Արդեն մի քանի ամիս է, ինչ ռումբի մասին կեղծ ահազանգեր են հնչում, ու իրավապահ համակարգը չի կարողանում հայտնաբերել ահազանգողներին:
Ապրիլի 8-ին Երեւան քաղաքում խառնաշփոթ էր. Ժամը 14։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մետրոնում»-ում, ռումբ է դրված, եւ այն պայթելու է։ Պարեկները սահմանազատել էին տարածքը:
Ավելի ուշ նմանատիպ մեկ այլ ահազանգ էր ստացվել, որ ռումբ է դրված «Ռոսիա մոլ»-ում, «Մեգամոլ»-ում, «Տաշիր Պիցցա»-ում եւ «Զվարթնոց» օդանավակայանում:
Այս կեղծ ահազանգերի մասով Ազգային անվտանգության ծառայությունում քննություն է իրականացվում, եւ, ըստ նախնական վարկածի, Երեւանում կեղծ ահազանգերը հնչել են Ռուսաստանի Դաշնությունից: Ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնությունից ռուսական հեռախոսահամարով զանգահարել են եւ ռումբի մասին կեղծ հայտարարաություն են արել: Թե ով է այդ քաղաքացին, իրավապահները մինչ օրս չեն հայտնաբերել:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական եւ քաղաքացիական կարեւոր օբյեկտներում, առեւտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ դրանք կեղծ են:
Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այդ վարույթը կփոխանցվի ՀՀ ազգային անվտանգության ծառայություն դատախազության հանձնարարությամբ քննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացնելու համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաեւ վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները:
Դատախազությունն ընդգծված հետեւողականություն է դրսեւորելու իր իրավասության շրջանակներում վերջին ժամանակահատվածում հաճախակիացած այս կեղծ տեղեկությունների ներքին տրամաբանական կապերի, պատճառների պարզման, քրեաիրավական համարժեք գնահատականներ տալու, այդ կեղծ տեղեկությունները տարածողներին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:
Առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կներկայացնի այս դեպքերով իրականացվող քրեական վարույթների արդյունքների մասին տեղեկատվություն: Դատելով իրավիճակից՝ վերջին շրջանում ահազանգողները հայտնաբերված չեն:
Ք. Մ.
ԿԱՆՈՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՉԵՆ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին բռնկված հրդեհաշիջման եւ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են: Տեղի ունեցած խոշոր հրդեհն առաջացրել է բազմաթիվ հարցեր եւ կրկին ի հայտ բերել այն իրողությունը, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պահպանված չեն եղել անվտանգության նվազագույն կանոնները, որն էլ հանգեցրել է նման աղետալի իրավիճակի:
Վկայությունը, որ իսկապես պահպանված չեն եղել, հայտնաբերված բազմաթիվ խախտումներն են, որոնք մեկ տարվա մեջ այդպես էլ չեն վերացվել: Նկատենք, որ նախորդ տարի ապրիլին եւս «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել: Նման հրդեհ տեղի էր ունեցել նաեւ 2013 թվականի մարտի 1-ին:
Նախորդ տարի այրվել էին խաղալիքների եւ տնտեսական ապրանքների տաղավարներ գույքով՝ մոտ 2 հազար քմ տարածք: Հրդեհ բռնկված տարածքում եղել է 18 տաղավար եւ 4 պահեստային մաս: Այս հրդեհը ոչ միայն դաս չեղավ, այլ նաեւ որեւէ փոխհատուցում չեղավ, այնինչ հրդեհը պետք է ազդակ լիներ, որ այդպիսի վայրերում լինեն անվտանգության հստակ կանոններ կամ գոնե ապահովագրություն, որի դեպքում տնտեսվարողներն իրենց ավելի հանգիստ կզգան: Այս ամենի փոխարեն՝ ունենք մի իրավիճակ, որ անվտանգության նվազագույն կանոնները պահպանված չեն, եւ մեկ տարվա ընթացքում առեւտրի կենտրոնում ոչինչ չէր փոխվել:
Ն.Հ.
«ԿԱՆԵՓ-ԿԱԿԱՉ-2022»
Ոստիկանությունը ձեռնարկած միջոցառումների ընթացքում տնամերձ 43 հողամասից հայտնաբերել է կանեփի 5055 բույս։ «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացվել է 15830 կանեփի եւ 11 կգ կակաչի վայրաճ զանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Միջոցառումն իրականացվել է օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Տնամերձ 43 հողամասից հայտնաբերվել է կանեփի 5055 բույս:
«Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 1746 գրամ մարիխուանա, 2,67 գրամ մեթամֆետամին, 3,92 գրամ ալֆա PVP, 2361 գրամ կանեփ, 1,23 գրամ կոկաին եւ 0,8 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ»,- ասված է հաղորդագրությունում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 167 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, պահեստատուփ, 4 ատրճանակ, ինքնաձիգ եւ 2 հրացան: Հայտնաբերվել է 11 հետախուզվող: Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Գոռ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձին օժանդակել է Եվրասիական տնտեսական միության մաքսային եւ ՀՀ պետական սահմանով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգությամբ զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի տեղափոխմանը:
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն: Վերջինս կալանավորված է:
ԿԵՂԾ
Հովսեփ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մարտի 14-ին Երեւան քաղաքի Արշակունյաց պողտայի 23 հասցեում գործող ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երեւան քաղաքային մարմին է ներկայացրել պատսխանատվությունից ազատող «Արարատբանկ» ԲԲ ընկերության կեղծ անդորրագիր:
ՄԱՀԱՑԵԼ Է
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:20-ին, ոստիկանության կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի 35-ամյա բնակիչ Ի.Գ.-ի վարած «Մերսեդես Բենց» եւ Ստեփանակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Զ.Գ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները։ Պատահարի հետեւանքով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ուղեւոր Է. Մ.-ն , «Օպել աստրա» ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ Ա.Գ.-ն, Ա. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ցավոք, ուղեւորներից մեկը` Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակչուհի Դ.Խ.-ն, տեղում մահացել է:
ՇՈՐԹՈՒՄ
Օգոստոսի 13-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրացի 38-ամյա Աշոկ Մ.-ն, որը հունիսի 13-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սեքսուալ բնույթի տեսաձայնագրություններ տարածելու սպառնալիքի կամ շորթման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում գործուղման մեջ գտնվող ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել եւ օգոստոսի 13-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 24-ամյա Խաչիկ Տ.-ն, որը ապրիլի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա փոխանցվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին: