Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) և Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) համակազմակերպիչները շնորհավորում են EWC 2022-ի հայաստանյան ազգային եզրափակչում մրցանակներ նվաճած թիմերին։
EWC-ի ազգային փուլի արդյունքում՝ անկախ ժյուրիի որոշմամբ, երկու հայկական ստարտափներ՝ Text’nPayMe-ն և HopShop-ը ճանաչվեցին հաղթող։ Վերջիններս Հայաստանը կներկայացնեն EWC միջազգային եզրափակչում և կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:
Ըստ Ձեռներեցության աշխարհի գավաթի հայաստանյան ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանի՝ անցյալ տարվա համեմատ այս տարվա մասնակիցները ավելի զարգացած և պատրաստված էին։ Այդ իսկ պատճառով ժյուրիի ընտրությունը եզրափակչին չափազանց դժվար է եղել․ «Ուրախ եմ, որ ազգային ընտրության արդյունքում ունենք միջազգային մասշտաբով բավականին մրցունակ երկու թիմ»:
Մրցույթի ազգային փուլի եզրափակիչը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ օգոստոսի 13-ին: Միջոցառմանը ելույթ ունեցան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Համաշխարհային ձեռներեցության ցանցի (GEN) նախագահ Ջոնաթան Օրթմանսը, ՀԱՀ-ի պրոռեկտոր դոկտոր Բրայան Ա․ Էլիսոնը և ՀԱՀ֊-ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն դոկտոր Մայքլ Քուչակջյանը: Պանելային քննարկման ընթացքում ստարտափ էկոհամակարգի մասնակիցները քննարկում ունեցան Հայաստանում ստարտափ էկոհամակարգի հասունացման թեմայով։
Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ դոկտոր Դավիթ Սահակյանը, «Strategic Value Ventures»-ի հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը, «Սերվիս Տիտան»-ի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը, EU ITTD ծրագրի միջազգային մասնագետ Քրիստիան Շելենբերգերը, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն դոկտոր Հայկ Մարգարյանը։
Հաղթող թիմերից յուրաքանչյուրը, բացի Ձեռներեցության ազգային գավաթից, ստացան նաև 10 հազար դոլարին համարժեք դրամական պարգևներ մրցույթի հովանավորների կողմից։
TextnPayMe-ն բանկային «ստեղնաշար» է, որը բանկերի հաճախորդներին հնարավորություն է տալիս գումար ուղարկել մեսենջերի, ինչպես նաև մուտքագրման դաշտ ունեցող ցանկացած այլ հավելվածի միջոցով: HopShop-ը նորաձևության ոլորտի Shazam-ն է: Այն օգնում է գնորդներին առցնաց և ցանցից դուրս հարթակներում գտնել ու գնել ցանկացած հագուստ և աքսեսուար։
Ձեռներեցության աշխարհի գավաթի համակազմակերպիչ և հովանավոր Team Telecom Armenia-ի կողմից Biocentric ստարտափը ստացավ հատուկ նվեր՝ մինչև 1000 Մբ/վ արագությամբ ինտերնետի մեկ տարվա բաժանորդագրություն։
«Գիտական ուղղվածության նախագծերը մշտապես մեր ընկերության ուշադրության կենտրոնում են։ Ուրախ եմ, որ այս մրցույթի եզրափակչում էլ ներգրավված էին գիտական հիմքով ստարտափներ, որոնցից մեկին էլ հանձնեցինք Team Telecom Armenia-ի նվերը։ Հուսով եմ՝ մի փոքր ներդրում կունենանք ստարտափի` գաղափարի մակարդակից աճման մակարդակ անցնելու գործում»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենի՝ տվյալների վերլուծության գծով խորհրդական Զավեն Նավոյանը։
Հայտադիմում ներկայացրած ավելի քան 110 թիմերից 99-ը հաղթահարել էին մրցույթի նախնական փուլը, իսկ 34-ն անցել էին կիսաեզրափակիչ փուլ։ Ժյուրիի կողմից ընտրության արդյունքում 12 ստարտափ անցել էր մրցույթի ազգային փուլ: Մրցույթի տարբեր փուլերի գնահատման կարևոր գործում ներգրավված են եղել ավելի քան 60 մասնագետներ՝ Հայաստանից և արտերկրից։
Հայաստանում Ձեռներեցության աշխարհի գավաթը անց էր կացվում արդեն երկրորդ անգամ: Հայկական էկոհամակարգի աշխուժության և ազգային մրցույթի կազմակերպչական աշխատանքի բարձր որակի արդյունքում այս տարի ևս Հայաստանը միջազգային փուլում ներկայացնելու հնարավորություն ստացավ 2 ստարտափ։ EWC Global 2022-ը տեղի կունենա նոյեմբեր ամսին՝ Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքում։