ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները ճշտում են «Սուրմալու»-ի տնտեսվարողների ինքնությունը. ինչ փուլում է քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին նախաքննական մարմինը փնտրում է եւ ճշտում  առեւտրի կենտրոնի տնտեսվարողների ինքնությունը, թե ովքեր են նրանք, որից հետո նրանց զգուշացնում է, որ առաջիկայում հրավիրելու է հարցաքննության: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, այս օրերին իրավապահները փորձում են պարզել, թե վերոնշյալ պահեստում որքան հրավառ նյութեր են եղել, ով է կոնկրետ շենքի պատասխանատուն, արդյոք հրավառ նյութերի դասավորվածությունը եղել է կանոնների պահպանմամբ եւ այլ նմանօրինակ հարցեր:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր:

Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև առևտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաև՝ հարակից շինություններ և կայանված ավտոմեքենաներ:

Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ք.Մ.




Լրահոս