ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել.
Օգոստոսի 19-ին աշխարհում նշվում է Հումանիտար (մարդասիրական) օգնության միջազգային օրը (World Humanitarian Day):
Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003թ.-ի օգոստոսի 19-ին Իրաքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Այն ժամանակ 22 մարդ էր զոհվել, այդ թվում՝ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սերժիու Վիեյրա դի Մելլուն:
Ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ը անցկացնում է սոցիալական միջոցառումներ՝ ամբողջ աշխարհում մարդկանց ուշադրությունը մարդասիրական օգնության նկատմամբ՝ իբրև մեր կյանքի կարևորագույն և անբաժան մաս, գրավելու նպատակով: Օրինակ՝ 2015թ.-ին ՄԱԿ-ը նախաձեռնեց մի հետաքրքիր քարոզարշավ, որի շրջանակներում ցանկացած մարդ իր սոցիալական էջը հատկացնում էր որևէ մարդասիրական արարքի կամ հայտնի բարեգործի մասին պատմության համար: Քարոզարշավի կարգախոսն էր #SHAREHUMANITY (կիսվիր մարդասիրությամբ): Այսինքն՝ պատմիր բարության մասին հանուն խաղաղության հաստատման, կամ ինքդ սկսիր անել քո անձնական, թեկուզ և փոքր հերոսությունները:
Հայաստանում նման պատմությունները և հերոսները բազմաթիվ են, և՛ պատերազմը, և՛ վերջին աղետը վկայեցին, որ վտանգի ժամանակ մենք համախմբվում ենք, որ անընդհատ բարձրաձայնվող վատի կողքին լուռ, առանց պաթոսի կամավորները, փրկարարները ահռելի աշխատանք են կատարում, ուրիշները՝ օգնում տուժածներին և նրանց ընտանիքներին, և սա ամենօրյա աշխատանք է:
Թող իմ այս հրապարակումը առիթ դառնա, որ յուրաքանչյուրս մեր էջերում կամ այս հրապարակման մեկնաբանություններում կիսվենք մարդասիրական օգնության նման դեպքով՝ Ձեր կամ ուրիշների, և այս դժվար ժամանակներում մի քիչ ավելի լավը դարձնենք աշխարհը: