Արդեն երրորդ օրն է՝ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրել հայ – ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ, բայց Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի պարզաբանել՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Եթե ի վերջո որոշում ընդունվի, հայ – ադրբեջանական երեք անցակետերից մեկը, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախագծի համաձայն, շփման գծի անմիջապես հարևանությամբ՝ Նախիջևանին սահմանակից Երասխում կտեղադրվի։
Բացի այդ, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի եւ Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու:
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) էլ, իր հերթին, նույն այդ վայրերում նոր մաքսային կետեր ստեղծելու ու մաքսային հսկողության գոտիներ սահմանելու նախագծեր է շրջանառության մեջ դրել։
Ուշագրավ է, որ արդեն երրորդ օրն է խոսվում է այս նախագծերի մասին, սակայն ո՛չ սահմանազատում է իրականացվել, ո՛չ ապաշրջափակման պայմանավորվածության մասին հրապարակային հայտարարվել։
Այստեղ տեղին է հիշել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը` ասված օգոստոսի 4-ին, որով ադրբեջանցիներին հրավիրում էր մի քանի կետով Հայաստանի սահմանը հատել, ԱԱԾ ու ՊԵԿ ղեկավարներին էլ տալիս հանձնարարական՝ ապահովել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Չնայած վարչապետը մի քանի ուղղություն էր նշում, որոնք ադրբեջանցիները կարող են հատել, բայց անցակետեր միայն Սոթքում, Երասխում ու Գորիսին մոտ գտնվող Քարահունջում են նախատեսվում:
Հայաստանի պաշտոնյաներից որևէ մեկն առայժմ մանրամասներ չի հայտնել այս նախագծի մասին։
Մանրամասները` տեսանյութում