ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը օգոստոսի 12-25-ը Երեւանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնը։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հայ երաժշտասերները, ինչպես նաեւ քաղաքի հյուրերը ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու կամերային եւ սիմֆոնիկ հարուստ ցանկով 14 համերգ։ Փառատոնի շրջանակում ելույթ կունենան ժամանակի հայտնի երաժիշտները՝ դաշնակահարներ Նիկիտա Մնդոյանցը, Վանեսսա Բենելլին, Սալիմ Աշքարը, Անահիտ Դիլբարյանը, Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահարներ Նենսի Ժուոն, Մարկ Բուշկովը, Ջովանի Անդրեա Զանոնը, կիթառահար Շուֆեյ Յանը, թավջութակահարներ Բրանոն Չոն, Սեւակ Ավանեսյանը, ֆլեյտահարներ Նոյեմի Գյորին, Գեւորգ Ավետիսյանը, ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը, կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնին, ինչպես նաեւ Խաչատրյանի անվան դաշնամուրային եռյակը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգների ընթացքում կհնչեն դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Էլգարի, Ֆրանց Շուբերտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆրանսիս Պուլենկի, Ալեքսանդր Թանսմանի եւ բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։ Կներկայացվեն նաեւ հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Նշենք, որ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
Համերգները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։ «Ես հպարտ եմ այս հրաշալի քաղաքում «Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի առթիվ։ Մեծ պատիվ է փառատոնը կյանքի կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ մեր վաղեմի եւ թանկագին գործընկերներից մեկի հետ, որը կիսում է դասական երաժշտության ժառանգությանն առնչվող մեր գաղափարներն ու մոտեցումները։ Վստահ եմ, որ այս փառատոնը մեր հաջող համագործակցության եւս մեկ օրինակ կդառնա, եւ բոլորին կոչ եմ անում միանալ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ երաժշտական այս տոնին»,- ասել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ «Սիմֆոնիկ Երեւան» փառատոնի շրջանակում դասական երաժշտության անմոռանալի երեկոները տոն կպարգեւեն Երեւանի բնակիչներին ու հյուրերին։
«Ուրախ եմ, որ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի հետ մեր համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, եւ նոր նախագծերի ստեղծման ճանապարհին մեր մոտեցումներն ու ցանկությունները համընկնում են։ Վստահ եմ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելող բոլոր արտիստները մեր երկրից կգնան՝ իրենց հետ տանելով հայ ունկնդրի ջերմ ընդունելությունը, իսկ երաժշտասերները փառատոնի 14 համերգների երկացանկում կգտնեն իրենց հոգեհարազատ երաժշտությունը»,- ընդգծել է Սերգեյ Սմբատյանը։
Ծրագրին աջակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 14-ին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Ինչպես տեղեկացանք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։
Սուրբ պատարագի սկիզբը ժամը 11։00-ն է։ Սուրբ պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի խաղողօրհնեքի արարողությունը:
Տոնի խորհուրդը
Ս. Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝ շուրջ 12 տարի, ապրում էր Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյա՛լդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին եւ առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային պատարագ, որպեսզի հաղորդվի իր միածին որդու մարմնին ու արյանը:
Խաղողօրհնեք
Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց եւ պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ իրեն խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
ԿՊԱՏՐԱՍՏՎԻ ՄԱԵՍՏՐՈՅԻ ԱՐՁԱՆԸ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման եւ տեղադրման համար:
Մաեստրոյի արձանը կպատրաստի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Տվյալ դեպքում անշրջանցելի է նաեւ Դուրյանի այրու գրավոր ցանկությունը, ըստ որի` Մաեստրոյի արձանի պատրաստումը վերապահված է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, ինչն էլ հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի կողմից։
Երեւանի ավագանու նիստին ներկայացվել է հուշարձանի էսքիզն ու պատկերը տեղանքի հետ համադրությամբ։ Այն իրենից ներկայացնում է երեք վեր խոյացող մուգ ապակե սյուներ. մեջտեղի սյունի վրա կտեղադրվի Օհան Դուրյանի կիսանդրին, իսկ կողքերի սյուների վրա՝ մաեստրոյի ձեռքերը՝ դիրիժորության (չափ տալու) պահին։ Արձանը լինելու է լուսավորված եւ ունենալու է երաժշտական ուղեկցություն (դինամիկները տեղադրվելու են պատվանդանի մասում)։ Կիսանդրին եւ ձեռքերը պատրաստված են լինելու բրոնզից։
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի կազմում անցկացրած ընկերական խաղում: ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկից առաջ «Ինտեր»-ն ընկերական հանդիպում է անցկացրել Սերիա D-ից «Սանտանջելո»-ի հետ եւ առավելության է հասնել ոչ ֆուտբոլային 11:0 հաշվով: Իտալիայի փոխչեմպիոնի կազմում աչքի է ընկել նաեւ Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Հենրիխ Մխիթարյանը 2019-2022 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ եւ կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:
ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ
Ամերիկացի ռեփեր Թրեւիս Սքոթը Լոնդոնում երկու համերգների ժամանակ վաճառել է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ ապրանք եւ գերազանցել է Մեծ Բրիտանիայի վաճառքի նախորդ ռեկորդը, որը սահմանել էր կորեական BTS խումբը:
Օգոստոսի 6-ին եւ 7-ին ռեփերը երկու համերգ է տվել Լոնդոնում, որոնք առաջինն էին Astroworld փառատոնում նոյեմբերյան ելույթից ի վեր, որտեղ տասը մարդ զոհվեց հրմշտոցի հետեւանքով։ Ելույթների ժամանակ արտիստի երկրպագուները գնել են ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ իրեր, որոնք պատրաստված են հատուկ Մեծ Բրիտանիայում Սքոթի ելույթի համար։ Գլխարկղերը վաճառվել են 100-ից 125 դոլարով, շապիկները՝ 45-ից 75 դոլար, գլխարկները՝ 45-ական դոլար:
ՄԱՐԶԻՉԸ ԽԵՆԹ ՉԷ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է հաղթանակը Եվրոպայի սուպերգավաթի խաղում։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցած խաղում 2:0 հաշվով առավելության է հասել Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» նկատմամբ՝ 5-րդ անգամ նվաճելով այս տիտղոսը։
«Մեկնարկային կազմի հետ կապված կարող եմ ասել, որ «Ռեալում» չկան անձեռնմխելի ֆուտբոլիստներ։ Մարզիչը խենթ չէ եւ միշտ մեկնարկային կազմում ընդգրկում է լավագույններին»։
«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 14-ին՝ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում հյուրընկալվելով «Ալմերիային»։