Օգոստոսի 13-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը։ Մրցույթի գործընկերներից էր նաև Ֆիլիպ Մորրիսի PMI Science Գիտահետազոտական կենտրոնը, որը կարևորում է նման ծրագրերի առկայությունը եւ մշտապես աջակցում է դրանց։ PMI Science Գիտահետազոտական կենտրոնը ոչ միայն աջակցում է կրթական ծրագրերին, առաջարկում տարբեր գիտական աջակցման ծրագրեր, այլև Հայաստանում իրականացնում իր տեսակի մեջ եզակի ստարտափների ինկուբացիոն ծրագիր։
«Ձեռներեցության աշխարհի գավաթը» ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ Մրցույթի առաջին՝ ազգային փուլը, իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետև հաղթողները անցնում են մրցույթի միջազգային փուլ։ Միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցում է արդեն 2-րդ անգամ։
Միջոցառմանը ելույթով հանդես եկան Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Բրայան Ա․ Էլիսոնը, Համաշխարհային ձեռներեցության ցանցի նախագահ Ջոնաթան Օրթմանսը, ՀԱՀ-ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն Մայքլ Քուչակջյանը։ Հիմնական ելույթներից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Ինչպե՞ս արագացնել ստարտափ էկոհամակարգի հասունացման գործընթացը Հայաստանում»։
«Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը ուրախ է աջակցել «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլին, ինչը, հավատացած ենք, կնպաստի մեր երկրում գիտության, բիզնեսի, նորարարությունների ու տեխնոլոգիաների զարգացմանը։ Մրցույթին աջակցելը մեզ համար համարվում է շատ սկզբունքային, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում ենք ստարտափների համայնքի հետ և Հայաստանում իրականացնում իր տեսակի մեջ եզակի գիտական ինկուբացիոն ծրագիր։ Այս ծրագրի շրջանակում բացահայտում ենք խորը գիտական հիմք ունեցող ստարտափ ընկերություններ ու թիմեր և համագործակցում նրանց հետ» – նշում է Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնի նորարարությունների եւ համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը։
«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» ազգային փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 100 ստարտափ, որոնցից եզրափակիչ են անցել 12-ը: Միջոցառման շրջանակներում եզրափակիչ փուլ անցած ստարտափները ներկայացրին իրենց ծրագրերը, պատասխանեցին ժյուրիի անդամների հարցերին։
Մրցույթի վերջում ժյուրի անդամների քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչվեցին HopShop և Text’n Pay Me ստարտափները, որոնք հնարավորություն կունենան «Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու։ Ի դեպ, բացի պաշտոնական մրցանակից, որը կազմել է 20000 դոլար (հաղթած ստարտափներին առանձին-առանձին 10000-֊ական դոլար), թիմերը միջոցառման գործընկերներից ստացան նաև այլ նվերներ։
Ի դեպ, «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի շրջանակներում օգոստոսի 8-ին և 9-ին PMI Science գիտահետազոտական կենտրոնում տեղի էին ունեցել քննարկումներ մասնակիցների միջև։ Նրանք հնարավորություն էին ունեցել նաև լսելու օնլայն փորձագետների և բիզնես խորհրդատուների կարծիքները։
Հավելենք, որ 2 տարի անընդմեջ Հայաստանը հնարավորություն է ստանում հեղինակավոր այս մրցույթի միջազգային փուլին մեկի փոխարեն ներկայանալ երկու ստարտափով: