ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների հիշատակը:

 

«Ի հիշատակ 2020 թվականի օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների՝ իմ որոշմամբ՝ 2022 թվականի 17-ից 18-ը սուգ է հայտարարված Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով՝ մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան 2 անհետ կորածներ:

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որեւէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետեւ տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»,- կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրունում տեղի ունեցած պայթյունի հնարավոր պատճառներին՝ ասաց վարչապետ Նիկոլ  Փաշինյանը։

«Բացի այդ, վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է ահաբեկչության հանգամանքը։ Նման դեպքից հետո առաջին հարցը, որ ինձ մոտ ծագում է, այն է, թե ինչ չենք արել, որպեսզի կարողանայինք բացառել նման զարգացումը։ Դեռեւս 2020 թ.-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին հավաքել տեղեկատվություն բոլոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ  իրերի հետ։ Դեպքից հետո հաշվետություն եմ ստացել հանձնարարականի վերաբերյալ։ Այս պահի դրությամբ գիտենք, որ առեւտրի կենտրոնում հրդեհային  եւ տեխնիկական տեսչական մարմինը կատարել է ստուգումներ, ենթադրում եմ, որ այդ հանձնարարականի շրջանակներում եւ արձանագրել խախտումներ»,- ասաց Փաշինյանը։ Վերջինս հանձնարարական տվեց ՊՎԾ պետին՝ ուսումնասիրություն իրականացնել եւ զեկուցել, թե ինչպես է կատարվել իր տված հանձնարարականը։ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւս  անդրադարձավ պայթյունի հնարավոր պատճառներին՝ նշելով, որ  քրեական գործում առկա ապացույցները վկայում են, որ գործ ունենք անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության հետ։

2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է հավաքել տեղեկատվություն բոլոր հնարավոր այն օբյեկտների մասին, որոնք ունեն պայթյունավտանգ նյութեր: Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ինքը փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ:

«Տեղեկատվությունը ամփոփվում է: Նաեւ պետք է հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն եւ զեկուցի, թե իմ հանձնարարականը ինչպես է կատարվել»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում համապատասխան տեսչական մարմինը 2021 թվականի գարնանը կատարել է ստուգումներ եւ արձանագրել խախտումներ:

«Այս տեղեկությունը հայտնի է, բայց, ամեն դեպքում, ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Այդ հանձնարարականը ժամկետով սահմանափակված չի եղել: Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,- ասաց վարչապետը:

Վարչապետը շեշտեց, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը  եւ օգտագործումը պետք է իրականացվի միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից. «Այսինքն՝ ազատ վաճառքը պետք է արգելվի։ Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն պիտի չլինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով»։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ

Զոհված երկու զինծառայողի դեպքում պարգեւավճարի չափը կսահմանվի կրկնակի։ Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պարգեւավճարի իրավունք նախատեսել նաեւ աշխատանքային կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող ՀՀ պաշտպանության մասնակիցների համար:

 

Մեզ հայտնի դարձավ, որ սոցիալական երաշխիքների առանձնահատկություն կսահմանվի այն ընտանիքների համար, որտեղ կան զոհված երկու զինծառայող՝ երկու ծնող, երկու զավակ, ամուսին եւ զավակ, ծնող եւ զավակ, ծնող եւ ամուսին։

Պարգեւավճարի իրավունք կունենան զոհված զինծառայողների ընտանիքները ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին կհատկացվի 250 հազար դրամ: ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքը կստանա 150 հազար դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքը կստանա 100 հազար դրամ:

Ի դեպ, ըստ Պաշտպանության նախարարության՝ 15 ընտանիքում զոհված երկու զինծառայողի համար պարգեւավճարների չափերն ավելացնելու դեպքում հարկ կլինի լրացուցիչ հատկացնել ամսական 465 հազար դրամ կամ տարեկան 5 մլն 580 հազար դրամ, ինչը կֆինանսավորվի սոցիալական ապահովության ոլորտին հատկացված միջոցների հաշվին։

Ս. Հ.

 

 

 

7 ՈՒՍՈՒՑՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ

Lուսինե Հովհաննիսյանը շուրջ  մեկ տարի զբաղեցնում է Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը։ Նա հուլիսի 1-ին  աշխատանքից ազատել է  դպրոցի  բազմավաստակ 7 մանկավարժների՝ պատճաբանելով, որ նրանք կենսաթոշակային տարիքի են,  մինչդեռ   կենսաթոշակային տարիքի ուսուցիչներին աշխատանքից ազատելու  օրենք, իմպերատիվ պահանջ չկա։ Դպրոցի տնօրենը աշխատանքից ազատված ուսուցիչներին հորդորել է աշխատանքից ազատման դիմումներ   գրել, սակայն 7-ից  միայն  2-ն են դիմում գրել, եւ դրա հետեւանքով նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է։ Աշխատանքից ազատված  աշխատակիցներն  ասում են, որ տնօրենը  կենսաթոշակային տարիքի  ուսուցիչներին աշխատանքի ազատելիս  գործել է առանց սկզբունքի, խտրական ձեւով, թիվ 2 հիմնական դպրոցում աշխատանքից չեն ազատվել կենսաթոշակային  տարիքի այլ ուսուցիչներ, որոնք նոր ուսումնական տարում կդասավանդեն։ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցից հայտնեցին, որ այդ  դպրոցում անցած ուսումնական տարում անօրինական կերպով գործել է  բուֆետ, որպես բուֆետապան աշխատել է  դպրոցի պահակը, վերադասից  աշխատող  ժամանելու դեպքում բուֆետը հապշտապ փակել են։   Դպրոցի կենսաթոշակառու ուսուցիչներից մեկին աշխատանքից ազատելիս դպրոցի տնօրենը  նրան  ասել է, որ նրա մասնագիտական կարողությունները թույլ են, բողոքներ կան նրա   աշխատանքի որակի  վերաբերյալ։  Անահիտ Ամիրաղյանը 1993թ.-ից, 29 տարի   աշխատել է որպես Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի ուսմասվար, Լ. Հովհաննիսյանը նրան հուլիսի 1-ին ազատել է այդ հաստիքից։ Ա. Ամիրաղյանը հայտնեց, որ ուսմասվարի  հաստիքից ազատելը  դպրոցի տնօրենի հայեցողությունն է, սակայն նա   իրեն  պաշտոնից  ազատել է պայմանագրի ժամկետը լրանալուց  առաջ՝ հուլիսի 1-ին։  Տեխնոլոգիայի, գծագրության եւ նկարչության ուսուցչուհի Արեւ Բեջանյանին տնօրենն  աշխատանքից ազատել է պայմանագրի ժամկետը լրանալուց ավելի վաղ՝ հունիսի 30-ի հրամանով, սակայն այդ մասին Ա. Բեջանյանին օրենքով սահմանված կարգով չի ծանուցել։ Վերջինս  այդ մասին պատահական կերպով է իմացել, երբ ուսուցիչների մեթոդական միավորման  ֆեյսբուքյան  խմբից հեռացված է տեսել իր անունը։ Ա. Բեջայանը  կարծում է, որ  դպրոցի տնօրենն  աշխատանքից ազատելու  մասին սահմանված կարգով իրեն  չի հայտնել, որպեսզի  սպառվի  տնօրենի հրամանը բողոքարկելու  համար  օրենքով սահմանված ժամկետը։ Ա. Բեջանյանը  փաստաբան ունի, դատական  կարգով վիճարկելու է  իրեն աշխատանքից ազատելու մասին  դպրոցի տնօրենի  հրամանի օրինաչափությունը

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս