝ առաջնային գրանցում, եւ այլ տիպի գործարքներ: Ընդհանուր գործարքներից 26 հազար 964-ը վերաբերել են բնակարաններին, 20 հազար 418-ը բնակելի տներին, 36 հազար 326-ը՝ հողերին, որից գյուղատնտեսական նշանակության՝ 22 հազար 182-ը:

Ի դեպ, Հայաստանի գյուղական բնակավայրերում կատարվել է անշարժ գույքի օտարման 15 հազար 663 գործարք, մարզերի քաղաքներում՝ 9  հազար 216, իսկ Երեւանում՝ 12  հազար 443:

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն այս տարվա առաջին կիսամյակում աճել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե նախորդ տարի՝ առաջին վեց ամիսներին, եղել էր առքուվաճառքի 24 հազար 961 գործարք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 27 հազար 192:

 

 

 

ԶԻՆՎՈՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ,  2022թ.   հուլիսի 19-ից ընթանում է Մարութ Ռադիկի  Սարգսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, 2022թ. մարտի 18-ից  ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի Բիթլիս կոչվող մարտական  դիրքում, 2022 թվականի մարտի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, գտնվելով հանգստացող հերթափոխում, օգտվելով համածառայող շարքային զինվորի անօգնական վիճակից՝ մարտական դիրքի կացարանում քնած լինելու հանգամանքից, նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել։ Մ. Սարգսյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։

 

 

 

2 ՀԱ ՏԱՐԱԾՔ՝ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում  թափով ընթանում է ռուսական զինուժի համար զորանոցի շինարարարությունը։ Նոյեմբերյան համայնքի ավագանին միաձայն որոշում է ընդունել   այդ նպատակով  Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել  համայնքին պատկանող 2 հեկտար տարածք: Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ  Ոսկեպարում շինարարությունը ղեկավարում է ռուս սպա, սակայն  աշխղեկը Գորիսից է՝ Արգամ  անունով։ Զորանոցի կառուցմանը մասնակցում են Ոսկեպարի գյուղի 4 բնակիչ, շինարարության մեջ ընդգրկված է նաեւ  Նոյեմբերյան խոշորացված համայնքին պատկանող շինարարական մեկ տեխնիկա՝ ամբարձիչ, որն աշխատեցնում  է   Ոսկեպարի մի  բնակիչ։ Ոսկեպար գյուղի բնակիչների   խոսքերով՝ քիչ թվով ոսկեպարցիներ են այնտեղ աշխատում, որովհետեւ  ամռան  շոգին զորանոցի շինարարության մեջ աշխատող բանվորներին քիչ չափով են վարձատրում՝ օրական 6 հազար դրամ։ Հայտնի չէ, թե շինարարական որ կազմակերպությունն է իրականացում ռուսական զինուժի զորանոցի կառուցումը, սակայն  հայտնի է, որ այդ կազմակերպությունը նման կառույցներ է գործարկել  Սյունիքում։ Ոսկեպարում զորանոց կառուցվում է   հավաքովի շինանյութով, մոդուլային եղանակով։ Նման եղանակով   ռուսական զինուժի համար զորանոց է կառուցվում  նաեւ Բերդ խոշորացված համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում՝ խորհրդային տարիներին Այգեպարում գործած փոքր օդանավակայանի  տարածքում։ Ոսկեպարում ռուս զինվորականները գտնվում են 2021 թվականի օգոստոսի սկզբից, նրանք չեն  հայտնում  այդտեղ իրենց տեղակայվելու նպատակը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս