«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նախընտրական թեժ աժիոտաժ է Թալինում: Տեղի ընդդիմադիրները կարծում են, որ իշխանության սրտի թեկնածու, անցած ընտրություններին պարտված, բայց զոռբայությամբ համայնքապետի աթոռը զավթած Տավրոս Սափեյանի դեմ քաղաքական նոր կոմբինացիաներ է պետք գործադրել:
Մեր տեղեկություններով՝ նախկինների հետ ասոցացվող նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը չի պատրաստվում թեկնածություն առաջադրել։ Նա անցած ընտրությանը Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցության ցուցակն էր գլխավորում, սակայն մեր աղբյուրներն ասում են, թե դա չի նշանակում, որ նախկին թիմն իր թեկնածուն չի ունենալու եւ չի մասնակցելու։ Թեեւ դեռ հայտնի չէ, թե ով կլինի: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի քենակալ (բաջանաղ) Տիգրան Գրիգորյանի թեկնածության մասին են խոսում, կառաջադրվի՞ նա արդյոք ՀՅԴ ցուցակով, թե՞ այլ ուժով՝ դա էլ դեռ պարզ չէ: Քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի Թաթուլի նախկին գյուղապետ Ալբերտ Հարոյանը, ով ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի ազգականն է: Նորայր Նորիկյանի կուսակցությունն է հետաքրքրություններ դրսեւորում, «Ապրելու երկրի» ցուցակն էլ կգլխավորի անցած ընտրություններին «Հայք» կուսակցությամբ առաջադրված Դավիթ Մանուկյանը, ով ընդդիմադիր եռյակի քաղաքապետի միասնական թեկնածուն էր: Այլ անուններ էլ են շրջանառվում:
Մինչ ընդդիմադիրները վերադասավորվում են, իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին, երբեմնի ընդդիմադիրներին իր դաշտ բերել։ Նաեւ շատերին աշխատանք են խոստանում: Ասում են նաեւ, որ Սափեյանի հույսը Թալինին վերջերս միավորված Արագածավան համայնքն է՝ Արագած, Արտենի, Գետափ, Լուսակն համայնքներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում